«Արցախի լրատվամիջոցներն ավելի շատ մարդկային ռեսուրսի՝ մոբիլ աշխատող լրագրողների կարիք ունեն, իսկ լրագրողները՝ պատերազմական գոտում աշխատելու գիտելիքի»,- Karabakh-open.info կայքի խմբագիր Անահիտ Դանիելյանը Media.am-ին Ստեփանակերտից տված կարճ հարցազրույցում պատմեց, որ, օրինակ, լինում են դեպքեր, երբ լրագրողներն առաջնագիծ են գնում զինվորական հագուստով կամ առանց տարբերանշանի, որ իրենք լրագրող են:
«Ոչ, բարեբախտաբար, այս անգամ միջադեպեր չեղան՝ գիտելիքի պակասի պատճառով… Համենայնդեպս, ես տեղյակ չեմ որևէ նման դեպքից»:
(Պատերազմական գոտում աշխատելիս զինվորական համազգեստ հագած լրագրողը կարող է հակառակորդի թիրախում հայտնվել, ինչպես նաև չդիտվել քաղաքացիական անձ: Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները վերջերս հայտարարություն տարածեցին՝ լրագրողներին հորդորելով առաջնագծում զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող հագուստ կրելուց):
Քառօրյա զինված բախումների օրերին Հայաստանում ավելի պակաս լսելի էին Արցախի լրագրողների ձայները, քան Հայաստանից այնտեղ մեկնածներինը: Իսկ տեղու՞մ: Անահիտ Դանիելյանի վկայությամբ՝ «Մեզ մոտ հատկապես ակտիվորեն աշխատում էր մեր հանրային հեռուստատեսությունը, և մարդիկ այստեղ, բնականաբար, հետեւում էին նրա լուրերին ու ռեպորտաժներին, քանի որ մինչեւ հիմա ամենամեծ լսարանն ունի: Թեժ կետերում աշխատում էին հեռուստատեսության թղթակիցներ Նորայր Հովսեփյանը, Սամվել Բալայանը, Գենադի Երեմյանը…
Եվ, ունենալով մարդկային, նյութական համեմատաբար ավելի շատ ռեսուրսներ, քան տեղական մյուս լրատվամիջոցները, մեր միակ հեռուստատեսությունը կարողացավ ապահովել տարբեր ուղղություններից լուսաբանումը: Համեմատաբար ակտիվ էին «Արցախպրեսը» և «Կավկազսկի ուզել» գործակալության Արցախի թղթակից Ալվարդ Գրիգորյանը: Մեր հանրային ռադիոյին չեմ հետևել, բայց մյուս լրատվամիջոցներն այնքան էլ ակտիվ չէին պատերազմական գոտում իրավիճակը լուսաբանելու գործում»:
Անահիտ Դանիելյանը պատմեց նաև, որ եթե տղամարդ լրագրողներից ոմանք առաջնագծից էին ռեպորտաժներ բերում, ապա կին լրագրողները Ստեփանակերտում ապահովում էին մարտական գործողությունների հետեւանքներին առնչվող՝ թիկունքի լուրերը:
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: