2012.12.18,

Նյուսրում

«Տպագիր թերթն ապագա ունի մի պայմանով՝ այն պետք է կերպափոխվի…»

Տպագիր մամուլը դժվարին օրեր է ապրում ողջ աշխարհում: Մեդիայի ղեկավարները ճգնաժամի դեմ փորձում են պայքարել՝ աշխատատեղերը, թերթերի էջերը կրճատելով, սակայն շատ դեպքերում դա եւս չի օգնում խուսափել փակվելու վտանգից:

Փակվում են այնպիսի մեծ ու հայտնի պարբերականներ, որոնք կշիռ ունեին ողջ աշխարհի մեդիայի զարգացման ու միջազգային հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

 Ինտերնետի հզոր շունչն ու թափը կարծես մրցակցությունից դուրս է մղում տպագիր մամուլը, տեղեկատվության մատչելիությունն ու գերարագությունն այսօր որոշում են ամեն ինչ: Ամերիկյան օրաթերթերի ապրիլից սեպտեմբեր ամիսների համար Մամուլի տպաքանակի աուդիտի գրասենյակի (ABC, Audit Bureau of Circulation) կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք իրենց ընթերցողին պահպանել են վեբկայքերի շնորհիվ, որը սակայն չի փոխհատուցել տպագիր թերթի տպաքանակի կորուստը:

Օրինակ՝ «The Wall Street Journal»-ը, որն ամերիկյան ազգային ամենաընթերցվող օրաթերթն է, ունի 1,5 մլն ընթերցող, իսկ webում նրանց թիվը հասել է 794.000-ի, ընդհանուրը՝ 2,23 մլն ընթերցող, եւ գրանցել է 9,4% աճ մեկ տարում: «USA Today»-ը, որը նույնպես ամենաընթերցվողներից է, ունի 1,6 մլն ընթերցող եւ 86.000 webի այցելու, ընդհանուր՝ 1,7 մլն ընթերցող:

«New York Times»-ի դեպքում հակառակ պատկերն է. 896.000՝ ինտերնետային կայքում եւ 717.000՝ տպագիր տարբերակում: Ընթերցողների քանակը պահպանելուն մեծապես նպաստում են նաեւ բազմաֆունկցիոնալ հեռախոսները, որոնք տեղեկատվությունն ամեն վարկյան ձեռնահաս են դարձնում ընթերցողին: Վեբկայքերի պահանջարկն այնքան է մեծացել, որ շատ հայտնի կայքեր անցնում են վճարովի տարբերակին:

Այսօր, մեդիա դաշտում թելադրող դիրք ունենալով հանդերձ, webն ունի ընթերցողի որոշակի տարիքային սահմանափակում: Նրա ընթերցողը տասնութից մինչեւ քառասուն տարեկան տարիքային ցենզում է, իսկ դրանից բարձր տարիքի ընթերցողը տպագիր մամուլ ընթերցելու մշակույթի կրողն է:

Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում եւս շատ թերթեր հայտնվեցին փակման եզրին, որոշներն էլ փորձում են կյանքը երկարացնել կրճատումների միջոցով կամ անցնելով միայն ինտերնետային տարբերակիԱյսպես, ֆրանսիական «La Tribune»-ը այս տարվա հունվարի 31-ին  հրատարակեց թերթի վերջին՝ 4903-րդ համարը, որը նվիրված էր իր գոյության 27 տարիներին:

Թերթը լույս էր տեսնում 1985թ.-ից 100,000 օրինակով եւ կարողացել էր  լուրջ ազդեցություն ձեռք բերել ոչ միայն ֆրանսիական, այլեւ միջազգային մեդիա դաշտում: Սակայն ֆինանսական խնդիրները թերթին հասցրին մինչեւ դատական405 ատյաններ, ինչի հետեւանքով թերթի հրատարակումը վեց ամսով կասեցվեց, որից հետո վերսկսվեց, ինչը սակայն կարճ տեւեց

Նույնիսկ թերթի կասեցման հանգամանքը չնպաստեց մյուս պարբերականների քանակի ավելացմանը: Այդ նույն ժամանակամիջոցում  «Liberation»-ի տպաքանակը կրճատվեց 1,93%-ով, Le Mondeինը՝ 2,36%-ով, իսկ Parisienինը` 3,13%-ով:

«Անցած ժամանակաշրջանում «La Tribune»-ի թողած դատարկությունը չզբաղեցրեց ոչ մի այլ պարբերական»,- նրա կորստի մասին ցավով գրում է «Le Monde»-ը, ապա հավելում. «Մի էջ եւս շրջվեց ֆրանսիական տպագիր մամուլի կյանքից, բայց այն պահին, երբ մեր տպագրական մեքենաները կանգ կառնեն, La Tribuneի ոգին կապրի անեղծ»:

«France soir»-ը, որը լույս էր տեսնում 1944թ.-ից եւ դարձել էր ֆրանսիացիների կենսակերպի անբաժանելի մասը, այս տարվա հուլիսին թողարկեց իր վերջին համարը: Ըստ «Ֆրանս-պրես» գործակալության՝ Ֆրանսիան չորս տնտեսական օրաթերթերից անցել է մեկին, նույն վիճակում են նաեւ Անգլիան՝ Financial Times, Գերմանիան` «Handelsblatt»,  Իտալիան` «Il Sole 24 Ore» եւ այլն:

Եվրոպական կամ ամերիկյան տպագիր թերթը կամ ամսագիրը առաջին հերթին շահույթ հետապնդող ձեռնարկություն է, որի անկմամբ էլ այսօր պայմանավորված է  հայտնի թերթերի մեծ մասի փակվելը: Շատերի պարագայում սեփականատերերը կամ բաժնետերերը հրաժարվում են ներդրում կատարել, քանի որ թերթը չի կարողանում շահույթով աշխատել եւ պարտքեր է կուտակում, կամ նախընտրում են կենտրոնանալ միայն ինտերնետային տարբերակի վրա, ինչպես, օրինակ, իսպանական «El Pais»-ի դեպքում է:

Այս պարբերականն ունի երկարատեւ կենսափորձ, լույս է տեսնում 1976թ.-ից եւ իր մասնաճյուղերն ունի եվրոպական տարբեր երկրներում, սակայն այսօր հարկադրված է կրճատել թե՛ աշխատողներին՝ մի մասին ուղարկելով հարկադիր թոշակի, եւ թե՛ թերթի էջերի քանակը, եւ այդ կերպ փորձել հաղթահարել ֆինանսական ճգնաժամը: Թերթը հայտարարել է, որ այսուհետ կենտրոնանալու է ինտերնետային տարբերակի վրա:

International «Herald Tribune»-ն այս տարի նշեց իր ծննդյան 125-ամյակը: Տարածվում է ավելի, քան 160 երկրներում, այսօր կանգնած է ֆինանսական միջոցները խնայելու խնդրի առջեւ: Չնայած թերթը կենսունակ է, այնուամենայնիվ, քննարկվում է հրատարակչությունը Փարիզից տնտեսապես ավելի էժան երկիր տեղափոխելու մասին:

Բերված օրինակները խոսում են ողջ աշխարում տպագիր մեդիայի ճգնաժամային իրավիճակի մասին: Սակայն ինչպե՞ս հաղթահարել այն, կամ արդյո՞ք հնարավոր է հաղթարել, կկարողանա՞ տպագիր մամուլը շարունակել իր լիարժեք կենսագործունեությունը ինտերնետային մրցավազքի հետ պայքարում եւ մնալ մրցունակ, չկորցնել իր ազդեցությունն ու կշիռը հասարակական կյանքի հետագա զարգացման ընթացքի վրա:

Ահա այս հարցերի պատասխանն են փորձում գտնել մեդիայի մագնատներն ու փորձագետները ողջ աշխարհում: Շատերի համար տպագիր մամուլը այլեւս պարտված է ինտերնետի հետ պայքարում, իսկ ձեռնարկվող քայլերն էլ միայն անհույս փորձեր են վերջինիս կյանքը մի քիչ էլ երկարաձգելու համար, ոմանք հույս են տածում, որ սա տնտեսական ճգնաժամով պայմանավորված մի դժվարին ժամանակահատված է, որը եւս կարելի է հաղթահարել:

406Ֆրանսիական «Le Monde»-ի տնօրեն Էրիկ Իզրաելեվիչը բոլորովին վերջերս, ներկայացնելով «Le Monde»-ի առաջիկա անելիքները, նշել էր, որ պատրաստվում են նոր էջ ավելացնել թերթում բոլորովին նոր ֆորմատով, քանի որ իրենց թերթն այսօր էլ 2 մլն ընթերցող ունի, Le Monde.frն՝ շուրջ 7 մլն այցելու: 2011-2012թթ.-ին թերթի տպաքանակը ավելացել է  290,667 օրինակով, ինչը 0,23% աճ է նշանակում:

Տպագիր մամուլի ապագայի վերաբերյալ նա ասել է. «Տպագիր թերթն ապագա ունի մի պայմանով, որ այն պետք է կերպափոխվի, դառնա մեր առաջարկի՝ «գամմայի ամենաբարձր սեգմենտը»: Խոսքը վերաբերում է թերթն ավելի արագ արձագանքող, ավելի ստորակարգված եւ ընթերցելու համար ավելի հաճելի դարձնելուն»:                                                                                  

Իրավիճակը միանգամայն այլ է հայաստանյան մամուլի պարագայում, որը կա՛մ որեւէ կուսակցության խոսնակն է, կա՛մ էլ ինչ-որ անհատի հովանավորչությունն է վայելում եւ տպաքանակի կրճատման եւ ցածր սպառման պայմաններում դեռեւս շարունակում է գոյատեւել

Մեր տպագիր մամուլի պարագայում բիզնես նպատակներն ամենաառաջնայինը չեն, քանի որ նրանք ավելի շուտ քարոզչության հարց են լուծում՝ չնայած յուրաքանչյուր պարբերական կցանկանար շահույթով աշխատել: Իհարկե, տպագիր թերթերի մեծ մասն ունի իր վեբկայքը եւ աշխատում է տեղեկատվությունը հնարավորինս  արագ, մատչելի եւ հասանելի դարձնել ընթերցողին, քայլել ժամանակին համընթաց:

Այսուհանդերձ, ձեռնարկվող քայլերը բեկում չեն առաջացնում հիմնախնդրի լուծման ճանապարհին մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանքի պատճառով: Տպագիր մամուլի սպառողը հիմնականում դարձել է մայրաքաղաքը եւ նրա մերձակայքը: Նրա սպառման շուկան խիստ նեղացել է, իսկ մայրաքաղաքում էլ «նեղում են» կայքերն ու բլոգերները:

Այսինքն՝ լայն առումով տպագիր մամուլն ու ընթերցողը փոխադարձաբար կորցրել են միմյանց, իսկ հարկավոր է վերականգնել այն ու նպաստել մամուլի տարածմանը: Կարծում եմ՝ եվրոպական փորձագետների ջանքերը տպագիր մեդիան կերպափոխելու եւ միանգամայն նոր տեսանկյունից ու նոր առաջարկով ընթերցողին ներկայանալու փորձը կարող է օգտակար լինել նաեւ հայաստանյան մամուլի համար:   

Մետաքսե Պետրոսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *