2012.02.03,

Նյուսրում

Կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը (լրացված)

Այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Նրան նախ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ հետո՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Panorama.am-ը Ոստիկանության լրատվական ծառայությանը հղում անելով նշում է, որ «Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի այն է`«Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով»»: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Հայկ Գեւորգյանի պատիժը կարող է կազմել նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով տուգանքից մինչեւ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:

Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է հունվարի 23-ից: Լրագրողը ոստիկանությունից չի թաքնվել եւ տեղյակ էլ չի եղել, որ ինքը հետախուզվում է: Հայկն ամեն օր աշխատանքի է գնացել ու անգամ, ասենք, կառավարության շենք է մտել եւ դուրս եկել: Թե ինչու է նա հատկապես այսօր կալանավորվել, պարզ չէ:

«Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում, որ Հայկի կալանավորումը կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության, մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին հրապարակումների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *