2012.04.27,

Նյուսրում

Ռադիոեթեր. քիչ քաղաքական գովազդ, շատ լուրեր

Հայաստանի 2012թ.-ի ԱԺ ընտրությունները լուսաբանելու համար հատուկ ռադիո նախագծեր չկան: Ռադիոկայանները հիմնականում ընտրական անցուդարձը ներկայացնում են լրատվական հաղորդումների շրջանակում:

Երեւանում հեռարձակվող «Լրատվական ռադիո FM 106.5»-ը ընտրությունների թեմային անդրադառնում է արդեն գոյություն ունեցող վերլուծական, քաղաքական հաղորդումների շրջանակներում:

«Ընտրություններին նվիրված հատուկ հաղորդումների շարք մեզ մոտ չեն բացվել, այդ ամենը շատ լավ տեղավորվում է եղած ֆորմատի մեջ եւ դրա կարիքն ուղղակի չկար»,- ասում է ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Գարիկ Խումարյանը:

«Լրատվական ռադիոյի» լրագրողները, Խումարյանի տեղեկացմամբ, մայիսի 6-ին, ընտրությունների օրն աշխատելու են ընտրատարածքների բացման պահից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի ավարտը:

Քաղաքական գովազդ ռադիոկայանը հրաժարվել է տեղադրել սկզբունքորեն: «Քաղաքական գովազդը այսպես, թե այնպես խաբեության տարր պարունակող բան է, մեր եթերում խաբել կատեգորիկ չի կարելի»- ասում է Գարիկ Խումարյանը:

Նախորդ տարվա նոյեմբերից հեռարձակվող «ԱրմՌադիո Fm107»-ի լրատվական ծառայութան ղեկավար Լիլիթ Թումանյանն ասում է, որ իրենց ռադիոկայանում ընտրություններին անդրադարձ լինում է մի շարք հաղորդումներում, այդ թվում սոցիալական ցանցերի մասին պատմող  «Մոնիտոր» եւ «Վերլուծական Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ»  հաղորդումներում; Ռադիոկայանի գլխավոր մեկ ժամանոց լրատվական թողարկման մի մասը` 20-30 րոպեն,  տրամադրված է հենց նախընտրական քարոզչության լուսաբանմանը:

Մայիսի 6-ին «ԱրմՌադիոյի» լրագրողական անձնակազմն աշխատելու է հատուկ պատրաստվածությամբ: Լրատվականի թիմը լինելու է Երեւանի ընտրատարածքներում, հետեւելու է ընտրությունների ընթացքին եւ պարբերաբար իրականացնելու է ուղիղ միացումներ:

«ԱրմՌադիոյում» քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանել է 2800 դրամ, պատվեր ստացել է միայն «Ժառանգություն» կուսակցությունից:

Հայաստանի եւ Արցախի տարածքում սփռվող «Ռադիոհայ FM 104.1»  քաղաքական գովազդի պատվեր ունի երկու կուսակցությունից՝ «Ժառանգություն»-ից եւ Հայ հեղափոխական դաշնակցությունից: Քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը այս ռադիոկայանում 2700 դրամ է:

Մայիսի 1-4-ը FM104.1-ի ռադիոեթերում նախընտրական քարոզչությունն արտահայտվելու 15 րոպեանոց վճարովի հաղորդումների տեսքով:

«Ընտրությունների օրն անընդհատ եթերում ենք լինելու, տաղավարում ունենալու ենք հյուրեր, մեր լրագրողներրը լինելու են  Կենտրոնական ընտրական հանձնաժողովումեւ ընտրատեղամասերում, ուղիղ միացումների միջոցով տեղեկատվություն ենք հաղորդելու»,- ասում է ռադիոկայանի լրագրող Արմինե Գեւորգյանը:

«Ռադիո Վան FM-103»-ը  ռադիոեթերում ընտրություններին անդրադառնում է բացառապես «200 վայրկյան» կոչվող լրատվական հաղորդման մեջ:

Սակայն ռադիոկայանի առցանց տարբերակում, որտեղ տարբեր թեմաներով բլոգ գրառումներ կան, ընտրությունների մասին ակտիվորեն գրում է լրագրող Արման Սուլեմանյանը: Նա բազմիցս անդրադարձել է նախընտրական տարբեր միջադեպերի եւ ընտրությունների օրվա համար հատուկ բլոգային գրառումներ է նախապատրաստում:

Հայաստանի հանրային ռադիոյում վճարովի քաղաքական գովազդ են պատվիրել «Ժառանգություն»-ը ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, «Միավորված հայերը»-ը:
Գովազդները հեռարձակվում են «Ընտրություններ 2012» խորագրով շուրջ հիսուն րոպե տեւողությամբ հաղորդման ընթացքում:

Հանրային ռադիոն նախընտրական քարոզարշավը լուսաբանում է «Ռադիոլուր» լրատվական ծրագրում: Քաղաքական բանավեճեր Հանրային ռադիոյում չեն կազմակերպվում:

Նվարդ Հովհաննիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *