Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհրդատվական որոշում է կայացրել երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ:
Առիթը shamshyan.com կայքում փետրվարի 28-ի «Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» հրապարակումն է, որում նշվել էին «ինքնասպանության փորձ արած» անչափահաս երեխաների անուն-ազգանունները և տարիքը, ինչպես նաև տեղադրվել էին երեխաների լուսանկարները, որոնցում հստակ երևում էր նրանց դեմքը` խոշոր պլանով:
Նյութը վերահրապարակել էին մի շարք կայքեր` նույնությամբ արտատպելով երեխաների անձնական տվյալները:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշման համաձայն՝ երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, պարտավոր են՝
- անձնական տվյալները հրապարակայնացնել միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով,
- երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը և այլն),
- երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարևոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:
Գործակալությունն ակնկալում է, որ երեխաների անձնական տվյալներն ու լուսանկարները հրապարակած լրատվամիջոցները կապանձնավորեն կամ կհեռացնեն դրանք՝ ընթերցողներին բացատրելով այդ քայլի պատճառները:
«Այս որոշումը խոհրդատվական բնույթի է, իրավական կամ պարտադիր ուժ չունի: Մենք իրազեկում ենք միջազգային լավագույն փորձի մասին: Սա այն ձևն է, որով խորհրդատվությունը հասցնում ենք հասարակությանը, առնչվող բոլոր կողմերին: Սակայն ունենք նաև որոշումներ, որոնք վարչական վարույթների շրջանակում են կայացվում և պարտադիր են կողմերի համար: Սակայն մեր խնդիրն ամենևին պատժելը, խիստ վերաբերմունքին արժանացնելը չէ, այլ խորհուրդ տալը»,- ասում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:*
Ավելի վաղ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել էր Shamshyan.com կայքի հրապարակումը և եզրակացրել էր, որ կայքը լրագրողական էթիկայի խախտում է թույլ տվել` հրապարակելով գիշերօթիկ հաստատությունում երկու անչափահաս երեխաների` «ինքնասպանության փորձ անելու» մասին նյութը: Դիտորդ մարմնի որոշման համաձայն` shamshyan.com-ի հրապարակումն իր նախնական տարբերակով խախտում է երեխաների մասին նյութեր հրապարակելու համընդհանուր սկզբունքները և հակասում է է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքներին:
Դիտորդ մարմինը կոչ է արել հետագայում նման հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել ընդունված էթիկական չափանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքի և երեխաների իրավունքների պաշտպանության միջև:
*24.03.2016-ին հետևյալ նախադասությունը հեռացվել է նյութից՝ «Նրա խոսքով՝ եթե խորհդատվական որոշումները համառորեն սկսեն անտեսվել, հնարավոր է որոշում կայացվի վարչական վարույթ հարուցելու մասին, որի հետեւանքով լրատվամիջոցները կարող են տուգանվել», քանի որ վարչական վարույթը չի տարածվում լրատվամիջոցների վրա:
Աննա Բարսեղյան
Լուսանկարը՝ Prawny-ի (որոշ իրավունքներ պաշտպանված են)
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: