«Առավոտ»-ը հրապարակել է երգչուհի Անուշ Արշակյանի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ նա մեկնաբանել է 2014թ.-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթում ավստրիացի Կոնչիտա Վյուրստի հաղթանակը:
Հայաստանում «Եվրատեսիլ» երգի մրցույթի ազգային ժյուրիի անդամ Անուշ Արշակյանը բացատրել էր, թե ինչու է ցածր գնահատել Կոնչիտա Վյուրստի ելույթը: Արշակյանը խոսել էր Կոնչիտայի նկատմամբ ներքին հակակրանքի մասին:
Երբ լրագրողը խոսել էր փոքրամասնություններին հարգելու մասին (Կոնչիտա Վյուրստը ոչ ավանդական գենդերային ինքնություն ունի), Արշակյանն ասել էր «Հարգանքի աստիճաններ կան: Եթե խոսենք տոլեռանտության մասին, ամենատարածված բանն է Եվրոպայում, ապա ես, երեւի թե, դեմ եմ ցանկացած ձեւի ագրեսիային եւ ցանկացած տեսակի մարդկային բնաջնջմանը դեմ եմ: Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել եւ այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»:
Մայիսի 15-ին, հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին, Ինգա ու Անուշ Արշակյան քույրերը հերքեցին իրենց խոսքերը:
Երբ «Ուրվագծի» հեղինակ Պետրոս Ղազարյանը մեջբերեց հարցազրույցի կտորը՝ «ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները» եւ հարցրեց. «Դուք այդպիսի բան ասե՞լ եք, թե՞ ոչ»: «Ոչ, իհարկե ոչ: Նույնիսկ այդպես չենք էլ մտածում: Ինչպե՞ս կարող ենք այդպիսի բան ասել»,- պատասխանեց Ինգա Արշակյանը:
«Մենք արդարանալու խնդիր չունենք, այլ մերժելու, որովհետեւ նման արտահայտություն չի հնչել»,- ասաց Անուշ Արշակյանը:
Հարցազրույցից հետո «Առավոտ»-ը հրապարակեց Անուշ Արշակյանի հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը, որտեղ երգչուհին արտաբերում է հոդվածում մեջբերված բոլոր արտահայտությունները:
Հոդվածի հեղինակ, «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Media.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցազրույցի ձայնագրությունը կայքում տեղադրել են որպես ապացույց:
«Անկեղծ ասած՝ եթե իմանայի՝ այսպիսի աժիոտաժ է առաջանալու, այդ հարցազրույցը չէի հրապարակի՝ անկախ նրանից, որ ունեի ձայնագրությունը: Բացարձակ ընկած չեմ եղել աժիոտաժի հետեւից եւ որեւէ սենսացիոն նյութ անելու նպատակ չեմ ունեցել: Աղջիկներին շատ սիրում եմ, ու իմ կարծիքը նրանց մասին չի փոխվել նույնիսկ Պետրոսին տված հարցազրույցից հետո»,- ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: