«Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող Կիմա Եղիազարյանին ազատել են աշխատանքից, ինչպես լրագրողն է նշում՝ իր ֆեյսբուքյան գրառումների պատճառով: Լրագրողը մարտի 30-ին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ինձ ազատեցին աշխատանքից: 10 րոպեում: Պատճառը ՖԲ-ի իմ ստատուսներն ու մեկնաբանություններն են: Համարձակվել եմ սեփական կարծիք արտահայտել: Պատկերացնու՞մ եք»:
«Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ին մեկնաբանել է լրագրողին աշխատանքից ազատելը՝ «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը եւ նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաեւ լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: Էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»:
Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողի վարքագիծը սոցիալական մեդիայում. մեկնաբանում են «Մեդիամաքսի» եւ «Առավոտի» խմբագիրները:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի խմբագիր
Ինձ, օրինակ, չի հուզում, թե ինչ են «Առավոտի» լրագրողները գրում Ֆեյսբուքում, ինչին է դա հակասում կամ ինչին է համընկնում, իրենց անձնական գործն է:
Նրանք ոչ միայն սոցցանցում, այլեւ «Առավոտում» կարող են գրել իրենց կարծիքը, միայն թե թերթում դա չպիտի լինի ռեպորտաժի, հարցազրույցի մեջ: Մեկնաբանության մեջ՝ խնդրեմ:
Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե ինչ հիմնավորմամբ է լրագրողն ազատվել աշխատանքից, բայց եթե դիտարկենք ժուռնալիստական էթիկայի տեսակետից եւ վերցնենք միջազգային փորձը, ապա պետք է նշեմ, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցները եւս չեն քաջալերում իրենց լրագրողներին, երբ նրանք իրենց քաղաքական ուղղվածությանը հակասող մեկնաբանություններ են թողնում սոցիալական ցանցերում կամ այլ լրատվամիջոցներում:
Նույնիսկ հայտնի են դեպքեր, երբ աշխատանքից ազատել են այն լրագրողներին, ովքեր ոչ աշխատանքային ժամերին, շաբաթ-կիրակի, ասենք, գնացել մասնակցել են միտինգի կամ ինչ-որ միջոցառման:
Լրատվամիջոցի փաստարկը եղել է այն, որ եթե մարդ գրում է մի թեմայով եւ հետո գնում մասնակցում է այդ միջոցառմանը, ապա հետագայում չի կարող օբյեկտիվ լինել այն իրադարձության հանդեպ, որը նա լուսաբանում է:
Այս պարագայում եւս որոշակի հակասություն կա գործողությունների մեջ, որոնք լրագրողն ի պաշտոնե կատարում է թերթում, եւ այն մեկնաբանությունների, որոնք նա թողնում է ֆեյսբուքյան էջում, որովհետեւ նրա ընթերցողները կարող են չհասկանալ՝ արդյոք լրագրողն արտահայտում է լրատվամիջոցի՞ պաշտոնական դիրքորոշումը, թե՞ դա միայն իր անձնական տեսակետն է, որը որեւէ կերպ չի համապատասխանում լրատվամիջոցի տեսակետին:
Այն դեպքում, երբ լրագրողը չի կիսում լրատվամիջոցի քաղաքականությունը, ուղղվածությունը, տեսակետները, նախընտրելի տարբերակ է, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնի եւ տեղափոխվի մեկ այլ լրատվամիջոց, որի տեսակետներն իրեն հոգեհարազատ են:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: