2012.08.30,

Նյուսրում

Ընտրություններ Կապանում. հեռուստաընկերությունները քաղաքական գովազդ են հեռարձակում

Կապանի «Խուստուփ Թիվի»  հեռուստաընկերության «Կապանլուր» լրատվական ծրագիրը նախընտրական շրջանում եթեր չի հեռարձակվի: Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է չլուսաբանել սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը:

Թեկնածուները երկուսն են՝ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը  եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Հայրապետյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ՀՅԴ անդամ եմ՝ հեռուստաընկերությունը թիրախ չդարձնելու, ավելորդ պիտակավորումներից զերծ պահելու համար, սեփական լրատվական թողարկումները դադարեցրել ենք»,- ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրեն  Սասուն Մանուկյանը:

Քաղաքական գովազդից «Խուստուփ Թիվի»-ում չեն հրաժարվել: Հեռուստաընկերությունը վճարովի եթերաժամ է առաջարկում քաղաքապետի եւ ավագանու թեկնածուներին: 

«Քարոզարշավի մեկնարկից սկսած հավասար պայմաններ ենք ապահովել բոլոր թեկնածուների համար, անգամ քաղաքական գովազդի վճարովի[[wysiwyg_imageupload:317:]] ժամանակահատվածի հերթականությունը վիճակահանությամբ է կազմակերպվում` քաղաքապետի 2 թեկնածուների շտաբերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասում է Սասուն Մանուկյանը:

Քաղաքական գովազդը հեռարձակվում է «Կապանլուրի» թողարկումների ժամերին, օրը երկու անգամ` 20:30 եւ 23:30-ին: Թեկնածուներից յուրաքանչյուրին տրամադրվում է 5-ական րոպե: Քարոզչական բնույթի նյութերի մեկ րոպի արժեքը քաղաքապետի թեկնածուների համար հեռուստաընկերությունը սահմանել է 6000 դրամ, իսկ ավագանու անդամի թեկնածուների համար վճարովի եթերի մեկ րոպեի սակագինը 4800 դրամ է:

Առայժմ վճարովի եթերից օգտվում են միայն քաղաքապետի թեկնածուները: Ավագանու անդամի թեկնածուները վճարովի եթերից օգտվելու ցանկություն են հայտնել քարոզչության վերջին օրերին:

Քաղաքական գովազդ է հեռարձակում նաեւ Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը: Այստեղ քաղաքապետի թեկնածուների համար քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանվել է 5000 դրամ, իսկ ավագանու անդամների համար` 4000 դրամ:
 
«Սոսին» նաեւ լրատվական թողարկումների ժամանակ է լուսաբանում քարոզարշավը: Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ իրենց «Լուրեր» լրատվական ծրագիրը պահպանում է թեկնածուների հավասարաչափ եթեր հատկացնելու սկզբունքը:

«Քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբերը գիտեն, որ իրենց հանդիպումների մասին կարող են մեզ տեղյակ պահել, եւ մենք էլ պարտավորվում ենք հավասարաչափ լուսաբանել»,- ասում է Վահե Սարգսյանը:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *