Հայաստանի ԱԺ 2012թ.-ի ընտրությունները պրոֆեսիոնալ լրագրողներից բացի լուսաբանում են նաեւ քաղաքացիական լրագրողները: Խոսքը ոչ միայն բլոգերների մասին է, այլ հատուկ հանրային թղթակիցների համար ստեղծված հարթակների:
Mynews.am եւ Ditaket.am կայքերը նոր հարթակներ են քաղաքացիական լրագրության համար, որոնք իրենց շուրջն են համախմբել մի քանի տասնյակ հանրային լրագրողների: Նրանք հետեւում են նախընտրական քարոզարշավին եւ ակտիվ աշխատելու են քվեարկության օրը՝ մայիսի 6-ին:
Էլմիրա Աբգարյանը մեկ ամիս է, ինչ համագործակցում է Mynews.am-ի հետ: Ընտրությունների օրը նա լինելու է դիտորդ Երեւանի կամ Գեղարքունիքի մարզերի [[wysiwyg_imageupload:252:]]ընտրատեղամասերից մեկում եւ միեւնույն ժամանակ տեղեկատվություն է հաղորդելու Mynews.am-ին:
«Քանի որ դիտորդն իրավունք ունի տեսանկարել եւ լուսանկարահանել, ես եթե որեւէ բան նկատեմ, չեմ զլանա, ավելին ասեմ՝ իմ պարտքը կհամարեմ դրա մասին նյութ պատրաստել` նպաստելու համար ընտրությունների նորմալ անցկացմանը»,-ասում է Էլմիրան:
Մայիսի 6-ի օրը Mynews.am-ը ներկայացնելու է 15 հանրային թղթակիցների օգնությամբ: Նրանք աշխատելու են հատուկ պատրաստվածությամբ` վաղ առավոտից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի ավարտը: Քաղաքացիական լրագրողների աշխատանքը համակարգելու են երկու պրոֆեսիոնալ խմբագիրները:
Հանրային թղթակիցների արձանագրած ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները հայտնվելու են նաեւ iDitorg.org-ի՝ ահազանգների քարտեզի վրա:
Mynews.am-ը Հանրային լրագրության ակումբի նախագիծն է: Կազմակերպության հիմնադիր Սեդա Մուրադյանն ասում է, որ իրենք փորձում են Հայաստանում խաղաֆիկացիայի օգնությամբ զարգացնել հանրային լրագրությունը: Mynews.am-ում հանրային թղթակիցները ստանում են միավորներ, վիրտուալ նվերներ, թղթակցության պատվերներ:
Յուրաքանչյուր քաղաքացուն թղթակցություն իրականացնելու հնարավորություն տալու համար mynews.am-ը շուտով կգործարկի Android, iOS, Windows հեռախոսների համար մոբայլ հավելվածներ: Դրանց օգնությամբ մարդիկ կկարողանան հեռախոսով նկարածն ու ձայնագրածը միանգամից տեղադրել կայքում, ինչպես նաեւ ուղարկել թղթակցությունները ամենատարբեր կառույցներ`Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից սկսած մինչեւ Քաղաքապետարան: Հավելվածն ունենալու է նաեւ ընտրությունների մասին հատուկ բաժին:
[[wysiwyg_imageupload:253:]]«Այդտեղ լինելու է տեղեկատվություն ոչ միայն ընտրացուցակների վերաբերյալ, այլեւ կուսակցությունների կոնտակտային տվյալներ, թեժ գծեր: Կլինի նաեւ ուղեցույց հանրային թղթակիցների եւ պրոֆեսիոնալ լրագրողների համար, որը կօգնի նրանց ընտրությունների լուսաբանման ժամանակ»,- ասում է Սեդա Մուրադյանը:
Ditaket.am-ի հանրային թղթակիցների ուշադրության կենտրոնում եւս խորհրդարանական ընտրություններն են: Հայաստանի բոլոր մարզերից հաղորդած թղթակցությունները հավաքված են կայքի «Ընտրություններ 2012» բաժնում:
«Մենք հիմնականում մարզերում բնակվողների իրազեկության բարձրացման եւ ընտրություններին ակտիվ մասնակցության վրա ենք շեշտը դնում»,- ասում է ծրագրի տնօրեն եւ «Լրագրողներ հանուն ապագային» հկ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:
Մայիսի 6-ին Ditaket.am-ի քսան հանրային թղթակիցներն ու պրոֆեսիոնալ լրագրողները ներկայացնելու են ընտրությունների ընթացքն ու քվեարկության զարգացումները Հայաստանի մարզերում:
Քաղաքացիական լրագրության սեփական նախագծեր ունեն նաեւ «Ա1+»-ն ու Panaremnian.net-ը: Յուրաքանչյուրը կարող է դառնալ այս լրատվամիջոցների արտահաստիքային թղթակիցը:
«Ա1+»-ի «Քո աչքերով» հավելվածի այցելուն կարող է ներբեռնել իր ֆոտո կամ վիդեո պատմությունը եւ նկարագրել այն:
Panaremnian.net-ի PANreport-ն օգտագործելով՝ կարելի է տարածել տեքստային, ֆոտո կամ վիդեո թղթակցություն:
Նվարդ Հովհաննիսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: