Լրագրողները, հասարակական, քաղաքական գործիչներն այսօր հավաքվել էին Աբովյան 22 շենքի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության մոտ: Թերթը «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի հետ դատական գործընթացի մեջ է:
Իրենց գործընկերներին աջակցելու համար լրագրողները երթով շարժվեցին դեպի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է օրաթերթի դեմ բացված քաղաքացիական գործը:
«Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության հիմնադիր Խաչիկ Խաչատրյանը 2013 թվականի հունվարի 10-ին դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ:
Նա գտնում է, որ օրաթերթի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվերի համար» հրապարակումը արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Հրապարակման մեջ նշվում է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել:
Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է հերքել հրապարակումը եւ 3 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի եւ զրպարտության համար: Նա նաեւ դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ 3 միլիոն դրամի չափով արգելանք դնել օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրա, արգելել թերթին եւ Սոնա Գրիգորյանին մինչեւ վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվակամիջոցներով լուսաբանել գործով քննարկվող խնդիրը եւ դատական վեճի ընթացքը:
Միջնորդությունը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել արգելանք դնել օրաթերթի գույքի վրա:
Լրագրողական երթի մասնակիցները դատարանին հանձնեցին «Ժողովուրդ» օրաթերթի միջնորդությունը խմբագրության գույքի վրայից արգելանքը հանելու մասին: Ըստ թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի՝ դատական արգելանքը խոչընդոտում է իրենց նորմալ գործունեությունը:
«Եթե կալանքի տակ է դրված, արգելված է այդ գույքի ազատ տնօրինումը, դա արդեն նշանակում է խոչընդոտում: Այսինքն՝ ես չեմ կարող իմ համակարգիչները ազատորեն տնօրինել, իսկ ամենավատը, որ կարող է լինել, ցանկացած պահի կարող է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) ներս մտնել, վերցնել մեր գույքը, տանել որեւէ ապահով վայրում դնել, որպեսզի չվնասվի, եւ հետագայում կարողանան վաճառել այդ գույքը եւ վճարել Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության գինը»,- ասում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի կարծիքով` այնքան էլ հավանական չէ դատական այս փուլում «Ժողովրդի» գույքը բռնագրավումը ԴԱՀԿ կողմից: Նրա խոսքերով՝ գույքը արգելանքի տակ դնելը ենթադրում է գույքագրում, տնօրինման սահմանափակում եւ միայն որոշ դեպքերում առգրավում:
«Տնօրինման սահմանափակումը նշանակում է ոչ թե օգտագործելը արգելելը, այլ վաճառելը, անվանափոխություն կամ նվիրատվություն անելը, գրավ դնելը: Իսկ առգրավումը լինում է միայն անհրաժեշտության դեպքում, այդ անհրաժեշտությունն էլ պետք է հիմնավորված լինի»,- ասում է իրավաբանը:
Դատարանը եռօրյա ժամկետում դատական նիստ կհրավիրի եւ որոշում կկայացնի օրաթերթի միջնորդությունը բավարարելու կամ չբավարարելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ Խաչիկ Խաչատրյանի հետ կապված եւս մեկ դատական հայց կա: Օրաթերթը եւ լրագրող Սոնա Գրիգորյանը դատական հայց են ներկայացրել «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության հիմնադրի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել լրագրողից նրան վիրավորելու համար: Խաչիկ Խաչատրյանը լրագրողին անվանել էր «պրաստիտուտկա»:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: