2011 թվականը հայաստանյան մեդիաների համար դատավարություններով լի տարի էր՝ մեդիայի դեմ աննախադեպ հայցերով ու աստղաբաշխական փոխհատուցումներով: 2011-ը նաեւ ձեռքբերումների տարի էր. ընթացիկ տարում մեդիա դաշտը համալրվեց նոր մեդիաներով, իսկ հներն ամրապնդեցին իրենց ցանցային ներկայությունը: Ինչպիսի՞ մարտահրավերներ են սպասվում մեդիաներին 2012 թվականին՝ խորհրդարականան ընտրությունների նախաշեմին եւ դրանից հետո: Ներկայացնում ենք խմբագիրներների դիտարկումներն ու հույսերը:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի խմբագիր
Հույսս այն է, որ ինտերնետի որակն ու արագությունը Հայաստանում կբարելավվի, որորվհետեւ դա ուղղակիորեն կապված է մեդիա դաշտի հետ, քանի որ մեդիաները սրընթաց կերպով տեղափոխվում են ինտերնետ:
Հույս ունեմ նաեւ, որ ընտրությունների ժամանակ կայքերի վրա հաքերական հարձակումներ չեն լինի, ինչպես դա եղավ Ռուսաստանում անկախ կայքերի վրա:
Երրորդ հույսս այն է, որ ընտրությունները կանցնեն այնպես, որ դրանից հետո արտակարգ դրություն չի լինի, որովհետեւ 2008 թվականին արտակարգ դրության հետեւանքով լրատվամիջոցները 20 օր դադարեցրել էին աշխատանքը, այսինքն՝ մտցվել էր գրաքննություն:
Կարծում եմ նաեւ, որ մեդիայի դեմ դատերի ալիքը կնվազի հաջորդ տարի, երբ փաստաբաններն ու օլիգարխները համոզվեն, որ դատի տալը մեդիայի դեմ պայքարելու միջոց չէ, իսկ նրանք կամաց-կամաց, այնուամենայնիվ, կհամոզվեն: Ամեն ինչ, ինչ մոդայիկ է, կամաց-կամաց անցնում է:
Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն
Կմաղթեմ, որ 2012-ին շատ ավելի քիչ դատեր լինեն. եւ՛ քաղաքական գործիչները փորձեն ավելի քիչ դատական գործընթացներով լուծել հարցերը մամուլի հետ, եւ՛ մամուլն այնքան պատասխանատու լինի, որ քաղաքական գործչին որեւէ տեղ չթողնի դատական հայց ներկայացնելու, ոչ թե զգուշավոր, այլ պատասխանատու ամեն մի գրած տառի, բառի եւ հրապարակած արտահայտության համար:
Ինչ վերաբերում է խորհրդարական ընտրություններին, ցավոք սրտի, այնքան էլ հուսավառված չեմ, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական, նախագահական ընտրությունների ժամանակ մեր մամուլը դառնում է շատ ավելի կաշկանդված, իսկ եթերը շատ ավելի քիչ ազատ ոչ թե իշխանության ճնշման պատճառով, այլ որովհետեւ փող է լցվում լրատվական դաշտ, եւ մամուլը զբաղվում է միայն այս կամ այն թեկնածուի գովերգմամբ Պետք է փորձել այնքան լայն, օբյեկտիվ եւ տարողունակ լուսաբանել, որ ընտրողը գիտակցաբար ընտրություն կատարելու հնարավորություն ունենա:
Իսկ հետընտրական գործընթացում ներկայացնել ընտրությունների ամբողջական պատկերը, որպեսզի ամեն մի ընտրող վստահ լինի ընտրությունների արդյունքների վրա:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: