2016.03.04,

Նյուսրում

«ԶԼՄ-ների ազատության չարաշահում չի թույլատրվում». ԸՕ նոր նախագծում լրատվամիջոցներին վերաբերող դրույթները

«Նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը». սա մեջբերում էր ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծից, որի տեքստը տեղադրված է կառավարության պաշտոնական՝ e-gov.am կայքում:

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե որն է լրատվամիջոցների «ազատության չարաշահումը», ինչպե՞ս է որոշվելու այդ «չարաշահումը», ո՞վ է որոշելու, և ի՞նչ պատասխանատվություն է կիրառվելու «ազատությունը չարաշահող» ԶԼՄ-ի դեմ. այս հարցերի պատասխաններն առաջիկայում Media.am-ը կփորձի ստանալ թե՛ նախագծի հեղինակներից, թե՛ մեդիա փորձագետներից:

Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռևս քննարկման ու հաստատման պետք է դրվի Ազգային Ժողովում: Այս օրենսգրքի բոլոր դրույթներն են ընտրություն լուսաբանող լրագրողի իմացության համար շատ կարևոր, բայց այս անգամ նախագծից առանձնացնենք միայն այն հատվածները, որոնք վերաբերում են լրատվամիջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հոդվածներն առնչվում են Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հարաբերություններին՝ թեկնածուների հետ:

Հոդված 20.
Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

6.    Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:

7.    Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:

8.    Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:

12.    Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

13. Նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը:

Հոդված 22.
Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

1.    Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝ որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում է ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը՝ բացառությամբ սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

2.    Նախընտրական քարոզչության ընթացքում պետական և համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների հետ աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:

3.    Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
Արգելվում է քվեարկության նախորդ oրը, ինչպես նաև քվեարկության oրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուuակցությունների վերաբերյալ uոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:

Հոդված 32.
Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1.    Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`

1)    ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում:

2)    կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների, քվեարկության ծրարների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

3)    անարգել ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովում գտնվող քվեաթերթիկների նմուշներին՝ ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին: Չմիջամտելով և չխաթարելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների, քվեարկության կտրոնների): Տեղամասային ընտրական հանձնաժողովում քաղվածքները կատարվում են լուսանկարահանման միջոցով.
Ցուցակները չեն կարող լուսանկարահանվել և տեսանկարահանվել:
Ցուցակներին ծանոթանալու դիմու կարող է ներկայացնել այն դիտորդը, որը քվեարկության օրը ներկա է գտնվել համապատասխան տեղամասում:

4)    ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների ու քվեատուփի դիտարկման համար.

5)    հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

3.    Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ:

4.    Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են հանձնաժողովի գրանցամատյանում գրանցվել հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար:

5.    Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց՝ բացառությամբ նրանց կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքերի:
    Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:

6.    Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են պահպանել սույն օրենսգրքի պահանջները:

Հոդված 33.
Վստահված անձի կարգավիճակը

1.    Ընտրություններին մասնակցող կուսակցությունները ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:

Հոդված 65.
Քվեարկության սկիզբը, կարգը

5.    Քվեարկության սենյակում, ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները: Թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար:

7.    Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Եթե տեղամասում ներկա են առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ապա նոր դիտորդները և զանգվածային լրատվության ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հերթագրվում են և մուտք գործում տեղամաս՝ հերթին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի կարճ ժամանակով թույլատրելու սահմանված թիվը գերազանցող դիտորդների և զանգվածային լրատվության ներկայացուցիչների ներկայություն, եթե դա չի խաթարի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *