Գերմանական «Բիլդ» օրաթերթը, որն այսօր ամենաընթերցվող թերթն է ողջ Եվրոպայում, դարձավ 60 տարեկան: Այս հոբելյանը թերթի համար նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ. «Բիլդ»-ը մտավ Գինեսի ռեկորդների գիրքը 41 միլիոներորդ օրինակը թողարկելու համար:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության` հոբելյանը նշելու համար խմբագրակազմը հատուկ համար է թողարկել է եւ անվճար բաժանել 41 մլն գերմանական ընտանիքների, ինչը նույնպես կարող է դասվել աշխարհի ռեկորդների շարքին՝ որպես թերթի անվճար թողարկված հատուկ համարի ամենամեծ տպաքանակ: Սրանից զատ «Բիլդի» 700 վերատպված օրինակ զետեղվել է մեկ հատորում, որը կշռում է 11 կգ: 600 օրինակ շքեղ հրատարակությամբ այս հատորյակը վաճառվել է 1952 եվրոյով: Թերթն արժե 70 սենթ եւ իրացվում է գրեթե բացառապես կրպակների միջոցով:
«Բիլդի» նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ տարաբնույթ է. համակրանք ու մերժում, հարգանք ու երկյուղածություն: «Շատերն են այն կարդում, բոլորը խոսում են նրա մասին, ոմանք ատում են, ոմանք էլ` հիանում: «Բիլդ» փոքրածավալ թերթը շարունակում է պառակտել գերմանացիներին, բայց ոչ ոքի անտարբեր չի թողնում: Այսուհանդերձ, «Բիլդ»-ը առանձնահատուկ դեպք է, աղմկալից ու անսովոր երեւույթ գերմանական մեդիայի բնանկարի մեջ»,- այսպես է բնութագրում հոբելյարին ֆրանսիական «Ժամանակ» թերթը:
Շուրջ 1000 լրագրող ունեցող օրաթերթը տպվում է օրը մոտ 3 մլն օրինակով, 33 մարզային հրատարակություններով: «Բիլդն» ունի 10-12 մլն ընթերցող ինչով էլ պայմանավորված է երկրի կյանքում նրա ունեցած ազդեցությունը: Նա ընդունակ է մերկացնել իր երկրի քաղաքական, տնտեսական, սպորտի ու մշակույթի ոլորտի նշանավոր դեմքերին, ոչնչացնել նրանց, ինքն էլ հայտնվելով գռեհկության ու տեղապտույտի մեջ: Այսուհանդերձ, թերթն ունի սկզբունքներ, որոնց հավատարիմ է հիմնադրման օրից մինչ այժմ՝ անխախտ բարեկամություն Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, շուկայական տնտեսություն, գերմանական ազատության արժեքներ, հայրենասիրություն, ռասիզմի ու ծայրահեղականության մերժում:
Այս ժողովրդական, միեւնույն ժամանակ, պոպուլիստական թերթը հիմնադրվել է 1952թ. հունիսի 24-ին նշանավոր խմբագիր ու հրատարակիչ Ակսել Շպրինգերի մտահղացմամբ «Bild Zeitung» անվանմամբ եւ վաճառվել է ընդամենը 10 պֆենինգով: Թերթում տեղ էին գտնում սեքսուալ լուսանկարներից մինչեւ երկրին ու նրա անսկզբունք քաղաքագետների գժտություններին նվիրված հոդվածներ: Չորս տարվա ընթացքում նրա տպաքանակը աճել է չտեսնված արագությամբ 1956թ. հասնելով 2,5 մլն օրինակի: Իսկ 1983թ.-ին` Գերմանիայի վերամիավորման ժամանակ, (ինչի համար նա համառ պայքար է մղել) թերթի տպաքանակը հասավ իր գագաթնակետին` օրական 5,3 մլն օրինակ:
«Բիլդ» պարբերականը մշտապես իր ուղենիշն է համարել լինել փոքր մարդկանց ձայնը, սակայն այսօր նա եւս անդադար ընթերցող է կորցնում:
Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության եւ «Արտ ժուռնալ» թերթի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: