2013.03.19,

Նյուսրում

Սերժ Սարգսյանը «հասուն» լրագրողների եւ «սեւացնող» լրատվամիջոցների մասին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի18-ին հանդիպել էր սահմանափակ թվով լրատվամիջոցների ղեկավարների (սեփականատարերի, գլխավոր խմբագիրների, մեդիա ընկերությունների ընդհանուր մարտավարություն մշակողների) հետ:

Հեռուստաընկերությունների օպերատորները չեն տեսանկարահանել հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն ՀՀ նախագահի հետ լրատվամիջոցների հանդիպման տեսագրությունը տրամադրել է նախագահի լրատվական ծառայությունը:

Հանդիպման օրը այն հեռուստաընկերությունները, որտեղ որոշել են պատմել Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին, կադրեր եթեր չեն հեռարձակել եւ վերապատմել են հանդիպման որոշ մանրամասներ:

Հրավիրված են եղել 8 հեռուստաընկերությունների («Հ1»,«հ2», «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Արմնյուզ»), 4 տպագիր թերթերի («Հայոց աշխարհ», «Իրավունք դե ֆակտո», «Գոլոս Արմենիի», «Առավոտ») եւ 1 ռադիոկայանի («Ազատություն») ղեկավարները:

ՀՀ նախագահի կայքը հրապարակել է լրագրողների հետ հանդիպման սղագրությունը:

Մեջբերում ենք ՀՀ նախագահի ասուլիսից մի քանի հատվածներ, որոնք արտահայտում են նրա կարծիքը արտագաղթի ուժգնացման պայմաններում մեդիայի դերի մասին: Նաեւ արտացոլում են Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ազգային ժողովի ու լրագրողների փոխհարաբերությունների վերաբերյալ:

«Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են: Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է:

Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետեւից եւ ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է: Ափսոս է մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, ով առավոտից երեկո բախտի հետեւից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին»:

«… ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք»:

«Մեր երկրում բարությունը չի գնահատվում, հասկանո՞ւմ եք: Ձեւական բարեգործությունը դարձյալ փոխարինել է բարիությանը եւ բարեգործությանը: Նորից եմ կրկնում՝ իհարկե, այդ գործերի համար թիվ մեկ պատասխանատուն ես եմ, ամենամեծ պատասխանատուն իշխանությունն է, բայց միա՞յն իշխանությունն է՝, այլ քաղաքական ուժեր այստեղ առնչություն չունե՞ն, լրատվամիջոցներն այստեղ որեւէ մասնակցություն չպե՞տք է ունենան:

Ընդհանրապես, քաղաքացիական հասարակությունը որեւէ մասնակցություն չպե՞տք է ունենա: Ես կարող եմ թվարկել մարդկանց, ովքեր 10 տարվա ընթացքում մի դրական բան չեն տեսել այս երկրում, գոնե մեկ դրական բան: Կարող եմ լրատվամիջոցներ թվարկել, որոնք եւս մեկ դրական բան չեն տեսել: Կոչ չեմ անում իրենց չհայհոյել ինձ, իմ թիմակիցներին, ուրիշներին, իմ եղբայրներին, իմ երեխաներին: Եթե ես ստանձնել եմ Հանրապետության նախագահի պաշտոնը` պարտավոր եմ կուլ տալ ցանկացած դառը բան: Բայց բոլորը չեն չէ՞ ստանձնել Հանրապետության նախագահի պաշտոնը»:

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն երեկ ասել էր, որ Սերժ Սարգսյանը հաջորդ հանդիպմանը մտադիր է հրավիրել նաեւ հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *