Այսօր Հայաստանի վարչական դատարանը կարճեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):
Հայցով թվային հեռարձակման մրցույթում հեռուստակապուղու արտոնագիր չստացած «Ա1+» հեռուստաընկերությունը դատարանից պահանջել էր պարտավորեցնել ՀՌԱՀ-ին իրեն տրամադրել «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների կրկնօրինակները:
«Մելտեքս»-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Սահակյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ հայցվոր կողմը իր պահանջը չի պնդում, հայցը հետ է վերցնում և խնդրում է գործը կարճել, քանի որ պահանջը կատարվել է. նախորդ նիստին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն’ այսօր կեսօրին ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին է տրամադրել այդ փաթեթները:
«Այս ամենը կարելի էր անել 1 ամիս առաջ, սակայն մենք ստիպված եղանք դատարանի միջոցով վերցնել այդ փաթեթները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մելտեքս» ընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը:
«Կուսումնասիրենք [փաթեթները] և մեր վերլուծությունը կանենք արդեն այդ առումով», – փոխանցեց Մովսեսյանը’ շարունակելով. – «Լուրջ կասկածներ կան, լուրջ խնդիրներ կան: Հիմա մնում է հաստատել [այդ կասկածները] փաստաթղթերով»: