2012.12.18,

Նյուսրում

Մամուլի ազատությունը Հայաստանում. գնահատականներ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում, որպես կարեւոր ձեռքբերում, նշեց նաեւ լրատվական դաշտի ազատականացումը։

«Մենք սկսեցինք եւ մինչեւ վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը:

Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը եւ վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց՝ ընդդիմախոսելու իրավունքը»,- ասվում է նախագահի ելույթում:

Նախագահի ելույթի՝ մեդիային վերաբերող հատվածի մասին կարծիքներ են հայտնում մեդիա մասնագետներն ու խմբագիրները:

Սաթիկ Սեյրանյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր 

Վերջին 4-5 տարիներին հեռուստաեթերն իսկապես անհամեմատ ազատականացվել է: Այսօր հեռուստաեթերում կարելի է լսել տեղեկություններ ու կարծիքներ, տեսնել ընդդիմադիր գործիչների, այն դեպքում երբ մի քանի տարի առաջ դա ուղղակի անհնար էր պատկերացնել: Սակայն կարծում եմ, որ իշխանությունն այդ քայլին գնացել է ոչ թե ազատ խոսքի ու մամուլի ազատության սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով, այլ շատ պրագմատիկ հաշվարկի արդյունքում:

Իշխանությունը զգաց, որ ինտերնետի տարածումը, սոցիալական ցանցերի մասսայականացումն անխուսափելի է դարձնում408
որեւէ տեղեկության, կարծիքի հրապարակումը: Ըստ ամենայնի, իշխանությունները հասկացան, որ ավելի լավ է դա անել սեփական նախաձեռնությամբ ու սեփական լրատվամիջոցներով, ինչը նաեւ որոշակի վերահսկողության հնարավորություն է տալիս, քան անիմաստ պայքարել ազատ խոսքի դեմ, որն այսպես, թե այնպես՝ հնչելու է:

Դա միաժամանակ հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ներկայանալ որպես ավելի ժողովրդավարական, բաց ու թափանցիկ իշխանություն: Բայց եկեք չմոռանանք, որ նույն այդ իշխանությունը 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ հաստատեց արտակարգ դրություն եւ արգելափակեց մամուլը:

Հայաստանում իսկապես կա խոսքի եւ մամուլի ազատություն, բայց դժբախտաբար դա ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի: Գործնականում խոսքը, մամուլը, լրատվությունը` որպես հանրային կառավարման համակարգի մաս, զրկված է հանրային որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից: Կարելի է գրել ու խոսել ամեն ինչի մասին, բայց, միեւնույն է, իշխանությունն անում է այն, ինչ բխում է իր շահերից:

Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ

409Ըստ երեւույթին՝ վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ, իրոք, ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ նվազել են:

Եթե 2010-2011 թվականներին մենք կարող էինք ասել, որ դրանց փոխարինել են զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ գործերով հետապնդումները դատարանների կողմից, ապա այսօր կարծես այդ հարցն էլ որոշակի լուծում է գտել, եւ լուրջ դժգոհությունների առիթ դատարանները զրպարտության եւ վիրավորանքի գործերով չեն առաջացնում:

Ինչ վերաբերում է ազատ եթերին, եթե խոսքը գնում է ընտրությունների, քաղաքական կյանքի լուսաբանման մասին, բազմազանության աստիճանը բավականին բարձրացել է Հայաստանում, սակայն մտահոգություններ մնում են այն առումով, որ ամենը, ինչ կատարվում է լրագրության եւ լրագրողների հետ կառավարվող դեմոկրատիայի տպավորություն է թողնում:

Այսինքն՝ զգացվում է, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, որ դրանք արմատական փոփոխություններ չեն, այլ իրավիճակային, եւ որպեսզի լրատվամիջոցների բազմազանությունը, խոսքի ազատությունը եւ լրագրողների անկախությունն ու անվտանգությունը դառնան մեր կյանքի օրենք, դեռ շատ բան պետք է արմատապես փոխել Հայաստանում թե՛ օրենսդրական մակարդակով, թե՛ քաղաքականության իրականացման առումով:

Աննա Իսրաելյան
Առցանց «Առավոտի» խմբագիր

Իրականություն է, որ այսօր լրատվական դաշտն ուղղակի հնարավոր չէ համեմատել այն իրավիճակի, հետ, որ կար երկրորդ410 նախագահի օրոք, երբ հեռուստաընկերություններում  արգելված հյուրերի եւ թեմաների ցուցակներ կային: Հիմա անգամ այն հեռուստաընկերություններում, որոնք միայն ժամանցային բնույթի էին, փորձում են ինչ-որ բանավիճային կամ քաղաքական հաղորդումներ ունենալ, եւ այս իմաստով իրավիճակը շատ ավելի բարվոք է:

Ինձ թվում է՝ այդ քսան րոպեանոց եթերը «Ա1+»-ին տրվեց հենց նրա համար, որ հիմա հնարավոր լինի նման վկայակոչում անել, թե «վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»:

Բայց ես չեմ կարծում, որ «Ա1+»-ի եթերի խնդիրը լուծվել է: Այն լուծված կարելի կլինի համարել միայն այն ժամանակ, երբ այդ հեռուստաընկերությունն ամբողջապես լինի եթերում, իսկ «Ա1+»-ի եթերում լինելու խնդիրը, այնուամենայնիվ, մնում է հրատապ, քանի որ մասնավորապես հեռուստաընկերությւոնների գլխավոր հարցն այն է, որ դրանք մնում են կառավարելի:

Այսինքն՝ ուզեցին, փակեցին ընդդիմության առաջ նախորդ նախագահի օրոք, ուզեցին հիմա բացեցին կամ կիսաբացեցին ներկա նախագահի օրոք, վաղը ուզենան, էլի կփակեն: Սակայն պահանջարկ կա, որ եթերում առնվազն մի հեռուստաընկերություն լինի, որը դուրս կլինի այդ կառավարելի խաղի շրջանակներից:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն 

411Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո արդյո՞ք հաջորդ օրը այս կամ այն պաշտոնյան կփորձեր աշխատել այդ կերպ: Շատ պատգամավորներ եւ պաշտոնյաններ, որ նստած էին դահլիճում, արդյո՞ք անցնող չորս տարիների ընթացքում լրագրողներին ուղղված իրենց հայհոյանքների, բռնության, իրենց խոսքերի եւ պահվածքի համար խղճի խայթ չզգացին, որ նման բան, այնուամենայնիվ, անում են, իսկ նախագահին թվում է, թե ընդհանրապես ամեն ինչ նորմալ է մեր երկրում:

 

Մեսրոպ Մովսեսյան
«Ա1+»-ի նախագահ
/հարցազրույցը Հայելիի/

Ինձ մոտ հարց է առաջանում. ինչ է նշանակում, թե «փակված հեռուստաընկերություններին մեր իշխանության օրոք եթեր է տրվել»: Փակվածներից մեկը «Ա1+» -ն է, եւ մենք եթեր չունենք, մենք ունենք պատվեր եւ դա դարձնել քաղաքական412 շահարկման առարկա եւ նորից մեղադրել ընդդիմությանն ու «Ա1+»-ին` հարցը քաղաքականացնելու մեջ, դառնում է անհեթեթություն:

Սերժ Սարգսյանն ինքը քաղաքականացրեց այդ հարցը եւ սկսեց շահարկել։ Ես կասեի, որ Սարգսյանն արջի ծառայություն մատուցեց «Արմնյուզի» ղեկավարությանը, որը ելնելով իր բիզնես շահերից եւ ինչ-ինչ ամբիցիաներից, արել էր այդ առաջարկությունը. փաստորեն մատնվեց նրանց խաղը:

Սեպտեմբերի ամսին կնքվել է պայմանագիր 6 ամսով, դա նշանակում է, որ փետրվարի 10-ին մեր պայմանագիրը կարող է դադարեցվել, դա ի՞նչ է նշանակում, որ նորից «Ա1+» -ին զրկեցի՞ն եթերից. այսօր տվել են, վաղը զրկո՞ւմ են։ Եւ ո՞վ է այդ ամենն անում, նախագա՞հը: Եւ սա համարվում է ժողովրդավարական երկիր ու դրանով դեռ հպարտանում են։ Սա մանկամտության մակարդակի գործունեություն է, ծիծաղելի է, թող բացեն, փակեն, ինչ ուզում են՝ անեն։

Աննա Բարսեղյան
Նունե Հախվերդյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *