2014.09.26,

Նյուսրում

Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի թիվն աճել է. կարծիքներ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մի քանի մեդիա կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

«Լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։

ՀՀ դատախազությունից պահանջում ենք սույն հայտարարությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները դիտել որպես հաղորդում հանցագործության մասին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի` սեպտեմբերի 19-ին Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնում կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը իրեն հարց ուղղած «Հայկական ժամանակ»-ի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իրեն ուղեկցողներին հրահանգել «կորցնել» լրագրողին:

Երբ Թագուհի Հովհաննիսյանը փորձել է հեռախոսով նկարել հայ համայնքի ղեկավարի պահվածքը՝ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել Կարապի լիճը, որտեղ Օպերայի մոտից քայլելով հասել էին լրագրողն ու համայնքի ղեկավարը: Հեռախոսը խլելով Թագուհի Հովհաննիսյանի ձեռքից՝ Արտյուշա Կարապետյանին ուղեկցողներից մեկը ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել լրագրողին:

Լրագրողի գործունեության խոչընդոտման մեկ այլ դեպք եղել էր սեպտեմբերի 9-ին, երբ «Հակահարված» արթ խմբի ակցիային, որի ժամանակ Ազգային ժողովի դարպասներին փակցվել էր «Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառ, ԱԺ անվտանգության աշխատակիցը «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանից խլել էր տեսախցիկը:

Լրագրողների նկատմամբ բռնության եւ նրանց գործունեության խոչընդոտման վերջին դեպքերը մեկնաբանում են մեդիա փորձագետները:

Սուրեն Դեհերյան
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ

Եթե նախկինում դեպքեր են եղել, երբ լրագրողն իր պատասխաններով կամ վարքով «արժանացել է» նման վերաբերմունքի, ապա այս վերջին միջադեպերի ժամանակ լրագրողներն իրենց գործունեությունն իրականացրել են էթիկայի սահմաններում:

Թվում է` ինչ-որ անդունդ է ձեւավորվել հասարակության որոշ խմբերի` որոշում կայացնողների, նրանց պաշտպանների, մեծահարուստների եւ մյուս կողմում հայտնված միջին կամ վատ վիճակում գտնվող մարդկանց միջեւ: Երբ լրատվամիջոցների եւ հասարակության մոտ հարցեր են առաջանում` արդարության, սոցիալական վիճակի եւ այլնի հետ կապված, լրագրողները պետք է այդ հարցերի պատասխանները գտնեն հակառակ կողմում: Բայց այդ հարցերը դուր չեն գալիս մյուս կողմին, եւ պատասխանել չկարողանալու կամ չցանկանալու պատճառով լրագրողների նկատմամբ ագրեսիա է դրսեւորվում, որը բերում է վատ հետեւանքների:

Իմ կարծիքով` ցանկացած ճնշում լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ճնշում եւ հարված է հասարակությանը. հարվածով լռեցնելով լրագրողին` փորձում են լռեցնել հասարակությանը:

Արթուր Պապյան
Մեդիա փորձագետ

Եվրասիական միության անդամության թեկնածու Հայաստանը շտապում է գոնե լրատվամիջոցների անազատության հարցում հնարավորինս մոտենալ Ռուսաստանին եւ Բելառուսին` ի չիք դարձնելով խոսքի ազատության հարցում անցած տարիներին արձանագրված բոլոր ձեռքբերումները: Հասարակ լրագրողները, թերեւս, կասեին` գրողի ծոցը նման Եվրասիական միությունը:

Մինչդեռ ամեն ինչ շատ ավելի լուրջ է` որևէ գործուն քայլ, բացի հայտարարությունից այն մասին, որ հատուկ քննչական ծառայությունը կուսումնասիրի հրապարակումները, չի եղել: Այսինքն` Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը ընդամենը «թեթև վախով» կազատի գլուխը, իսկ Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, թանկագին հյուրի իրավունքով, կարող է թքել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այդ օրենքների պաշտպանության տակ գտնվող լրագրողի ու իր գործունեության վրա:

Հայկ Գեւորգյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու

Լրագրողների նկատմամբ կատարված գործողությունները հստակորեն նկարագրված են քրեական օրենսգրքում: Եթե իրավապահ մարմինները արագ եւ պատշաճ արձագանքեն նման դեպքերին, դրանք այլեւս չեն կրկնվի: Նման դեպքերում լրագրողները կարող են դիմել կա’մ ինքնադատաստանի, որը հատուկ չէ քաղաքակիրթ երկրներին, կա’մ  իրավապահ համակարգի օգնությանը: Ես կողմ եմ իրավապահ մարմինների օգնությանը դիմելուն:

Ես հայտարարել եմ, որ մեր լրագրողի հետ կապված պատմության մասին հրապարակումները իրավապահները կարող են համարել հանցագործության մասին հաղորդում եւ համապատասխան ընթացք տալ, բայց, ցավոք, մինչեւ այս պահը որեւէ ընթացք չի տրվել այդ գործին:

Եթե իրավապահ մարմինները որեւէ քայլ չձեռնարկեն, ստիպված կլինենք եւս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանում իրավապահ մարմիններ, որպես այդպիսին, չկան, դրանք ուղղակի ինչ-որ խմբավորումներ են, որոնք պաշտպանում են այլ խմբավորումների շահերը:

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Կարծում եմ, որ նման դեպքերը կանխելու համար առաջին հերթին պետք է մեղավորները հայտնաբերվեն եւ պատժվեն, այս դեպքերում հիմնական գործող անձինք հայտնի են եւ հանրությանը, եւ լրագրողներին. լրագրողները հրապարակումների միջոցով ցույց են տվել, թե ովքեր են այդ «հերոսները»: Միայն մնում էր, որ միջադեպերին հետեւեին իրավապահ մարմինների համարժեք գործողությունները, բայց մենք ականատես չեղանք դրանց:

Անհրաժեշտ է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել նմանատիպ միջադեպերի պարագայում եւ մեղավորներին պատժի ենթարկել, մանավանդ որ լրագրողի գործունեության խաչընդոտումը քրեական պատասխանատվություն է ենթադրում քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:

Բայց դա, որպես կանոն, չի կիրառվում. մարդիկ կարծում են, թե կարելի է ֆիզիկական բռնություն կիրառել լրագրողի նկատմամբ, խոչընդոտել նրա գորոծունեությանը եւ որեւէ պատժի չենթարկվել: Սա ամենալուրջ խնդիրն է, որը բերում է նմանատիպ միջադեպերի կրկնության:

Այս տարվա առաջին կիսամյակում ֆիզիկական բռնության 5 դեպք ենք արձանագրել, երրորդ եռամսյակում, փաստորեն, ֆիզիկական բռնության 2 դեպք արդեն եղել է:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *