Երեւանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ «Ինտերնյուս Նեթուորքը» Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակի հետազոտություն են կատարել:
Հետազոտության հիմքում տնային տնտեսություններում կատարված սոցիոլոգիական հարցումներն են, մեդիայի մշտադիտարկումներն ու ոլորտի մասնագետների (22 փորձագետների եւ 18 լրագրողների) գաղտնիության սկզբունքով կատարված կարծիքների հավաքագրումը:
Տվյալների ու կարծիքների վերլուծությունը թույլ է տվել պատկերացում կազմել մեդիա ինդուստրիայի ֆինանսական, օրենսդրական, բովանդակային խնդիրների մասին: Ուսումնասիրվել են մեդիա շուկայի ռեսուրները, առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը, լրատվամիջոցների վրա ազդեցություն թողնող սոցիալ-քաղաքական գործոնները, լրագրողական կրթության, մենեջմենթին վերաբերող հարցերը:
Հայաստանի բոլոր մարզերի 1403 տնային տնտեսությունների պատահական ընտրանքի արդյունքում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստանը (ՀՌԿԿ/CRRC) դեմառդեմ հարցում է կատարել՝ պարզելու համար քաղաքացիների մտահոգություններն ու ակնկալիքները ավանդական (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր) եւ այլընտրանքային (առցանց լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր) մեդիայից:
Թեեւ հարցվողները ամենահասանելի ու դիտելի մեդիա են համարում հեռուստատեսությունը, սակայն դիտողների թիվը կրճատվել է (2011-ին 82%, իսկ 2013-ին 76%), հեռուստացույցի առջեւ անցկացված ժամանակի ծավալը նվազել է (2011-ին 12 ժամից ավելի օրական հեռուստացույց է դիտել հարցվողների 9%-ը, իսկ 2013-ին` 2%-ը):
Հայաստանցիները ավելի քիչ ժամանակ են տրամադրում հեռուստադիտմանը, սակայն շարունակում են այն ինֆորմացիայի գլխավոր աղբյուր համարել:
Ինֆորմացիոն աղբյուրների մասին փաստող այս աղյուսակից պարզ է դառնում, որ վստահություն են վայելուն հեռուստատեսությունը, հետո հարեւաններն ու ծանոթները, երրորդ տեղում առցանց լրատվամիջոցներն են:
Համեմատելով 2011-ին եւ 2013-ին մեդիայի օբյեկտիվ լուսաբանումը գնահատող կարծիքները՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել թերթերին, առցանց լրատվամիջոցներին, իսկ հեռուսատեսային լուսաբանման օբյեկտիվության գնահատումը գրեթե անփոփոխ է մնացել:
Ոչ օբյեկտիվ լուսաբանման հիմնական պատճառ է համարվել քաղաքական որեւէ ուժից ունեցած կախվածությունը (62%) եւ գրաքննությունը (7%):
Գնահատման այդ նույն միտումը նկատվում է նաեւ փորձագետների ու լրագրողների պատասխաններում: Նրանց ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հայաստանյան տեղեկատվական շուկան լսարանի պահանջարկով ուղղորդվող բիզնես չէ, այլ կախված է սեփականատերերի քաղաքական շահերից ու ճաշակից:
Ուշագրավ է, որ մեդիա դաշտում աշխատող փորձագետների կարծիքով` առկա տնտեսական իրավիճակում լրատվամիջոցները կարող են եւ՛ անկախ ու շահութաբեր լինել, եւ՛ չունենալ այդ հնարավորությունը (50/50)։ Իսկ լրագրողների մեծամասնությունը կարծում է, որ անկախությունն ու շահութաբերությունը անհնար է:
Մեդիամենեջերներն ու փորձագետներն ավելի լավատես են. շատերը հավատում են, որ գրագետ մենեջմենթի պարագայում լրատվամիջոցը կարելի է սեփականատերերից իրապես անկախ, շահութաբեր բիզնես դարձնել: Լրագրողներից շատերը այդ տեսանկյան հետ համամիտ չեն:
Սակայն երկու խմբերի մասնագետներն էլ գտնում են, որ առաջիկա 5 տարում հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը կդառնա ինտերնետի օգտատեր։ Իսկ նոր մեդիայի զարգացումն անհնար կդարձնի տեղեկատվության քողարկումը եւ ավելի շատ հնարավորություններ կստեղծի հանրային կարծիքի ձեւավորման համար:
Դելֆի մեթոդաբանության սկզբունքով կատարված փորձագիտական հարցումը ուրվագծեց նաեւ գլխավոր մտահոգությունը` մեդիա դաշտում գործողները վստահ են, որ եթե լրագրողները եւ լրատվամիջոցները ինքնակարգավորման հստակ կանոններ չունենան, ապա հասարակությունն ու պետությունը կկիրառեն առավել կոշտ մեթոդներ:
Նունե Հախվերդյան
Հ.Գ. Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Երեւանի մամուլի ակումբի կատարված մշտադիտարկումներին կանդրադառնանք հետագայում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: