Shamshyan.com կայքը լրագրողական էթիկայի խախտում է թույլ տվել` հրապարակելով գիշերօթիկ հաստատությունում երկու անչափահաս երեխաների` «ինքնասպանության փորձ անելու» մասին նյութը: Նման եզրակացության է եկել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը: Դիտորդ մարմնի որոշման համաձայն` shamshyan.com կայքի փետրվարի 28-ի հրապարակումն իր նախնական տարբերակով խախտում է երեխաների մասին նյութեր հրապարակելու համընդհանուր սկզբունքները և հակասում է է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքներին:
Դիտորդ մարմինը հղում է արել Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 4.3 կետին, ըստ որի, պետք է «առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս»:
Փետրվարի 28-ին Shamshayn.com կայքը հրապարակել է «Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերնագրով նյութ, որում նշվել էին «ինքնասպանության փորձ արած» անչափահաս երեխաների անուն-ազգանունները և տարիքը: Նյութին կցված էին նաև երեխաների լուսանկարները, որոնցում հստակ երևում էր նրանց դեմքը` խոշոր պլանով: Նյութը վերահրապարակել էին մի շարք կայքեր` նույնությամբ արտատպելով երեխաների անձնական տվյալները:
Երեխաների պաշտպանության ցանցը, որը միավորում է 39 հասարակական կազմակերպություն, հայտարարություն էր տարածել, որով լրատվամիջոցներին կոչ էր անում երեխաների մասին նյութեր պատրաստելիս հաշվի առնել ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները և լրագրողական էթիկայի կանոնները:
«Անչափահաս անձանց առնչվող դեպքերը լուսաբանելիս պետք է լիովին հարգել անչափահասի՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը» ,- նշված է հայտարարության մեջ, որը նաև հիշեցնում է, որ չպետք է հրապարակվի որևէ տեղեկություն, որը կարող է բացահայտել անչափահասի ինքնությունը՝ այնպիսի բացասական հանգամանքների համատեքստում, ինչպիսիք կարող են պիտակավորման ազդեցություն ունենալ, ինչպես նաև խոչընդոտել անչափահասի կրթության մատչելիության, անվտանգության և այլ իրավունքների իրականացմանը: Երեխային առնչվող հարց լուսաբանելիս լրագրողը պետք է առաջնորդվի երեխայի առաջնային շահով և նրա արժանապատվությունը չխախտելու սկզբունքով. հիշեցրել են հայտարարության հեղինակները:
Երեխաների պաշտպանության ցանցի ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանի խոսքով` այդ հրապարակումներով խախտվել է երեխաների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
«Երեխաները խոցելի խումբ են, և նրանց վերաբերյալ լուսաբանումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով նրանց իրական շահերը: Երեխաների անուն, ազգանուններ հրապարակելը, նկարներ տեղադրելը, որտեղ պարզ երևում են նրանց դեմքերը, կարող են վնաս պատճառել երեխաներին, պիտակավորել նրանց, մեկուսացնել հասակակիցներից և հասարակությունից»,- ասում է Տաթևիկ Ղարիբյանը:
Երեխաների պաշտպանության ցանցի տարածած հայտարարությունից հետո կայքերը հեռացրել էին անչափահասների անձնական տվյալները:
Դիտորդ մարմինը կոչ է անում հետագայում նման հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել ընդունված էթիկական չափանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքի և երեխաների իրավունքների պաշտպանության միջև:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: