Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երևանում տեղի ունեցավ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությունը, որի գաղափարը պատկանում է 100 LIVES նախաձեռնությանը:
«Ավրորա» մրցանակը հիմնվել է որպես երախտագիտության նշան: Հարյուր տարի առաջ տարբեր անհատներ ու մարդասիրական կազմակերպություններ, վտանգելով սեփական կյանքը, կոտորածներից փրկեցին հազարավոր հայերի։ Նույն գործը շատերը անում են նաև հիմա՝ մեր մոլորակի տարբեր անկյուններում անձնվիրությամբ ու խոնարհումով փրկելով, սատարելով ու ոգեշնչվելով դաժան հանգամանքներում հայտնված մարդկանց:
«Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն, որը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում տասնյակ հազարավոր երեխաների կյանքեր է փրկել: Նա ստացավ խոշոր դրամական պարգև ու նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն: 1 մլն ամերիկյան դոլարը նա կփոխանցի այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք ունեն դրա կարիքը:
100 LIVES նախաձեռնությունը սահմանել է նաև «Սկզբունքային լրագրություն» հատուկ մրցանակը, որը շնորհվելու է մարդկության դեմ գործած ոճիրները բացահայտող ու բացառիկ նվիրումով աշխատող լրագրողներին:
«Սկզբունքային լրագրություն» մրցանակն արժևորում է թեժ և հումանիտար ճգնաժամային իրավիճակներից փոխանցվող լրատվությունը: Երբ վտանգի մեջ գտնվող մարդկանց ծանր կացությունը լուսաբանելու գործում անհրաժեշտ է ցուցաբերել բացառիկ խիզախություն ու հետևողականություն:
Այս մրցանակը 100 LIVES նախաձեռնությունը շնորհում է Լրագրողների միջազգային կենտրոնի (International Center for Journalists) հետ համատեղ:
Եվ առաջին մրցանակակիր դարձավ The New York Times-ի միջազգային թղթակից, Պուլիտցերյան մրցանակակիր, ծագումով ռումինացի Ռուկմինի Կալիմակին, ով բացահայտել է թրաֆիքինգի բազմաթիվ օրինակներ (Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումն ու կապը շվեյցարական բանկերի հետ, ԻԼԻՊ-ի սեռական ստրկության դեպքերը, Մալիի ու Կոտ Դ՛իվուարի ապստամբների կողմից իրականացվող կոտորածները):
27/ With my fabulous @ICFJ colleagues Joyce Barnathan and Vjollca Shtylla pic.twitter.com/RplXQIZIJK
— Rukmini Callimachi (@rcallimachi) April 24, 2016
ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը, Երևանում հանձնելով մրցանակը, ասաց, որ տարբեր լրագրողական հետաքննական նախագծերում ընդգրկված լրագրողներն ամեն օր ապացուցում են, որ լավ լրագրությունն ավելի լավն է դարձնում կյանքը` լուսավորում է մթությունը, ձայնի իրավունք տալիս ձայնազուրկներին և ոգեշնչում մյուսներին՝ գործել հանուն մարդասիրության ու մարդկային կյանքերի փրկության:
«Ռուկմինի Կալիմակիի գործը հույս է ներշնչում, որ զոհերն, ի վերջո, լսված ու պաշտպանված կլինեն»,- ասաց նա։
Բեմ բարձրանալով` Ռուկմինի Կալիմակին ասաց, որ լրագրողը երբեք գիտակցաբար չի որոշում ինքն իրեն վտանգի ենթարկել, պարզապես իր գործն է անում.
«Իմ կարծիքով՝ լրագրությունն այն առաջնագիծն է, որը պաշտպանում է բարբարոսությունից: Լրագրողներն են, որ հաճախ առաջինն են հայտնվում վայրագությունների դեպքի վայրում: Իհարկե, մեր պատմությունները ոչ միշտ են ամբողջությամբ պատկերում դաժանությունները, բայց դրանք կարող են օգնել արթնացնել աշխարհի գիտակցությունը և դրանով նվազեցնել հանցագործությունների թիվը»:
100 LIVES նախաձեռնության ու «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «Լրագրությունն այն հզոր գործիքներից է, որը լույս է սփռում ու մեղմացնում է մարդկային տառապանքները»:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: