2012.07.20,

Նյուսրում

ՌուՆետը անհանգստացած է. «էլեկտրոնային վարագո՞ւյր», թե՞ պաշտպանական ֆիլտր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանի Դաշնությունում նոր օրենքը կարող է սահմանափակել ինտերնետում տեղադրված անօրինական ինֆորմացիայի հասանելիությունը։ Ռուսական ինտերնետային տիրույթի՝ ՌուՆետի համար խաղի նոր կանոնները սահմանվում են «Առողջությանն ու զարգացմանը վնաս պատճառող ինֆորմացիայից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքում իրականացված փոփոխություններով ( օրենսդարական նախաձեռնության շրջանակներում եւս 3 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ են արվել):

№ 89417-6 օրինագիծը ՌԴ Պետական Դումայի օրակարգ ընդգրկվեց հունիսի 7-ին, մեկ ամսում ընդունվեց բոլոր հնարավոր ընթերցումներով, իսկ հուլիսի 18-ին արդեն որպես օրենք հաստատվեց Դաշնային Խորհուրդում:

Արդեն նոյեմբերի 1-ից երեխաների համար վտանգավոր ինֆորմացիա տեղադրած ինտերնետ ռեսուրսները հնարավոր կլինի արգելափակել առանց դատարանի որոշման ու այլ իրավական պրոցեդուրաների։ Օրենքի համաձայն՝ ստեղծվելու է այնպիսի ինտերնետային ռեսուրսների ռեեստր, որում առկա տեղեկատվությունը արգելվում է տարածել Ռուսաստանի տարածքում: Ռեեստրը ստացել է «սեւ ցուցակ» ոչ պաշտոնական անվանանումը:

Օրենքի նախաձեռնողները նշում են, որ այսպիսով կարելի է վերահսկել մանկական պոռնոգրաֆիայի տարածումը, թմրամիջոցների գովազդը, ինքնսապանության դրդող կամ էքստրեմիստական գործողությունը խրախուսող ինտերնետային ինֆորմացիոն հոսքերը։ Նմանատիպ տեղեկատվություն պարունակող կայքերը, որոնք կհայտնվեն «սեւ ցուցակում», Ռուսաստանի տարածքում արգելափակվելու են։ Ընդ որում՝ առանց դատարանի որոշման: Ինտերնետային կապ մատակարարող ընկերություննեը պարտավոր են հեռացնել «սեւ ցուցակի» բովանդակությունը 24 ժամվա ընթացքում:

Իրավապաշտպան կազմակերպություններն ու խոշոր ինտերնետային ռեսուրսները
իրենց դժգոհությունն են հայտնել (եւ հայտնում են) սույն օրենքի ընդունման առիթով։ Բողոքի ակցիաներով հանդես եկան ռուսալեզու «Վիքիփեդիան», ВКонтакте սոցիալական ցանցը, LiveJournal բլոգային պլատֆորմը, Яндекс-ը։

Ամենամեծ դժգոհությունը առաջացրել են «սեւ ցուցակների» ստեղծման չափանիշները, որոնք տարատեսակ մեկնաբանության առիթ են տալիս։ «Վիքիփեդիա»-ն, օրինակ, մեկ օրով դադարեցրել էր իր աշխատանքը՝ հայտարարելով, որ զավեշտալի վիճակում է հայտնվում, քանի որ վիրտուալ հանրագիտարանում տեղադրված «թմրամիջոցներ» կամ «պեդոֆիլիա» բաժինները կարող են հիմք հանդիսանալ ողջ «Վիքիպեդիա»-ի փակման համար։ Ասենք՝ կալիումի պերմանգանատի լուծույթի մասին տեղեկատվությունը կարող է համարվել վտանգավոր: Այս նյութով կարելի է նաեւ պայթուցիկ պատրաստել:

Օրենքում նշված է, որ ինտերնետային բովանդակությունը կսահմանափակվի նաեւ լեզվի տեսակետից. ոչ նորմատիվ լեքսիկոնի օգտագործումը նույնպես կարող է ինտերնետային ռեսուրսի գործունեության դադարեցման պատճառ դառնալ։ Խնդիրը վնասակար ու անվնաս, օրինական ու «անօրինական» ինֆորմացիայի չափանիշների անորոշ լինելն է։ «Սեւ ցուցակում» կարող է հայտնվել ցանկացած կայք կամ այլ համացանցային ռեսուրս։

ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ենթադրյալ վնաս ներկայացնող վեք կայքերի «սեւ ցուցակի» ստեղծումը լրջորեն վտանգում է խոսքի ազատությունը, քանի որ թափանցիկ ընթացակարգի բացակայության պարագայում ոչ հստակ ձեւակերպված ինտերնետային բովանդակության արգելման փորձերը կհանգեցնեն գրաքննության։

Հայաստանի գործող օրենսդրությունը ինտերնետի կարգավորմանն ուղղված հատուկ իրավական ակտեր չունի: «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները հավասարապես վերաբերում են նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներին:

Ազգային Ժողովի պատգամավոր, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ՌԴ-ում ինտերնետի կարգավորման վերջին օրենսդրական փոփոխությունները դրական են, սակայն կան վերապահումներ:

«Կարգավորումը, որը տրվել է ՌԴ-ում, պետք է դրական համարել այն տեսանկյունից, որ այն վերաբերում է ամենանուրբ եւ ամենախոցելի ոլորտներին` երեխաների զարգացմանն ու առողջությանը, սակայն մյուս կողմից էլ կարգավորման մեխանիզմները չպետք է կոշտ լինեն: Բացի կոնկրետ ոլորտներից՝ պետք են հստակ չափանիշներ, թե որ տեղեկատվությունը պետք է համարվի արգելված»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ պատգամավորն ասում է, որ Հայաստանում էլ ժամանակի ընթացքում կորոշվեն կարգավորման անհրաժեշտություն ունեցող ոլորտները, միաժամանակ «ցանկացած կարգավորում պետք է այնպես կատարվի, որ ի վերջո չհանգեցնի ծայրահեղությունների»:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *