2011.04.05,

Նյուսրում

Լրատվամիջոցը դատի է տվել լրատվամիջոցի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան աննախադեպ հայցադիմում է ուղարկվել. լրատվամիջոցը դատի է տվել լրատվամիջոցի:

Սահմանադրական Իրավունք Միություն (ՍԻՄ ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ «Իրավունք» թերթի հրատարակիչ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն դատական հայց են ներկայացրել Report.am կայքէջի հրատարակիչ «Խմբագիր» ՍՊԸ-ի եւ լրագրող, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի դեմ: Հայցվորները գտնում են, որ 2010 թվականի օգոստոսի 31-ին հրապարակված ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածով արատավորվել է իրենց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: ՍԻՄ նախագահը եւ «Իրավունք» թերթը պահանջում են հերքում եւ հրապարակային ներողություն, ինչպես նաեւ 3 միլիոնական դրամ լրատվամիջոցից եւ հոդվածագրից` որպես վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի փոխհատուցում:

«Նշված լրատվական միջոցում (էլեկտրոնային կայքում) տպագրված նյութը/հոդվածը պարունակում է այնպիսի արտահայտություններ (եւ ընդհանրապես ամբողջ հոդվածը), որոնք կրում են եւ վիրավորական բնույթ եւ հանդիսանում են որպես զրպարտություն, քանի որ տպագրված հոդվածը եւ դրանում արված արտահայտությունները ստույգ փաստեր չեն եւ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, տպագրված հոդվածի մեջ որեւէ ապացույցներով հեղինակի կողմից չի հիմնավորվել հոդվածի ճշմարտացիությունը»,- նշված է հայցադիմումում:

Էդիկ Անդրեասյանի խոսքերով՝ հոդվածում ինքն իր կարծիքն է հայտնել, որը Հայկ Բաբուխանյանին դուր չի եկել:

«Հոդվածը երկիմաստ արտահայտություններով է կառուցված, ես իմ կարծիքն եմ արտահայտել: Սա միայն ֆինանսականի համար է, որովհետեւ ոչ մի դատարան երբեք չի կարող ապացուցել, որ այնտեղ վիրավորանք կա: Փաստորեն գումարի հարցը շատ մեծ դեր է խաղացել, նա ոգեւորվել է, եթե մի երկու կոշտ բառ է օգտագործված, այն էլ չակերտների մեջ: Դուք նկատեք, նշել են, որ ամբողջ հոդվածն է վիրավորանք, այդպես չի լինում, հոդվածում միայն որոշ բառեր կարող են վիրավորանք լինել»,- ասում է լրագրողը:

ՍԻՄ նախագահը գտնում է, որ եթե որեւէ մարդ, որը ելք է ստացել դեպի զանգվածային լրատվական միջոց, ասի, որ փողոցով անցնող մարդն իր կարծիքով նման է խոզի, դա խոսքի ազատություն եւ  կարծիք հայտնել չէ:

«Այդ մարդը կարող է իսկապես վիրավորանքի համար պատժել նման կարծիք արտահայտողին»,- ասում է Հայկ Բաբուխանյանը:

Նա նաեւ նշում է, որ «կա օրենք, եւ օրենքով սահմանված կարգով կարելի է պատժել ցանկացած նման դրսեւորում, երբ որ գոյություն ունի անձի վիրավորանք» եւ հույս է հայտնում, որ «այս մեկ իրավիճակը, երբ զրպարտիչները եւ վիրավորողները, հայհոյողները կպատժվեն, կսթափեցնի իրենց նման «մտածող» լրագրողներին եւ զերծ կպահի մեր հասարակական մթնոլորտը նման հակահասարակական երեւույթներից»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ ճիշտ կլիներ՝ Հայկ Բաբուխանյանն այս կոնֆլիկտը լուծեր իբրեւ լրագրող՝ պատասխանի իրավունքից օգտվելով, հերքման պահանջ ներկայացնելով:

«Կոլեգայի դեմ դատական հայց նախաձեռնելն այնքան էլ ճիշտ չեմ համարում, մանավանդ, որ կար այլընտրանքային եւ ավելի գերադասելի տարբերակ՝ դիմել ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի միջնորդությանը»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Թեեւ այս երկու լրատվամիջոցները Դիտորդ մարմնի վարքականոնը չեն ստորագրել, Մելիքյանի խոսքերով՝ դեպքեր են եղել, երբ վարքականոնը չստորագրած լրատվամիջոցները, այնուամենայնիվ, հաշվի են նստել Դիտորդ մարմնի եզրակացության հետ:

Դիտորդ մարմնի անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասում է, որ Դիտորդ մարմինը, վարքականոնը ստորագրած 44 լրատվամիջոցների եւ լրատվական կազմակերպությունների վեճերը քննելուց բացի, կարող է քննել նաեւ վարքականոնը չստորագրած լրատվամիջոցների միջեւ վեճը:

«Պատասխանող կողմը կարող է դիմել Դիտորդ մարմնին, Դիտորդ մարմինը կբանակցի հայցվորի հետ եւ կառաջարկի վեճը դատական հարթությունից տեղափոխել այս հարթություն, օգտվել պատասխանի եւ հերքման հնարավորությունից»,-ասում է նա:

Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ երկու կողմերի համաձայնության դեպքում սա վեճի լուծման լավագույն տարբերակը կլինի, եթե, իհարկե, հայցվորը ֆինանսական սնանկացման դիտավորություն չունի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *