2011.01.24,

Նյուսրում

Պատգամավորները «Հայկական ժամանակ»-ից 7.5 միլիոն դրամ են պահանջում

Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան եւ Ռուբեն Հայրապետյան ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի դատական նիստը:

Պատասխանող կողմի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը չէր ներկայացել դատարան վատառողջ լինելու պատճառով: Հայցվոր կողմի միջնորդությամբ դատական նիստն, այնուամենայնիվ, շարունակվեց: Դատավոր Կարինե Պետրոսյանը դատաքնությունն ավարտված հայտարարեց՝ տեղեկացնելով, որ դատական ակտը կհրապարակի փետրվարի 7-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները «Հայկական ժամանակ»-ից պահանջում են հերքել հոկտեմբերի 14-ին «Ութից յոթը ցուցակում են» նյութում գրվածը, թե թերթի տեղեկություններով` ՌԴ իրավապահները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում, հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ, որոնց ցուցակում են Լեւոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Ռուբեն Հայրապետյանը՝ պնդելով, որ այդ հրապարակումը արատավորում է իրենց պատիվը, արժանապատավությունն ու գործարար համաբավը։ Նրանք «Հայկական ժամանակ»-ից 7.5 միլիոն դրամ են պահանջում՝ որպես բարոյական վնասի եւ դատական ծախսերի փոխհատուցում։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, «Ֆեմիդա» փաստաբանական գործակալության փաստաբան Անահիտ Սարդարյանը ակնկալում է, որ «թերթը հերքում կհրապարակի եւ կհայցի թե՛ հայցվորների, թե՛ ողջ ընթերցողների ներողամտությունը նման ապատեղեկատվություն հրապարակելու համար», իսկ պատասխանող կողմի՝ դատարան չներկայանալը որակում է որպես անփութություն: Հայցվոր կողմը փաստում է, որ պատասխանող կողմը 2 նախնական դատական նիստերին նույնպես չի ներկայացել:

«Նախորդ դատական նիստերին ես չէի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, այլ Նիկոլ Փաշինյանը, ով հասկանալի պատճառներով չէր կարողացել ներկայանալ դատարան, իսկ այս դատական նիստին հիվանդության պատճառով չկարողացա ներկա գտնվել»,- Media.am-ին հայտնեց Վահե Գրիգորյանը:

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *