Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջին տարիներին դարձել էր մամուլի «սիրելի» հերոսներից մեկը: «Ես գիտեմ, որ ձեր ուրախությունն եմ, կմեռնեք, եթե մի օր իմ մասին մի բան չգրեք, օրերդ տխուր կանցնի»,- մի առիթով ասել էր նա, երբ հանրապետական սփռում ունեցող թերթերի լրագրողները փորձել էին հարցախեղդ անել ու որեւէ սրամիտ պատասխան կորզել «թասիբով գյումրեցուց»:
Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ուղիղ եթերները գյումրեցիների ամենասիրելի թոք շոուների շարքում էին: Նախկին քաղաքապետն իր ներկայությամբ նաեւ ռեյտինգ էր ապահովում տվյալ հեռուստաընկերության համար: Դեռ տասը տարի առաջ, երբ խոսք լինել չէր կարող այդ եթերները առցանց դիտելու մասին, քաղաքապետի մասնակցությամբ ուղիղ եթերում հաղորդումը չդիտած, հաջորդ օրվա կրկնությունը բաց թողած հեռուստադիտողը փորձում էր ծանոթների միջոցով տվյալ հեռուստաընկերությունից ձեռք բերել վիդեոտարբերակը:
Տեղյակ լինելով նախկին քաղաքապետի բռնկվող բնավորությանը, հաղորդավարները փորձում էին հրահրող հարցերի միջոցով «յուղ լցնել կրակին» ու հետաքրքրացնել հաղորդմանը: Հետո դժվար վիճակում էր հայտնվում Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն, ով հաջորդ օրերին ստիպված էր ինչ որ կերպ հարթել «շեֆի»՝ ուղիղ եթերում թույլ տված բացթողումները:
Եթե երեւանյան լրատվամիջոցների հետ Վարդան Ղուկասյանի ջուրն այսպես ասած մի առվով գնում էր ու անգամ բացասական հոդվածներից հետո նախկին քաղաքապետը համաձայնվում էր կրկին պատասխանել տվյալ լրագրողի հեռախոսազանգին, ապա տեղական լրատվամիջոցների հարցում նա որոշակի վերապահումներ էր անում: Գյումրիի նախկին քաղաքապետը երբեք չէր մոռանում իր «էշին չոշ» ասած լրագրողին ու լրատվամիջոցին: «Գալա» հեռուստաընկերության հետ անհաշտ հարաբերությունները դրա վառ ապացույցն էին: Քաղաքապետարան-լրատվամիջոց կոնֆլիկտի արդյունքում, հեռուստաընկերության լրագրողների համար տեղական համայնքային խնդիրների լուսաբանումը վերածվել էր փորձության:
«Հետք»-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի դատական վեճից հետո Վարդան Ղուկասյանի սեւ ցուցակում հայտնվեցին նաեւ տվյալ լրատվամիջոցն ու Դրամփյանների տոհմի մասին հետաքննական նյութեր հրապարակած լրագրողն, ում հասցեին քաղաքապետը չէր զլացել բարձրաձայն արտահայտվել, թե «զզվիմգը»: Վարդան Նիկոլայեւիչի կառավարման տարիների համար դատական այդ գործը առաջինն էր ու նախադեպը չուներ: Լրագրողը փորձել էր նախկին քաղաքապետից սկզբում բանավոր, այնուհետեւ գրավոր ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը: Գրավոր հարցմանը հաջորդել էր երեքամսյա լռություն, որից հետո լրատվամիջոցը հարցը տարել էր դատական հարթություն:
Քաղաքապետարանի դռները փակ էին նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության տեղի թղթակիցների առաջ: Պարբերաբար խնդիրներ էր ունենում նաեւ «Առավոտ» թերթի տեղի թղթակիցը, իսկ վերջին մեկ տարին քաղաքապետարանի դռները չէին բացվում նաեւ նրա համար:
Վարդան Ղուկասյանի դարաշրջանը տեղական լրատվամիջոցների համար ուներ իր դրական եւ բացասական կողմերը: Տարին մեկ կամ երկու անգամ շոուի վերածվող հաղորդումներ քաղաքապետի մասնակցությամբ, այս կամ այն հեռուստաընկերությունում, գովազդի պատվիրում, մեկ կամ երկու հաղորդման ֆինանսավորում: Սա տեղական խնդիրների ներկայացման սուր ծայրերը հարթեցնելու միջոցներից մեկն էր, որ հաջողությամբ կիրառում էր Գյումրու նախկին քաղաքապետը:
Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին քաղաքապետարանում տեղի ունեցող պաշտոնական հանդիպումները լուսաբանելու էին հրավիրվում միայն այն լրատվամիջոցները, որոնք երբեւէ խնդիր չէին ունեցել նրա հետ: Գյումրիի նախկին քաղաքապետի համար լրագրողները «սատանաներ» էին: Վարդան Նիկոլայեւիչի համոզմամբ պարզապես նրանց մեջ կային լավ կամ վատ սատանի ճտեր:
Գյումրու ղեկավարի փոփոխությունը լրատվական դաշտում եւս փոփոխություններ արձանագրեց: Նորակառույց քաղաքապետարանի շենք երբեւէ ոտք չդրած լրագրողները հոկտեմբեր ամսին առաջին անգամ հավաքվեցին մեկ վայրում տեղական նշանակության իրադարձությունները լուսաբանելու նպատակով:
Սամվել Բալասանյանն առայժմ որեւէ լրատվամիջոցի նկատմամբ անձնական հակակրանք կամ համակրանք չի դրսեւորել: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստը լուսաբանելու համար հրավիրվել էին քաղաքում գործող տեղական եւ երեւանյան 10 լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները: Նիստն էլ օնլայն հեռարձակվեց «Ասպարեզ» ակումբի կայքում:
Երանուհի Սողոյան, Գյումրի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: