Վանաձորում հեռուստատեսային գովազդային շուկան հանդարտվել է: Տեղական հեռուստաընկերությունները՝ «Լոռի»-ին, «Միգ»-ը, «Ֆորտունա»-ն եւ «9-րդ ալիք»-ը փորձում են աշխատել առանց իրար խանգարելու:
Ամռանը վանաձորյան գովազդային շուկայում այլ իրավիճակ էր: Վանաձորի հեռուստաընկերությունները բողոքում էին, որ Լոռու մարզում թվային հեռարձակման արտոնագիր ստացած «Ֆորտունան» անազնիվ ճանապարհով մոնոպոլացրել է տեղական մեդիա դաշտը և մյուս հեռուստաընկերություններին դուրս մղել գովազդային շուկայից: «Լոռի»-ին, «Միգ»-ը, «9-րդ ալիք»-ն ու տեղական գովազդային գործակալությունները հայտարարում էին, թե «Ֆորտունա»-ն անբարեխիղճ ինքնագովազդով իր կողմն է գրավել գովազդատուներին:
«Ֆորտունա»-ի ինքնագովազդում ասվում էր, որ հեռուստաընկերությունը «հեռարձակվում է Լոռու մարզի ողջ տարածքում` ներառելով 8 քաղաք, 106 գյուղական համայնք, շուրջ 250 հազար հեռուստադիտող»:
Մրցակից հեռուստաընկերությունները հրապարակեցին տվյալներ, համաձայն որի «Ֆորտունայի» սփռման տիրույթը շատ ավելի սահմանափակ է: Հեռուստաընկերությունը չի հեռարձակվում Լոռու մարզի շատ համայքներում, ինքնագովազդում նշվող հեռուստալսարանը իրականում առնվազն երկու անգամ ավելի փոքրաթիվ է:
«Միգ»-ի տնօրեն Սամվել Հարությունյանն ասում է, որ անցած ամիսների ընթացքում իրենցից հեռացած գովազդատուները վերադարձել են: Ամառային սկանդալը արդյունքներ է տվել:
«Բոլոր շահագրգիռ ուժերի միացմամբ սուտը ելավ ջրի երես: Ու գովազդատուների մի մասը էլի իրենց գովազդը տեղափոխեց իր նախկին գործընկեր ստուդիաներ: «Ֆորտունան» մի քիչ կոնկրետացրեց իր ինքնագովազդը»,- ասում է Սամվել Հարությունյանը:
Ո՛չ Սամվել Հարությունյանը, ո՛չ էլ «Լոռի»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը իրենց գովազդային հոսքերի, շրջանառության մասին խոսել չեն ցանկանում:
«Ցանկացած բիզնեսում եկամտի թվերը գաղտնիք են: Գնացուցակ ես չեմ կարող տալ»,- ասում է Սամվել Հարությունյանը: Նա միայն նշում է, որ իրենք ճկուն են եւ շուկայի պահանջներին համապատասխան կարողանում են կարգավորել գովազդի գները:
«9-րդ ալիք»-ի տնօրեն Լիլյա Աբրահամյանի ներկայացած վիճակագրությամբ` հունիսից մինչ օրս գովազդային հոլովակների թիվն իրենց եթերում աննշան է տատանվել. հունիսին` 18 հոլովակ, հուլիսին` 21, օգոստոս` 17, սեպտեմբեր` 27, հոկտեմբեր 22, նոյեմբերին` 24 հոլովակ:
«9-րդ ալիք»-ի եթերում գովազդի մեկ րոպեի միջին արժեքը երկու հազար դրամ է: Երբեմն այդ թիվը հասնում է հինգ հազար դրամի: «Կախված է գովազդի բնույթից, մի քիչ էլ գովազդատուից»,- ասում է Լիլյա Աբրահամյանը:
«Ֆորտունա»-ում գովազդի գինը ամսավճարով են հաշվում: Ամսական միջինը 45 հազար դրամ է: Հեռուստաընկերության տնօերն Կարեն Արշակյանն ասում է, որ Լոռու մարզում գովազդ պատվիրողների սահմանափակ թիվ կա: Փոքր խանութներն տաղավարները ուզում գովազդել իրենց արտադրանքը կամ ծառայությունը, բայց քանի որ գովազդի գումար չունեն, չեն կարողանում մտնել գովազդային դաշտ:
Կան դեպքեր, երբ բարտերային տարբերակով են աշխատում: Օրինակ, համակարգչային տեխնիկայի գովազդի դիմաց ոչ թե գումար են ստանում, այլ համակարգիչներ: «Հիմա` դեկտեմբերին, կարող է ինչ-որ մի տեղ որոշակի աճ ունենանք: Նոր սուպերմարկետ է բացվել, միգուցե կունենանք նոր սուպերմարկետի գովազդը»,- ասում է Կարեն Արշակյանը:
Տեղական բոլոր հեռուստատեսային ալիքներում էլ սպասում են, որ ամանորյա տոները կաշխուժացնեն գովազդային շուկան:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: