Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
2013-03-22_17

Ապրիլի 1-ից հայաստանի հեռուստադաշտում գործում է Media international service առաջին սեյլս հաուսը, որին պատկանում է չորս ալիքներիԱրմենիա», «Աթիվի», «Արմնյուզ», «Շանթ») գովազդային ժամանակի վաճառքի բացառիկ իրավունքը:

Սեյլս հաուսի տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշում է, որ իրենք հեռուստաշուկայի վերագնահատում են կատարել եւ պարզել, որ դաշտում առկա գումարները տարիներ շարունակ արհեստականորեն ուռճացվել են:

Սեյլս հաուսը գովազդի տեղադրման քաղաքականություն է մշակել ու փոխել է գովազդային բլոկերի հեռարձակման կառուցվածքը:

Օրենքի համաձայն՝ մեկ ժամի հաշվարկով կարելի է 14 րոպե գովազդ հեռարձակել, եւ ալիքները սովորաբար  ինչպես ուզում, այնպես էլ կազմում էին իրենց բլոկերը: Հիմա մեկ ժամում կարող է երեք գովազդային բլոկ հեռարձակվել՝ առավելագույնը 4 րոպե տեւողությամբ:

Ըստ Տիգրան Սաֆարյանի՝ նման բաշխումը փոքրինչ բարձրացրել է գովազդի վարկանիշը:

«Երբ գովազդային բլոկը տեւում է 14 րոպե (ինչը պատահում էր որոշ ալիքներում), ապա բլոկի մեջտեղում, որպես կանոն, դիտելիության «փոս» է առաջանում: Հիմա բլոկներն ավելի կարճ ու նպատակային են»,- ասում է նա:

Այլեւս գովազդային հոլովակներ չենք տեսնում հաղորդումների արանքում, միայն հաղորդումների մեջ: Եվ հակառակը՝ հաղորդումների ժամանակ չեն հիշատակվում հովանավորները (միայն հաղորդման սկզբում ու ավարտից հետո):

«Մենք հուշեցինք ալիքներին նաեւ բլոկերի ցուցադրման ընթացքում հետհաշվարկ անող ժամացույց ցուցադրել, որպեսզի լսարանը իմանա, թե որքան է մնացել գովազդի ավարտին ու «չփախչի» ալիքից՝ ենթադրելով, որ գովազդը տասնյակ րոպեներ է ձգվելու», – ասում է Տիգրան Սաֆարյանը:

Media international service-ը փորձում է դրդել բիզնես դաշտին պլանավորել սեփական գովազդային ներդրումները:

«Մենք ստեղծել ենք ճկուն, պարզ ու բոլորի համար հավասար գնային քաղաքականություն: Մի քանի տասնյակ զեղչային մեխանիզմներ ենք առաջարկում՝ փորձելով գովազդատուներից ստանալ տարեկան պլանավորում ու հեռանկարային աշխատաոճ: Եվ այս տարվա վերջում կկարողանանք արդեն որոշ իմաստով ամփոփել մեր արածը»,- ասում է Տիգրան Սաֆարյանը:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Տիգրան Սաֆարյանի հետ հարցազրույցը՝ այստեղ: