2016.01.15,

Նյուսրում

Մեկնաբանությունները մոդերացնելու սկզբունքները

«Հրապարակ» օրաթերթին ընթերցողների թողած մեկնաբանությունների համար դատի տալուց հետո մեկնաբանությունները մոդերացնելու մասին քննարկումները չեն դադարում: Բլոգերներն ու լրագրողները խոսում են այն մասին, թե պե՞տք է արդյոք մոդերացնել մեկնաբանությունները, ի՞նչ սկզբունքով եւ ինչո՞վ է մոդերացիան տարբերվում գրաքննությունից: BBC-ն ընթերցողների մեկնաբանությունների եւ դրանք մոդերացնելու կանոնների մի ամբողջ կարգ ունի, որի համաձայն՝ այլնի շարքում մոդերացվում են նաեւ այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են վիրավորանք, ռասայական կամ սեռական խտրականություն, հոմոֆոբիա, զրպարտություն եւ անարգանք դատարանի նկատմամբ: Հայաստանյան մեդիա պրոֆեսիոնալները մեկնաբանությունները մոդերացնելու վերաբերյալ իրենց տեսակետն ունեն:

Սամվել Մարտիրոսյան

մեդիա փորձագետ

 

Ես գտնում եմ, որ մեկնաբանությունները պետք է մոդերացվեն (հեռացվեն) միայն մի քանի դեպքում`

ա.եթե սպամ է

բ․ եթե դրանք պարունակում են ակնհայտորեն ոչ գրական հայհոյանքներ

գ. բացահայտում են երրորդ անձի անձնական տվյալները՝ հեռախոսը, հասցեն եւ այլն

դ. (իմ սուբյեկտիվ մոտեցումն է) պարունակում են հայհոյանքներ կանանց եւ մահացած անձանց հասցեին

 

Բլոգը եւ սոցցանցը անձնական տիրույթ են, եւ ԶԼՄ-ի հետ ընդհանուր օրենք չեն կարող ունենալ: Բլոգների դեպքում ով ինչ կուզի կանի՝ մարդ կա՝ բլոգ է բացում, որ ուրիշ բլոգերներին հայհոյի, մարդ կա՝ փակում է բոլոր քոմենթները, մարդ կա՝ միայն ընկերներին է թողնում գրեն, մարդ կա՝ անոնիմներից բացի բոլորին թույլ է տալիս մեկնաբանել, մարդ էլ կա բոլորին թույլ է տալիս մեկնաբանել, բայց ջնջում է հայհոյանքները:

 

ԶԼՄ-ի դեպքում վատ չի լինի, որ մի կողմից ջնջվեն սպամն ու հայհոյանքները, բայց մյուս կողմից՝ բաց լինեն տարբեր գրառումների համար: Եթե ԶԼՄ-ն չի օգտագործում հայհոյանքներ, ուրեմն պետք է դրանք ջնջի նաեւ մեկնաբանություններում: Լրատվամիջոցը կարող է իրավունք վերապահել նաեւ արգելփակել այն մեկնաբանողներին, որոնք զբաղվում են թրոլլինգով:

Արթուր Պապյան

«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի խմբագիր

 

Այսօր տեղեկատվության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արագացման դարում շահում են այն մեդիաները, որոնք մշտապես գործում են ուղիղ եթերում։

 

Ինտերնետային լրատվամիջոցներն էլ իրենց բնույթով մշտական ուղիղ եթեր են։ Հաջորդ նորամիտումը, որով այսօրվա մեդիան շահեկանորեն տարբերվում է երեկ չէ առաջին օրվա մեդիայից, նրա ինտերակտիվությունն է։ Մեկնաբանություններն ապահովում են այդ ինտերակտիվությունը: Լրատվամիջոցներն այսօր կենաց ու մահու պայքար են մղում գովազդատուների համար ու պայքարում են ոչ թե իրար, այլ Ֆեյսբուքի ու Գուգլի հետ: Իսկ Ֆեյսբուքում ու Գուգլ պլյուսում լռելյայն կարգավորումն (default setting) այն է, որ մեկնաբանությունները «ուղիղ» ռեժիմում գործեն։ Այս պլատֆորմներն այսօր պայքարում են մարդկանց միշտ իրենց մոտ պահելու համար։

 

Ու այս միջավայրում, երբ մեդիային դժվարությամբ հաջողվել է ընթերցողին դուրս քաշել ֆեյսբուքից ու բերել իր մոտ, եւ, նրան տրամադրելով մեկնաբանելու հնարավորություն, հույս ունի վաստակել ընթերցողի թանկագին ուշադրության եւս մի քանի հյուլե ու այդպիսով մի քանի էջադիտում (pageview) փախցնել՝ գովազդատուին ցույց տալու համար, հանկարծ պարզվում է, որ օրենքը նրան խանգարում է դա անել: Մենք այստեղ գործ ունենք անարդար մրցակցության դասական դեպքի հետ: Եվ ես կարծում եմ, որ քանի դեռ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի տուգանել Ֆեյսբուքին կամ չի պարտադրել մոդերացնել բոլոր մեկնաբանությունները, որեւէ մեկը իրավունք չունի հայաստանյան այլ մեդիաներից պահանջել մոդերացնել մեկնաբանությունները:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *