2016.03.03,

Նյուսրում

Հայաստանյան մեդիան անվտանգության թեմաներին փոքր տեղ է տալիս. «Ռեգիոն»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային Հայաստանի լրատվամիջոցները հատկացրել են մեկ ամբողջ ամսվա լրահոսի 3 տոկոսը. (ուսումնասիրվել են 15 լրատվամիջոցների անդրադարձները 2015թ. հունիս ամսվա ընթացքում):

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Արտաքին անվտանգության և սպառնալիքների դիսկուրսը Հայաստանի մեդիայում 2016թ. նախօրեին» ուսումնասիրության արդյունքը ( հայերեն և ռուսերեն): Զեկույցի հեղինակ և Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Ղարաբաղի հակամարտության թեմայի լուսաբանման սակավադեպության այսպիսի համեմատություն է նշել. «Մոտավորապես այնքան, որքան այլ երկրների (…) մասին նյութերում վեր հանված մշակութային, հայկական սփյուռքի գործունեության (…) թեմաներն են եղել»:

Ըստ նույն աղբյուրի, անվտանգության և սպառնալիքների թեման Հայաստանում պատրաստված լուրերի մեջ ընդամենը չորրորդ հորիզոնականում է: Եվ ամենից հաճախ լուսաբանված օտար երկրների շարքի առաջին հորիզոնականներում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ադրբեջանը և Թուրքիան:

«Դրանցից միայն Ռուսաստանն ու Ադրբեջանն են, որոնք մյուսներից ավելի շատ են դիտարկվել Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- նշել է զեկույցի հեղինակը՝ արձանագրելով, որ իրենց կատարած տարբեր դիտարկումներ ցույց են տվել՝ միջազգային ահաբեկչությունը, ռուս-արևմտյան, ռուս-ուկրաինական լարվածությունը, Սիրիայի պատերազմը, որպես անվտանգության սպառնալիքներ, միայն միջին կամ փոքր ծավալի արտահայտություն են գտել հայաստանյան հանրային դիսկուրսում:

Օրերս հրապարակված այս հետազոտությունն անցկացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի՝ «Անվտանգության քաղաքականության քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *