2013.12.11,

Նյուսրում

Վիդեոհոսթինգի ընտրություն. «Արմենիա» TV-ն YouTube-ը փոխարինել է Rutube-ով

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Արմենիա» հեռուստաընկերությունը YouTube-ից տեղափոխվել է Rutube:

Ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, որոնք շարունակում են իրենց արտադրանքը վերբեռնել ամերիկյան խոշորագույն վիդեոտարածման կայքում, «Արմենիա»-ն իր վիդեո բովանդակությունը տեղադրում է ռուսական վիդեոպորտալում:

Ըստ «ՊանԱրմենիան» մեդիա գրուփի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Ռուբեն Մուրադյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը Rutube-ն ընտրել է առաջարկվող մոնետիզացիայի համակարգի պատճառով:

«Մենք փորձարկում ենք մոնետիզացիայի՝ ինտերնետում մեր տեսաբովանդակությունից գումար ստանալու տարբերակներ: Երկար՝ մոտ մեկ տարի աշխատել ենք YouTube-ի հետ: Հետո տեսանք, թե ինչ է առաջարկում Rutube-ն ու հասկացանք, որ ռուսական վիդեոպորտալի առաջարկած տարբերակն ավելի հետաքրքիր է, քանի որ YouTube-ում նույնքան այցելությունների դիմաց ավելի քիչ գումար էինք ստանում»,- ասում է Ռուբեն Մուրադյանը:

Ռուբեն Մուրադյանի խոսքով՝ Rutube-ի գործընկերների գովազդները հայտնվում են հեռուստաընկերության տեսանյութերի որեւէ հատվածում, ինչի դիմաց ռուսական վիդեոպորտալն իրեն վճարված գովազդի գումարի մի մասը փոխանցում է «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը բիզնեսի տեսանկյունից տրամաբանական է համարում «Արմենիա» հեռուստաընկերության նախընտրած մոդելը` միեւնույն ժամանակ նշելով, որ Rutube-ն իր ծածկույթով համեմատելի չէ YouTube-ի հետ: Մյուս կողմից՝ մեդիա փորձագետի կարծիքով՝ YouTube-ը հեռուստաընկերությունների ամենամեծ թշնամին է:

«YouTube-ի պատճառով հեռուստաընկերությունները ստիպված են ալիք ունենալ եւ իրենց բովանդակությունը համարյա անվճար տրամադրել YouTube-ին, պարզապես որպեսզի ներկայություն ապահովեն ինտերնետում»,- ասում է Արթուր Պապյանը:

Նրա խոսքով՝ աշխարհի խոշորագույն գովազդային գործակալության՝ Google-ի առաջարկած պայմանները հեռուստաընկերություններին ձեռնտու չեն, քանի որ նույն բովանդակության հաշվին մեծ գումարներ աշխատող Google-ը հեռուստաընկերություններին գրոշներ է վճարում:

«Հայաստանյան հեռուստաընկերությունները YouTube-ում գործում են գլոբալ շուկայի մակարդակով, բայց մեր լսարանը համեմատելի չէ ամերիկյան հեռուստաընկերությունների լսարանի հետ: Եվ եթե ամերիկացի պրոդյուսերին գովազդային եկամուտները ինչ-որ կերպ կարող են ձեռնտու լինել, հայաստանյան հեռուստաընկերությունների դիտումների քանակն այնքան փոքր է, որ չի կարելի խոսել լուրջ գումարների մասին»,- ասում է մեդիա փորձագետը:

Արթուր Պապյանի խոսքով՝ ըստ հաճախ միայն իրեն հայտնի հաշվարկային սխեմաների՝ Google-ը հաշվում է գովազդի ցուցադրություններն ու քլիքերը՝ 100 դիտման դիմաց միջինը մոտ 1,5-3 դոլար վճարելով:

«Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեծ YouTube ալիք համարվողներն ունենում են օրական առավելագույնը 50.000-100.000 դիտում, ամսական առավելագույնը կարող են 6000 դոլար եկամուտ ունենալ, ինչը շատ փոքր թիվ է հեռուստաընկերության համար: Էլ չեմ ասում, որ Google-ը սովորաբար կտրոններ է ուղարկում, որոնք Հայաստանում կանխիկացնելը գլխացավանք է »,- ասում է նա:

«Ա1+»-ը հայաստանյան առաջին հեռուստաընկերությունն էր, որ ալիք բացեց YouTube-ում: Հեռուստաընկերությունը 2008 թվականից YouTube-ի գործընկերն է, ունի 27,234 բաժանորդ եւ 33 միլիոնից ավել դիտում (օրական նվազագույնը 20.000):

Օգտատերը, որը կանոնավոր կերպով հեղինակային իրավունք չխախտող բովանդակություն է վերբեռնում պորտալում, կարող է դիմել YouTube-ին՝ գործընկեր դառնալու հարցումով: YouТube-ը գործընկերներին առաջարկում է մոնետիզացիայի համակարգ, որով օգտատերը հնարավորություն է ստանում ինքնուրույն որոշել, թե ինչպիսի գովազդ տեղադրել յուրաքանչյուր տեսանյութում:

«YouTube-ի գործընկեր ենք դարձել ալիք բացելու հենց հաջորդ օրը: Իրենք մեզ նույնիսկ զանգեցին, գործընկերության վկայական ուղարկեցին: Եվ մենք առաջինն ենք մոնետիզացրել բովանդակությունը: Ճիշտ է՝ YouTube-ից ստացված եկամուտը շատ չէ, բայց եկամուտ, այնուամենայնիվ, կա »,- ասում է «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը:

Մինչեւ YouTube տեղափոխվելը, «Ա1+»-ն ունեցել է սեփական վիդեոհոսթինգը:

«2007 թվականի վերջին տեսանյութերը սկսեցինք տեղադրել մեր սերվերների վրա, սակայն թրաֆիքն այնքան շատ էր, որ փրովայդերը հրաժարվեց մեզ հետ աշխատել, եւ մենք ստիպված տեղափոխվեցինք YouTube»,- ասում է Սուսաննա Օհանջանյանը:

«Ա1+»-ի պրոդյուսերը չի բացառում, որ Rutube-ի առաջարկած պայմաններն ուսումնասիրելուց հետո գուցե որոշում կայացնեն իրենց վիդեոբովանդակությունը զուգահեռաբար տեղադրել նաեւ ռուսական վիդեոպորտալում:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր ամիս YouTube է այցելում 1 միլիարդից ավել եզակի այցելու, Rutube-ում այդ թիվը կազմում է մոտ 17 միլիոն: Rutube-ի այցելությունների 70%-ը Ռուսաստանից է, YouTube-ի այցելությունների միայն մոտ 20%-ն է ԱՄՆ-ից:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *