2012.10.17,

Նյուսրում

ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը ներողություն է խնդրել Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման եթերային խոտանի համար

Երեք հեռուստաընկերություն, երկու ռադիոընկերություն եւ մեկ տպագրատուն միավորող ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը առաջին անգամ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ: Առիթը հոկտեմբերի 10-ին կայացած Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումն է, որի առաջին խաղակեսը Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է առանց հաղորդավարի:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:

Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին

Ձեռնարկվել են խստորոշ եւ հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված եւ սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլեւս չկրկնվելու համար:

Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը եւ ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը եւ կարժանանանք Ձեր գոհունակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը տարածվել է ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի նախագահ եւ գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի անունից:

Հաղորդագրությանը կից տեղեկանքում նշվում է, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը:

Տարբեր լրատվամիջոցների միավորող Պանարմենիան Մեդիա Գրուպի հարցը 2012թ-ի հուլիսի 18-ին քննարկել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Միավորումը պաշտոնապես հավանության է արժանացել եւ որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության եւ Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ , «Ռադիոո ՊՌՈ» ՍՊ, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲ ընկերությունների միջեւ կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *