Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «Յունիմա-Հայաստան»-ը, խորհրդարանական ընտրությունների մասին տեղեկատվություն տարածելու այլընտրանքային մեդիա միջոցներ է օգտագործում: Կենտրոնի դերասանները «Նախընտրական ուրախ համերգ» ներկայացումով շրջում են Հայաստանի մարզերում:
Ներկայացման հերոսները՝ անտառի կենդանիները, պատրաստվում են ընտրությունների: Թեկնածուների հարցում կողմնորոշվելը դժվար է. վարազ, գայլ, արագիլ եւ այլն: Ինչպես մեր Ազգային Ժողովի, այդպես էլ անտառային խորհրդարանի պատգամավոր դառնալու համար թեժ մրցավազք է: Նախընտրական անտառում թեկնածուները քարոզարշավ են անում, իսկ ընտրողներից շատերն էլ ենթարկվում են ճնշումների: Նապաստակը, օրինակ, աշխատում է վարազի մոտ, և ստիպված է ընտրել նրա նախընտրած թեկնածուին: Գորտերը ընտրում են արագիլին, ոչխարները հավատացել են գայլին:
Ներկայացման հեղինակները սցենարն այնպես են կազմել, որ ընթացքում նաեւ բացատրում են ընտրություններին մասնակցության կարգը, բացահայտում ընտրախախտումներն ու ընտրակեղծիքը, պայքարը դրանց դեմ: «Յունիմա-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանն ասում է, որ ներկայացումը մարդկանց իրազեկելու և ինֆորմացիան տեղ հասցնելու ամենաարդյունավետ ու կատարյալ ձևն է:
«Դահլիճը կենտրոնանում է, այստեղ հանդիսատեսը հնարավորություն չունի ալիք փոխելու, նա հնարավորություն չունի բուկլետները կամ տպագիր նյութերը գցելու, չկարդալու: Ներկայացման ժամանակ տարբեր տարիքի հանդիսատեսը պատասխանում է հարցերի, նրանք ակամայից կենտրոնանում են ու բավականաչափ ինֆորմացիա են տանում իրենց հետ»,- ասում է Արմեն Սաֆարյանը:
«Նախընտրական ուրախ համերգ»-ը «Յունիմա-Հայաստան»-ի նմանատիպ այլընտրանքային մեդիա նախագծերից մեկն է միայն: Նախկինում նրանք ուսուցողական-կրթական ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներով շրջել են Հայաստանի տարբեր դպրոցներում: Միայն ընտրությունները չեն: Մեդիայի այս տեսակն օգնել է տարածել տեղեկություններ կանանց հավասարության, երեխաների իրավունքների վերաբերյալ:
Հոդվածը գրվել է «Մեր քվեարկությունից առաջ» հեռուստատեսային հաղորդաշարի ապրիլի 28-ի սյուժեներից մեկի սցենարի հիման վրա:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: