«Լրադադար» ակումբը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերջին տարիների նախաձեռնություններից է: Սա լրագրողական մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար:
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, բեմադրիչներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: «Լրադադար»-ը լրագրողների ինքնակարգավորման յուրահատուկ գործիք է:
«Լրադադար»-ն այս անգամ Վանաձորում էր: Քննարկման թեման Տեղական ինքնակարգավորման մարմինների (ՏԻՄ) հետ հարաբերություններն էին: Առիթը Վանաձորի ավագանու նիստերից մեկի ժամանակ գրանցված միջադեպն էր, երբ լրագրողի ու ավագանու անդամի միջև փոխադարձ վիրավորանքներ էին գրանցվել:
Media.am-ը քննարկման ընթացքում հնչած կարծիքները բաժանել է մասերի եւ ներկայացնում է կետերով:
Մարզերում լրագրողների աշխատանքի եւ ՏԻՄ մարմինների հետ հարաբերությունների մասին ընդհանրապես
– Մարզերում կենտրոնական պետական իշխանությանը քննադատելը ավելի հեշտ է, քան տեղական իշխանությանը. սա Հայաստանի համար չգրված օրենք է:
– Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը հետևողական լուսաբանող լրագրողները, ցավոք, քիչ են մարզերում: Լրագրողների մեծ մասը ներկա են լինում ՏԻՄ ավագանու նիստերի սկզբի 10-15 րոպեներին, հետո վերցնում են օրակարգը և հեռանում: Մինչդեռ նրանք չպետք է բավարարվեն միայն ավագանու նիստերին ներկա լինելով, այլ ցանկալի է, որ նիստում քննարկվող հարցերին անդրադարձ լինի մամուլում և՛ նիստի սկզբում, և՛ նիստից հետո՝ վերլուծական նյութերի տեսքով:
– Լրագրողներն այն մարդիկ են, ում միջոցով ՏԻՄ անդամները պետք է հաշվետու լինեն հասարակությանը իրենց աշխատանքի համար: Համայնքային միջոցների նկատմամբ հանրային վերահսկողությունը հենց տեղական լրատվամիջոցների միջոցով պետք է արվի, ինչը չնչին չափով է արվում այսօր Հայաստանի տարբեր մարզերում:
– Լրագրողների հետաքրքրասիրությունը հաճախ շատ սուր է ընկալվում տեղական իշխանավորների, ՏԻՄ ավագանու անդամների կողմից, որովհետև զգում են, որ հետևանքները կարող են վտանգավոր լինել իրենց համար:
Ինչ պետք է իմանա ավագանու նիստ լուսաբանող լրագրողը
– Ավագանու նիստը բաց է: Փակ նիստ անցկացնելուն կողմ պետք է քվեարկի ավագանու անդամների 2/3-ը:
– Ավագանու նիստերին լրագրողների հավատարամագրման կարգ գոյություն չունի:
– Լրագրողների իրավունքի սահմանափակման իրավական նորմ քաղաքապետը, ավագանին չի կարող ընդունել:
– Եթե անգամ ավագանու նիստը փակ է, ընդունված որոշումները պետք է հրապարակվեն:
– Ավագանու նիստը վարում է քաղաքապետը եւ կարգը խախտելու դեպքում լրագրողը պետք է ոչ թե վիճաբանության մեջ մտնի, այլ դիմի նիստը վարողին եւ պահանջի կարգուկանոն հաստատել:
– Ավագանու նիստերին լրագրողը ազատ է ներկա լինել եւ առաջնորդվել բարեխղճության կանոններով, օրինակ՝ չխանգարել նիստի ընթացքը:
– Աշխատանքի ընթացքում լրագրողը պետք է ոչ թե վիճաբանի, այլ իր գործը կատարի:
Վանաձորի ավագանու նիստում ավագանու անդամի եւ լրագրողի միջեւ գրանցված միջադեպի մասին
– Վանաձորի ավագանու նիստում տեղի ուենցած միջադեպում լրագրողի և ավանագնու անդամի գործողությունների հավասարեցման մոտեցումը ընդունելի չէ, քանի որ եթե չլիներ նիստի ընթացքում ավագանու կանոնակարգի խախտումը և լրագրողին ուղղված անհարկի դիտողությունը, ապա չէր լինի նաև շարունակությունը: Ակնհայտ է, որ առաջինն անթույլատրելիի սահմանը հատել է ավագանու անդամը:
– Նման միջադեպերից խուսափելու համար ցանկալի է, որ թե՛ խմբագրությունները, թե՛ ավագանին ունենան աշխատանքային կանոնակարգեր:
– Ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը կարելի է կանոնակարգել, բայց այդ կանոնակարգերը ոչ թե պետք է սահմանափակեն, այլ հեշտացնեն լրագրողի աշխատանքը:
– Կանոնակարգը հավասար դաշտ է բերում ավագանու նիստը լուսաբանող բոլոր լրատվամիջոցներին և բացառում արտոնյալ լրատվամիջոց լինելու կարգավիճակը: Սակայն լրատվամիջոցների աշխատանքի կանոնակարգումը պետք է ողջամիտ չափանիշերով արվի՝ պահպանելով լրատվամիջոցների հավասարության, նրանց արդյունավետ աշխատանքին չխոչընդոտելու սկզբունքները: Դրանք պետք է վերաբերվեն հիմնականում տեսաձայնային ինֆորմացիա ստանալուն:
– ՀՀ քրեական օրեսգրքի 164 հոդվածը հանցակազմ է սահմանում լրագրողի մասնագիտական օրինական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար: Լրագրողները պետք է իմանան այս հոդվածը և հարկ եղած դեպքում հիշեցնեն այն իրենց աշխատանքը խոչընդոտողներին:
– Ներողությոն կուլտուրան շատ կարևոր է բոլոր բնագավառներում, նաև՝ մեդիա-պետական կառույցներ հարաբերություններում: Սխալների համար ներողություն խնդրելը բոլորին միանգամից բերում է քաղաքակիրթ շփումների դաշտ:
Վանաձորում լրագրողական համայնքի եւ համերաշխության մասին
– Վանաձորում լրագրողական համայնքը միասնական չէ, սակայն առանձին դեպքերում լրագրողներին հաջողվում է միավորվել իրենց շահերը պաշտպանելու համար:
– Լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունը տեղական օլիգարխներին է սպասարկում եւ լրագրողական համայնքը ի սկզբանե չէր կարող լինել համերաշխ:
– Լրագրողական համերաշխությունը կարող է լինել սկզբունքների շուրջ՝ կանոնների, պայմանավորվածությունների: Համերաշխությունը չի կարող միատարր լինել, քանի որ նաեւ լրագրողներն են տարբեր ձեւով մտածում: Օրինակ, չի կարող լրագրողական համայնքը պաշտպանել լրագրողին, որպես իր մասնագիտական գործունեություն իրականացնողի, եթե իրականում լրագրողը հանցանք է գործել:
P.S. Եզրակացությունների հեղինակները չեն նշվում, դրանք ներկայացնում են քննարկման ընդհանուր ոգին: