2012.12.25,

Նյուսրում

ԱԺ պատգամավորը դատական հայց է ներկայացրել բլոգերի դեմ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ:

Դատական վեճի առարկան Տիգրան Ուրիխանյանի՝ «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մակագրությամբ դեմոտիվատորն* է, որտեղ պատգամավորը պատկերված է կնոջ մարմնով: Այն նվիրված է Տիգրան Ուրիխանյանի՝ «Style Screen» մրցանակաբաշխությանը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելուն:

Պատգամավորը գտնում է, որ բլոգերի պատրաստած դեմոտիվատորը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Տիգրան Ուրիխանյանը որպես փոխհատուցում բլոգերից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցել մեկ միլիոն դրամ վիրավորանքի, 500 հազար դրամ փաստաբանական եւ 30.000 դրամ դատական ծախսերի համար, ինչպես նաեւ Demotivator.am եւ Blognews.am կայքերից ու սոցիալական ցանցերից հեռացնել պատգամավորի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող նյութերը:

Բլոգերի խոսքերով՝ ինքը պատգամավորին վիրավորելու մտադրություն չի ունեցել:

«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ մեր երկրում, որն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, պատգամավորը, որը առաջին շարքերում պետք է լինի այդ խնդիրների դեմ պայքարելու համար, ժամանակ է ծախսում ոճային երեւալու, դրա մասին մամուլի հաղորդագրություններ ուղարկելու վրա: Եվ քանի որ խոսքը ոճի, մոդայի ոլորտի մասին է, որն ինձ մոտ առաջին հերթին կնոջ հետ է ասոցացվում, ես կնոջ մարմնով պատկերեցի եւ չեմ կարծում, որ կնոջ հետ համեմատելը վիրավորական է»,- ասում է Էդգար Բարսեղյանը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ բլոգերի դեմ դատական հայց ներկայացնելու նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղաքացի որեւէ այլ քաղաքացու վիրավորելու իրավունք չունենա:

«Եթե բլոգերի կարծիքով դա վիրավորանք չէ, ուրեմն այսուհետ իր եւ իր մերձավոր բարեկամների դիմապատկերները կիսամերկ մանեկենուհիների մարմիններին մոնտաժված կտեսնի տարբեր տեղերում, այդ ժամանակ կփորձեմ լսել նրա կարծիքը՝ վիրավորա՞նք է դա, թե՞ ոչ: Ես բազմաթիվ այլ զբաղմունքներ ունեմ եւ նկարներ պատրաստելով չեմ զբաղվում, բայց վստահ եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են` ինչ է տեղի ունենում, համապատասխան գործողություններ կիրականացնեն այդ համատեքստում»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ հնարավորության դեպքում ավելի մեծ պատիժ կպահանջեր, քան մեկ միլիոն դրամ փոխհատուցումն է:

«Իսկ դատական հայցը հաղթելու դեպքում հրապարակավ կուղղեմ այդ գումարը բարեգործությանը, որպեսզի որեւէ մեկի մոտ ինչ-որ այլ միտք գումարի անհրաժեշտության վերաբերյալ չառաջանա»,- ասում է պատգամավորը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ պատգամավորի՝ դատը շահելու դեպքում այն վտանգավոր նախադեպ կարող է դառնալ:

«Եթե դատարանը որոշի, որ Էդգարը սխալ էր, ապա մենք կստանանք նախադեպ, երբ յուրաքանչյուր դիպուկ եւ ազդեցիկ ծաղրանակար կարող է դատական համակարգի թիրախ դառնալ։ Էլ չեմ ասում, որ դատված բլոգեր ունենալը Հայաստանին կմտցնի շատ հետաքրքիր երկրների ցանկ»,- ասում է նա:

Մեդիա փորձագետի կարծիքով՝ քաղաքական գործիչները պետք է ուսումնասիրեն եվրոպական փորձը եւ իմանան, որ քաղաքական գործիչները կարող են դաժան ծաղրի ենթարկվել եւ չհետապնդել ծաղրանկարիչներին:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանը գտնում է, որ բլոգերի պատրաստած դեմոտիվատորը վիրավորանք չի պարունակում. բլոգերը ոչ թե վիրավորելու, այլ նկարի միջոցով տեղեկատվություն հաղորդելու դիտավորություն է ունեցել:

«Այս դեպքում բլոգերն օգտվել է երգիծանքի ոճից, իսկ երգիծանքի ոճում ստեղծագործելը իրավունք է, որը պաշտպանվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Երգիծական ոճը ինքնին չափազանցություն է ենթադրում, ինչը օրինաչափ է եւ նորմալ»,- ասում է նա:

Իրավաբանի խոսքերով՝ ընդհանրապես եթե հրապարակված նյութի շարադրանքը երգիծանքի ոճով է, այն ոչ միայն պատասխանատվության չի ենթարկում, այլեւ արտահայտվելու ազատության լրացուցիչ պաշտպանություն է ապահովում հրապարակող լրագրողի համար:

«Մյուս կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քաղաքական գործիչները, հանրային նշանակության անձինք ավելի համբերատար եւ հանդուրժող պետք է լինեն իրենց հասցեին արվող քննադատություններին»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:

Իրավաբանի կարծիքով՝ դատարանում պատգամավորի հաղթանակը կվտանգվի խոսքի ազատությունը:

«Եթե դատական վճիռը կայացվի հօգուտ հայցվորի, սա կարող է խոսքի, առավելեւս լրատվամիջոցների ազատության իրավունքը ոտնահարելու մտահոգիչ նախադեպ դառնալ: Դրանից հետո բոլոր ծաղրանկարները, շարժերը, որոնք արվել են վաղուց, օգտագործվում են տարբեր լրատվամիջոցներում, կդառնան վեճի առարկա, եւ այդ ոճը ընդհանրապես կմեռնի»,- ասում է նա:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ի պաշտպանություն բլոգերի, սկսվել է «Ես դատի եմ տալիս Էդգար Բարսեղյանին….» ֆլեշմոբը, որտեղ օգտատերերը տարբեր երգիծական պատճառներով իբրեւ դատի են տալիս բլոգերին:

 Աննա Բարսեղյան

Դեմոտիվատորը* սեւ շրջանակից եւ մակագրությունից բաղկացած երգիծական պատկեր է, որը մեծ տարածում ունի ինտերնետում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *