2016.01.15,

Նյուսրում

Նվեր լրագրողին. վերցնե՞լ, թե՞ ոչ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը երեկույթ էր կազմակերպել լրագրողների համար, որի ժամանակ նրանց նվիրել էր սմարթֆոններ: Լրագրողական էթիկայի վարքականոնի համաձայն` լրագրողը պետք է խուսափի շահերի հնարավոր բախումից՝ հրաժարվելով տեղեկատվական աղբյուրների նվերներից եւ գումարից: ԱՄՆ-ի մեդիաների էթիկայի վարքականոնները լրագրողներին պարտավորեցնում են քաղաքավարի հրաժարվել տեղեկատվության աղբյուրի նվերներից՝ բացառությամբ չնչին արժեք ունեցող նվերների, ինչպիսիք են գրքերը, սկավառկները, տեսաերիզները եւ այլն: Հայաստանյան մեդիաները տարբեր մոտեցումներ ունեն այս հարցին:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի խմբագիր

 

Դրա մեջ սարսափելի բան չեմ տեսնում: Եթե որեէ ընկերություն լրագրողին երեկույթի է հրավիրում կամ նվեր նվիրում, դա չի նշանակում, որ լրագրողը պարտավորություն է կրում միայն լավը գրել այդ ընկերության մասին:

 

Նման երեկույթներին մասնակցելը կամ նվերներ ընդունելը թողնում եմ լրագրողներիս հայեցողությանը, ես չեմ կարող հրամայել նրանց այդ նվերները չընդունել: Բայց ունեմ մի սկզբունք. լրագրողներիս ասում եմ՝ երեկույթներին գնում եք, չեք գնում, նվերն ընդունում եք, չեք ընդունում, այդ ընկերության մասին պետք է գրեք միայն ճշմարտությունը, այդ թվում՝ եւ վատը:

Հրայր Թամրազյան

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն

 

Մեր մոտեցումը շատ խիստ է այս հարցում. մենք երբեք չենք գնացել եւ չենք գնում որեւէ կուսակցության, գերատեսչության կամ ընկերության խնջույքներին, հատկապես այնտեղ, որտեղ նվերներ են բաժանում: Դա մեր սկզբունքներին դեմ է: Չպետք է աղբյուրիդ հետ սեղան նստես ու ճաշես, մասնակցես նրա հյուրասիրությանը կամ նվերներ ընդունես նրա կողմից, որովհետեւ այդ ամենից հետո չես կարող անաչառ մնալ: Սրանք ամենակարեւոր սկզբունքներն են:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *