«Արմենիա TV»-ի եթերում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսական հեռուստախաղի հայկական տարբերակը հեռարձակվում է ռուսերեն լեզվով: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի պրոդյուսեր Կարեն Քոչարյանը «Առավոտ»-ին ասել էր, որ հեռուստախաղի արտոնագիրը պարտադրում է որոշակի պայմաններ՝ կապված երաժշտության, տաղավարի տեսքի, նկարահանման եւ ընդհանուր կանոնների հետ: Լեզվի պարտադրանք չկա: Ռուսերենն ընտրել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հայաստանյան կազմակերպիչները:Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի»։Օրենքի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումները կարող են հայերենով չլինել: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի պրոդյուսեր Կարեն Քոչարյանը օրենքի այս կետն էր նշել, որպես ռուսերենով եթերի պատճառ:
Կարեն Քոչարյան
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր
Ես անում եմ ըստ օրենքի: Ես օրենք չեմ խախտում: Ըստ օրենքի` թույլատրվում է 20 տոկոս հաղորդումներ ազգային փոքրամասնությունների համար: Ես անում եմ ազգային փոքրամասնությունների համար: Այլ հարց է, որ դա հետաքրքրում է նաեւ մարդկանց, իրենք նայում են: «Ազատություն» ռադիոկայան, 11 հունվարի, 2012թ.
Մեր հեռուստանախագիծը տարվա մեջ ունի 24 հաղորդում, այսինքն եթերում ենք ընդամնեը 24 ժամ: Չեմ կարծում, որ տարվա մյուս 364 օրը եթերը լի է անաղարտ և ոսկեղենիկ հայրերնով: tert.am, 12 հունվարի, 2012թ.
Մեսրոպ Հարությունյան
մեդիա փորձագետ
Ես չեմ կարծում, որ Հայաստանում ինտելեկտուալ խաղ դիտում են միայն ազգային փոքրամասնությունները: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ռուսերենով հեռարձակելը միանշանակ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» խախտում է: Օրենքում պարզ ասվում է, որ Հայաստանի տարածքում հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: