track_brand_in_facebook

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է ֆեյսբուք սոցիալական ցանցում նախքան նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչությունը նախագահական ընտրությունների գործընթացի հետազոտության առաջին փուլի արդյունքները:

Հետազոտական կենտրոնը դիտարկել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀԿ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ անդամների 11, այդ քաղաքական ուժերի պաշտոնական 4, նրանց հարող 5 խմբերի, նրանց համակիր եւ ֆեյսբուքում հայտնի 4 օգտատերերի եւ Ֆեյսբուքյան դայջեսթ «Ֆեյսբուքյան ակտիվիստներ»-ի էջերը:

Կենտրոնը 2013 թվականի դեկտեմբերի 4-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հետազոտել է նաեւ առաջադրված 8 նախագահի թեկնածուներից 7-ի ֆեյսբուքյան էջերը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի էջը չի հետազոտվել, քանի որ նա սոցիալական ցանցում պաշտոնական ներկայություն չունի:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը գտնում է, որ այժմ շատ մեծ նշանակություն է տրվում ֆեյսբուքյան քարոզչությանը:

«Եթե առաջ համարվում էր, որ Ֆեյսբուքը եւս մեկ սովորական ինտերնետ գործիք է, մի գրատախտակ, որտեղ կարելի է անսահմանափակ կերպով տեղեկատվություն կախել եւ գնալ գործերով, ապա այսօր բոլորը հասկանում են, որ այն կենդանի օրգանիզմ է, եւ ֆեյսբուքյան հետադարձ ռեակցիան բավական անսպասելի կարող է լինել: Սա շատ կարեւոր զարգացում է ընդհանրապես քարոզչական կամպանիաների հարցում»,- ասում է նա:

Նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան ակտիվությունից բացի՝ կենտրոնը ուսումնասիրել է նաեւ նրանց էջերում բարձրացված թեմաները: Նախագահի թեկնածուների ամենահաճախ բարձրացրած թեմաներն են ընտրական գործընթացը եւ ներքաղաքական ազատությունները:

Աննա Բարսեղյան