2013.05.08,

Նյուսրում

Ինչպե՞ս աշխատեց մեդիան Երեւանի ավագանու ընտրություններին. կարծիքներ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ողջ շրջանում եւ քվեարկության օրը հեռարձակող մեդիան մոնիտորինգի ենթարկվեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կողմից:

ԵՄԱ-ի մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ շարունակում է լուրջ խնդիր մնալ հայ քաղաքական գործիչների բանավիճելու, եթերում բաց քննարկումների մասնակցելու ոչ բավարար պատրաստակամությունը, ինչպես նաեւ որոշ հեռուստահեռարձակողների խմբագրական նյութերում քաղաքական ուժերի նախընտրական շտաբների կողմից իրականացվող եւ քարոզչատարրեր պարունակող նկարահանումների օգտագործման ոչ ցանկալի պրակտիկան։

Մի շարք մասնավոր հեռուստաալիքներ, որոնք առնչվում են կոնկրետ կուսակցությունների հետ, որոշակի առումով համապատասխան տեղեկատվական օրակարգ են իրականացնում։

Հայկական եթերում նման իրավիճակը սահմանափակում է այն քաղաքական ուժերի տեղեկատվական հնարավորությունները, որոնք հեռարձակողների վրա ազդեցության լծակների չեն տիրապետում, իսկ փոքրիշատե հավասարակշիռ լուսաբանման երաշխիքներ (օրենսդրություն եւ մշտադիտարկում) առկա են լինում միայն պաշտոնական նախընտրական քարոզարշավի կարճ ժամանակահատվածներում։

Ինչպե՞ս մեդիան աշխատեց ավագանու ընտրությունների շրջանում: Մեկնաբանում եւ իրենց լրատվամիջոցների աշխատանքը գնահատում են մեդիա խմբագիրները:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն 

Ինչպես ամբողջ ընտրարշավը, այնպես էլ ընտրական պրոցեսը ամբողջապես չլուսաբանվեց: Հերթական անգամ կրկնվեց այն, ինչ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ժամանակ. ցուցադրվեց այն, ինչ պետք է ցուցադրվեր, եւ ամենակարեւորը՝ չեղավ հեռուստատեսային բանավեճ, որովհետեւ բանավիճող հիմնական կողմերից մեկը ընդհանրապես հրաժարվեց մասնակցելուց որեւէ բանավեճի, եւ դրա համար ընտրողը չտեսավ, թե որն է ճշմարտության հատիկը:

Իսկ քվեարկության լուսաբանման մասին ավելի լավ է լռել, այնտեղ լուսաբանում չկար: Միայն տեսանք, թե Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ինչպես են քվեարկում եւ իրականում չտեսանք, թե երեւանցին ընտրակաշառքով ինչպես է քվեարկում, դա լուսաբանում էր ուղղակի արձանագրության համար:

Journalists_at_work

Երբ Երեւանի ավագանու ընտրություն է, եւ եթերում բացակայում է Փակ շուկայի կամ 1 տարուց ավել երեւանցուն նյարդայնացնող, երկար բանավեճերի տեղիք տվող Մաշտոցի պուրակի հարցը, եւ դրանից հետո հեռուստաընկերություներից շատերն իրենց առաջատար, օբյեկտիվ եւ համաշխարհային ռանգ ունեցող են հայտարարում, ուրեմն ավելի լավ է լուռ մնամ:

Մի կարեւոր բանից մենք զրկեցինք հեռուստադիտողին՝ հեռուստատեսային բանավեճից: Մենք չկարողացանք ներկայացնել 4 տարվա ավագանու հաշվետվությունը, որովհետեւ այդ հաշվետու եղող ավագանին գրեթե ամբողջ ընտրարշավին հրաժարվեց գալ, որպեսզի ներկայացնի իր արածը եւ չարածը:

Իսկ եթե հեռուստաընկերության կողմից դա ներկայացնեինք, այսինքն՝ հանրագումարի բերեինք այն, ինչ 4 տարվա ընթացքում ցուցադրել ենք՝ այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կան Երեւանում, դա ամբողջությամբ կգնահատվեր որպես հակաքարոզչություն: Դրա համար մենք ստիպված շատ քիչ անդրադարձանք այդ թեմային եւ դրանով արդեն ամբողջությամբ չներկայցրինք:

Իսկ քվեարկության օրը հարյուրավոր լրագրողներ պետք է ունենայիր, որպեսզի այդ եւ նախորդ օրվա Երեւանում կատարվածի իրական պատկերը կարողանայիր տալ:

Գեւորգ Ալթունյան
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն

Իմ կարծիքով՝ մեդիան ոչ միայն այս, այլեւ նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին լավ աշխատեց, համենայնդեպս բոլոր քաղաքական ուժերն ունեցան հնարավորություն իրենց գաղափարները, ծրագրերը, դիրքորոշումները ներկայացնելու հանրությանը:

Հեռուստատեսության պարագայում օբյեկտիվությունը, հավասարակշռությունը, համաչափությունը համեմատաբար պահպանված էին, իսկ առցանց որոշ լրատվամիջոցների պարագայում ակնհայտ կողմնակալություն կար, գաղափարական-քարոզչական որոշակի գիծ ակնհայտորեն նկատվում էր, մամուլի պարագայում եւս որոշ դեպքերում կար կողմնակալություն, սուբյեկտիվիզմ, բայց ընդհանուր առմամբ ամբողջական մեդիա դաշտը բավական լավ, օպերատիվ եւ ընդգրկուն աշխատեց:

Ինձ թվում է՝ մենք կարողացանք անենլ առավելագույնը, ինչ հնարավոր էր անել, այսինքն՝ մենք կարողացանք բոլոր քաղաքական ուժերին տրամադրել եթեր, լուսաբանում՝ առանց լրագրողական որեւէ դիրքորոշման, մեկնաբանության կամ վերաբերմունքի:

Journalists_at_work_2

Եվ այս առումով կարծում եմ՝ ինչպես դիտորդ, այնպես էլ մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունների գանահատականները՝ կապված մեր աշխատանքի հետ, բավականաչափ օբյեկտիվ են:

Սաթիկ Սեյրանյան
«168 ժամ» թերթի խմբագիր

Անցած ընտրություններում, թերեւս, ամենամեծ գործառույթն իրականացրել են լրատվամիջոցները, որոնք շատ օպերատիվ կերպով արձագանքում էին ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ տեղամասերից դուրս տեղի ունեցող ընտրախախտումներին ու այլ անօրինականություններին: Իրականում ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչող գնատականների մեծ մասը հիմնված է ոչ այնքան հանձնաժողովների անդամների, վստահված անձանց կամ դիրտորդների, որքան հենց ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա:

Բնականաբար, դա հնարավոր եղավ ապահովել առաջին հերթին էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողների աշխատանքի շնորհիվ: Օրինակ՝ 168.am-ում ժամը 20-ից հետո ընթերցողները հնարավորություն ունեին ուղիղ հեռարձակմամբ հետեւելու աղմկահարույց երկու տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկման ողջ գործընթացին: Վստահ կարող եմ ասել, որ, առանց լրատվամիջոցների առկայության, ընտրությունների ընթացքը շատ ավելի վատ կարող էր լինել:

Պետրոս Ղազարյան
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ

Կարծում եմ՝ մեծ ձեռքբերումն այն է, որ բոլոր կուսակցությունները հնարավորություն ունեին իրենց գաղափարները, ծրագրերը ներկայացնելու, դա դրական էր անշուշտ: Բացասականը այն էր, որ, ցավոք սրտի, բանավեճեր չեղան եւ հիմնականում իշխանության թեկնածուն խուսափեց դեմ առ դեմ հանդիպումներից:

Դա պատճառաբանվեց նրանով, թե շտաբի մարտավարությունն է այդպիսին, բայց ես կարծում եմ, որ դա ոչ թե ցանկություն է, այլ պարտականություն: Իշխանությունը, ինչպես նաեւ քաղաքական մյուս ուժերը, պարտավոր են գալ բանավիճելու: Դա հանրությանը զեկուցելու, իրազեկելու միջոցներից մեկն է: Ամենավատը այն է, որ մենք նման բանավեճեր չտեսանք: Ես չեմ գնահատի մեր աշխատանքը: Ճիշտ չէ ինքներս մեզ գնահատել, դա անշնորհակալ գործ է:

Journalists_at_work_3

Արման Բաբաջանյան
1in.am-ի գլխավոր խմբագիր

Կարծում եմ՝ լուսաբանման առումով թելադրողը ինտերնետն էր՝ ցանցային լրատվամիջոցները, որոնք դաշտի հիմնական դերակատարներն էին:

Կարելի է ասել՝ այս, ինչպես նաեւ նախորդ՝ նախագահական ընտրություններին լրատվական դաշտում դոմինանտ էին ոչ թե հեռուստատեսությունը կամ թերթը, այլ հենց լրատվական կայքերը:

Այս ընտրություններին ես մի վտանգավոր միտում տեսա՝ մեր լրատվական դաշտի կոռումպացված լինելը: Լրատվամիջոցները սկսում են արդեն անթաքույց ներկայացնել իրենց ֆինանսավորողներին, իրենց հովանավորողների շահերը:

Ցանկացած ոք,  ցանկացած պաշտոնյա փաստորեն իր ուզած կերպով կարողանում է աղավաղել իրականությունը եւ այլ լույսի նեքո ներկայացնել կատարված իրադարձությունը: Եթե այս միտումը շարունակվի եւ խորանա, անդառնալի հետեւանքներ կունենա երկրի համար:

Ես կատարյալ չեմ գնահատի մեր աշխատանքը, որովհետեւ իմ մեդիայի հնարավորությունները սահմափակ են եղել այդ իմաստով, մենք բավարար ռեսուրսներ չենք ունեցել, որպեսզի ընդգրկենք բոլոր վարչական տարածքները, դրանցից յուրաքանչյուրում գոնե մի-մի լրագրող ունենանք: Կարծում եմ՝ մաքսիմալ աշխատել եմ անաչառ լինել եւ իրականությունը ներկայացնել: 

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *