«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման պատճառները, դրանց հիմնավորվածությունը, ինչպես նաեւ այդ օրերին մեդիաների աշխատանքը քննարկեցին լրագրողներն ու իրավապաշտպանները: Դեպքը մեկնաբանում են նաեւ բանաստեղծները:
Մարինե Պետրոսյան
բանաստեղծ
Հայկի կալանավորման պատմության մեջ անհասկանալի հանգամանք կա։ Բոլորս էլ գիտեինք, որ մեր ոստիկանությունը պրոֆեսիոնալիզմով չէր փայլում, բայց մի՞թե տարրական խելք էլ չուներ հասկանալու համար, որ, էս ձեւով «Հայկական ժամանակի» լրագրողի հետ վարվելով, արդյունքում խայտառակվելու է` ոստիկանությունն ընդհանրապես, եւ Վովա Գասպարյանը` մասնավորապես։ Հայկի կալանավորման վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությունը եւ տեսահոլովակը ցույց տվեցին, որ էս կառույցն աշխատում ա անգրագետ ու ոչ ադեկվատ։
«Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը հակառակը՝ ցույց տվեց, որ աշխատում ա գրագետ ու հմուտ ձեւով։ Լրագրողական հանրությունն էլ ցույց տվեց, որ դարձել ա գործոն, որի հետ հաշվի են նստում։ Եվ հենց լրագրողական ակտիվության արդյունքում էր, որ Հայկը կալանքից ազատվեց։ Ի վերջո, ինչ էլ լիներ էս պատմության բուն շարժառիթը, արդյունքները դրական են։
Վահե Արսեն
բանաստեղծ
Շատ դժվար է օբյեկտիվ լինել այս հարցում, որովհետեւ ինֆորմացված չենք, եւ յուրաքանչյուր կողմն ինֆորմացիան ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Երկու կողմից էլ լսում ենք լիովին իրարամերժ բաներ: Լրատվամիջոցներն էլ դարձել են ինչ-որ գործիք՝ յուրքանչյուր կողմ ինքն իր ճշմարտությունը ներկայացնում է: Առհասարակ լրագրողի կալանավորմանը սովորական եմ վերաբերվում, քանզի կարծում եմ, որ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ նրանից դա կլինի նախարար, թե լրագրող, իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ: Եվ շատ եմ ցավում ու նույնիսկ չեմ էլ ուզում հավատալ, որ ստալինյան ժամանակվա ռեպրեսիաները հնարավոր են նաեւ այսօր: Ոստիկանությունում վերջին փոփոխություններից հետո այնքան դրական արձագանք կա ոստիկանապետի հետ կապված, որ կարծում եմ՝ նման բիծ նրան բացարձակապես ձեռնտու չէր:
Ես չեմ վիճարկում որեւէ մեկի ճշմարտությունը, պարզապես, տրամաբանորեն վերլուծելով, մտածում եմ, որ այս աղմուկը ոստիկանապետին հաստատ պետք չէր:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: