2016.02.22,

Նյուսրում

Լրագրողական համայնքը պահանջել է պատժել Մհեր Սեդրակյանին

Տասը լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել փետրվարի 19-ին լրագրողների հետ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի ունեցած միջադեպի մասին։

Կազմակերպությունները «Հանրապետական խմբակցությունից, ինչպես նաև Ազգային Ժողովի նախագահից պահանջում են «հրապարակավ դատապարտել այս պատգամավորի վարքը, ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներից, ում վիրավորանք է հասցվել, և երաշխիք տալ, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի»:

Հայտարարությունը ստորագրած լրագրողական կազմակերպությունները միաժամանակ Հանրապետական կուսակցության ղեկավարությունից պահանջում են քննարկել իրենց կուսակցի հարցն ու պատասխանատվության ենթարկել Մհեր Սեդրակյանին՝ հորդորելով ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Ազգային ժողովի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը Media.am-ին հայտնեց, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքն այս հայտարարությանը կլինի այն ժամանակ, երբ նա վերադառնա աշխատանքի: Ինչպես ավելի վաղ  հաղորդվել է, Գալուստ Սահակյանն առողջական խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Media.am-ին հեռախոսով հայտնեց, որ վաղը մինչև Ազգային ժողովի նիստի սկիզբն իր մոտ է հրավիրել խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ պարզելու լրագրողների հետ խորհրդարանում փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

Իսկ մինչ այդ նրա փոխանցելիքն է՝ «մենք միշտ էլ դատապարտում ենք նման երևույթները և լրագրողներին ու պատգամավորներին կոչ ենք անում երկուստեք ձեռնպահ մնալ այդպիսի վերաբերմունքից»:

Հիշեցմանը, որ այստեղ կոնկրետ պատգամավորի դեպք է, իսկ լրագրողական կազմակերպությունների պահանջը՝ շատ հստակ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ կարձագանքի միայն Սեդրակյանի հետ զրույցից հետո:  

Խորհրդարանում հավատարմագրված մի շարք լրագրողներ վկայում են, որ Մհեր Սեդրակյանը փետրվարի 19-ին խորհրդարանի միջանցքում իրենց տեսնելով ասել է՝ էս ի՞նչ նախիր ա, ապա վիրավորանքի համար սրտնեղած լրագրողին կանչել «առանձին զրույցի», լրագրողներին բաժանել «նորմալների» և « աննորմալների»: Ոչ միայն. 1in.am-ի այս տեսագրության 30-րդ վայրկյանին լսվում է, թե ինչպես է նույն պատգամավորը կոպիտ հայհոյանք հնչեցնում լրագրողների ներկայությամբ:

Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը պահանջում է, որպեսզի պատգամավորը հարգի հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերի բոլոր այն անձանց, որոնց հետ շփվում է պատգամավորական լիազորություններն իրականացնելիս:  

Միջադեպի առիթով փետրվարի 22-ին արած իրենց հայտարարությունը Հայաստանում գործող լրագրողական 10 կազմակերպությունները եզրափակում են.

«Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության և իշխանության տարբեր  օղակների  համար նորմ է Մհեր Սեդրակյանի և նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել՝ ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, որոնք պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները՝ դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում»։

Ռուզան Խաչատրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *