Վախեցնող լուրեր․ ինչպե՞ս խոսել երեխաների հետ դրանց մասին

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

Արտակարգ իրավիճակներում մենք ավելի շատ ենք գամված էկրաններին․ զարգացող իրադարձությունների, պատերազմի, աղետների, համավարակի մասին տեղեկությունները շատ են, հիմնականում՝ տագնապային ու էմոցիոնալ։ Հասկանալով այս լուրերի բացասական ազդեցությունը, մենք շարունակում ենք սպասել դրանց, կարդալ, տարածել, հետո նորից թերթել սոցցանցերը, դիտել լուսանկարներ ու տեսանյութեր, քննարկել՝ ընկնելով խուճապ առաջացնող անվերջանալի շրջապտույտի մեջ։    

Մահվան, բռնության, վտանգի, կորուստի մասին լուրերը սպառում են նաև երեխաները։ Նրանք հիմնականում լուրերի առաջնային լսարանը չեն․ տեսնում ու լսում են նորություններ, երբ ծնողները, տատիկ-պապիկներն են դրանք սպառում։ Իհարկե, ավելի մեծ տարիքում, սոցցանցերում գրանցված երեխաներն արդեն անմիջականորեն հանդիպում են վերնագրերի, լուսանկարների ու տեսանյութերի, որ իրենց տարիքի համար չեն նախատեսված ու կարող են լուրջ ազդեցություն ունենալ նրանց զգացմունքների ու մտքերի վրա։ 

Խոսե՛ք երեխաների հետ ընթացիկ իրադարձությունների մասին 

Երեխաներից հնարավոր չէ ամբողջությամբ թաքցնել պատերազմի, երկրաշարժի կամ համավարակի մասին տեղեկությունները․ նրանք տեսնում ու զգում են, թե ինչ է կատարվում, հաճախ մասնակից են իրադարձություններին։ Բայց պարտադիր չէ, որ նրանք, հատկապես փոքր երեխաները, լուրերը լսեն ու կարդան անմիջակապես մեդիայից, որտեղ դիտավորությամբ կամ ոչ, դեպքերը չափազանցված ու մանիպուլացված են, շատ է վիրավորանքն ու բռնությունը։ 

Փոքր՝ նախադպրոցական տարիքի երեխաներին, հեռու պահեք լրատվական ուղիղ հոսքերից, բայց պատմեք նրանց, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Անգամ պատերազմի մասին երեխաների հետ պետք է անկեղծ խոսել, հնարավորինս հանգիստ ու պարզ, երեխային հասկանալի բառերով, ասում են հոգեբանները։ 

  • Պետք չէ ասել այն, ինչին դուք ինքներդ չեք հավատում, անգամ ամենափոքր տարիքի երեխաներն արագ զգում են կեղծիքը:
  • Պետք չէ երեխային վախեցնող, սարսափ ներշնչող բառեր և արտահայտություններ օգտագործել:
  • Պետք չէ հարցին պատասխանելիս ձեր սեփական քաղաքական հայացքներն ու պատկերացումները ներկայացնել, դրանք երեխային չեն հետաքրքրում և ավելորդ կծանրաբեռնեն նրան:
  • Պետք չէ ասել երեխային բաներ, որոնք նա կարող է սխալ մեկնաբանել, օրինակ՝ սպանել կարելի է կամ պատերազմը սուրբ գործ է…», – հուշում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը։ 

Հասկացե՛ք երեխաների զգացմունքները և ապահովության զգացողություն փոխանցեք

Կարևոր է հասկանալ երեխայի զգացմունքները, թույլ տալ, որ պատմի դրանց մասին, հարցեր տա։ Երեխաներին պետք է ներշնչել, որ նրանք ապահով են, որ մեծահասակները նրանց կողքին են և պաշտպանում են հնարավոր վտանգներից։

Կանադական MediaSmarts-ը խորհուրդ է տալիս նաև երեխաներին իրադարձությունների մասին խոսելիս նաև դրական լուրեր գտնել, և ստեղծել «կրթական պահեր»․ օրինակ՝ կորոնավիրուսի մասին խոսելիս խաղի ու պատմության միջոցով բացատրել, վիրուսն ինչ է և ինչպես է օճառով լվացվելը վերացնում մանրէները, և ոչ թե վախեցնել վիրուսով․․․  Երեխաների հետ կորոնավիրուսի մասին զրուցելու խորհուրդներ է մշակել ՅՈՒՆԻՍԵՖ-ը: 

Այս տարիքում ծնողի օրինակը, վարքը, զգացմունքները շատ կարևոր են․ առաջին հերթին ծնողը պիտի խուճապի չմատնվի, կարողանա փաստերն ու զգացմունքները տարանջատել, վերլուծել, կարգավորի իր մեդիա սպառումը` երբեմն դադարներ վերցնելով, ստեղծելով դրական միջավայր երեխայի համար։

Քննարկեք մեդիայի դերը 

Շողակաթ հեռուստաընկերության մանկական հաղորդումների խմբագիր Հերմինե Ստեփանյանի կարծիքով, երեխաների հետ կարևոր է ոչ միայն դեպքերի մասին խոսել, այլ նաև բացատրել մեդիայի միջամտությունը։

«Ծնողների դերը անգնահատելի է։ Նման իրավիճակներում, երբ տագնապային, վախեր առաջացնող ինֆորմացիան շատ է, անպայման պետք է խոսել այն մասին, ինչ ասվում ու ցուցադրվում է էկրանին։ Կարևոր է երեխաներին բացատրել մեդիայի լեզուն։ Ամեն ինֆորմացիայի աղբյուր, ասենք՝ նկարը, գիրքը, երաժշտությունը, ֆիլմը, ունի իր սեփական լեզուն, որը երեխան ապակոդավորում է մտքում»։ 

Լուրերում էլ կադրերը մոնտաժված են, ասելիքը՝ խմբագրված, հաճախ՝ չափազանցված, ընդգված, կիսատ մեջբերված։ 

Մեդիայի լեզուն հասկանալու համար փոքր երեխաներին կարելի է պարզ հարցել տալ՝ քո կարծիքով ո՞վ է ստեղծել այս մուլտը/երգը/լուրը, ինչպե՞ս։ Ավելի մեծ տարիքում արդեն փորձել քննարկել, թե ով է վճարում նյութի համար, ինչ նպատակով է այն տարածվում, ինչ հնարքներ են օգտագործված։  

Բացատրեք նաև լրատվության ու լրագրողի դրական դերը, թե ինչու է կարևոր տեղեկացված լինել, ինչպես են լրագրողները բարդ, երբեմն նաև վտանգավոր իրավիճակներում, լուսաբանում իրադարձությունները, օգնում մարդկանց հասկանալ դրանք։ 

Օգնե՛ք նրանց կասկածել և ստուգել տեղեկությունները 

Տեղեկության մասին հարցեր տալը, քննարկելը, համեմատելն ու ստուգելը կարևոր հմտություն է։ 6 տարեկանից արդեն երեխային կարելի է սկսել բացատրել կեղծ ու իրական տեղեկությունները տարբերելու սկզբունքները, ասում է հոգեբան Սոնա Մանուսյանը «Էնցիկլոմեդիա» փոդքասթի էպիզոդում․ «6-11 տարեկանում երեխայի մոտ զարգանում է ինտուիտիվ հետևությունների փուլը։ Հենց էս տարիքում կարելի է սովորեցնել երեխաներին ինչ-որ ինֆորմացիա հանդիպելիս վերլուծել, հասկանալ, փաստը տարանջատել կարծիքից, ճանաչել կեղծ ինֆորմացիան»։

Նրա խոսքով՝ անգամ մեծահասակների մոտ բացասական լուրը անմիջական արձագանք է առաջացնում, և քչերն են դադար տալիս՝ արձագանքելուց առաջ․ «Կասկածի առնելու ավանդույթը, որ գալիս է Սոկրատեսից, շատ կարևոր է, բայց կարևոր է, որ կասկածի առնվի ինտելեկտուալ կերպով՝ մի հատ որոշեմ էս ինչ ա, նոր ռեակցիա տամ։ Պետք պատկերացնել, որ ամենափաստարկված թվացող նյութը կարող է կեղծ լինել»։

Խորհուրդներ ուսուցիչներին․ քննարկե՛ք լուրերը դասարանում

Ամերիկյան  Common Sense կազմակերպությունը նաև ուսուցիչների համար է խորհուրդներ մշակել՝ տանգապային լուրերն ու իրադարձությունները դպրոցում քննարկելու համար։  

«Վստահեցրե՛ք երեխաներին, որ նրանք ապահով են։ Նույնիսկ եթե տեսնում են, որ ինչ-որ հեռու վայրում ինչ-որ սարսափելի կամ նույնիսկ երևակայական բան է տեղի ունենում, նրանք, միևնույն է, կարող են մտածել, որ իրենց վտանգ է սպառնում։ Տագնապալի լուրերի պատկերները կարող են նրանց համար ուղղակի սարսափելի լինել։ Խուսափե՛ք դրամատիկ իրադարձությունների նկարներ կամ հոլովակներ ցուցադրելուց», – հուշում է CommonSense մեդիագրագիտությամբ զբաղվող կազմակերպությունը մինչև 7 տարեկան երեխաների ուսուցիչներին։ 

Ավելի մեծ երեխաների հետ Common Sense-ն առաջարկում է զրույցի ու հարցեր տալու միջավայր ստեղծել «Պատրաստ եղեք առաջինը հարցնել նրանց, թե ինչ գիտեն (կամ կարծում են, որ գիտեն) այդ թեմայով: Գուցե սխալ պատկերացումներ ունեն, գուցե ձեր հաստատման և աջակցության կարիքն ունեն: Շատ դեպքերում երեխաներին պետք է հիշեցնել, որ խուսափեն հապճեպ եզրակացություններ անելուց, քանի որ դեռ ոչ բոլոր փաստերն են հասանելի։

Կարելի է խոսել և նույնիսկ ցուցադրել որոշ լուրեր, բայց բացառե՛ք այն պատկերները կամ տեսանյութերը, որոնք կարող են անհանգստացնել երեխաներին։ Նորությունների լուսաբանման բնույթի վերաբերյալ քննադատական բանավեճը ևս կարող է օգտակար լինել, օրինակ՝ թե ինչպես կարող է դիտումների քանակի կամ լայն լսարան ստանալու ցանկությունը ազդել լրատվամիջոցի որոշումների վրա»։

9-12-րդ դասարաններում կարևոր է, որ աշակերտներն ավելի ազատորեն ու ակտիվ քննարկեն իրադարձություններն ու լուրերը, և անհրաժեշտ է, որ ուսուցիչը նախապես ուսումնասիրի թեման։  

«Ցնցող կամ տագնապալի նորությունների շատ օրինակներ կարող են քաղաքականացվել։ Եթե քննարկումների համար հարթակ բացեք, պատրաստ եղեք, որ ձեր աշակերտներից գոնե մի քանիսը կցանկանան քննարկել թեմայի հետ առնչվող հարցերը։ Դա լավ է, եթե դուք նախապես որոշ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ եք իրականացրել՝ նախքան բանավեճի մեջ սուզվելը, որը կարող է թեժանալ։ Ամեն դեպքում, սահմանե՛ք որոշ հիմնական կանոններ, որպեսզի բանավեճը լինի քաղաքակիրթ, անաչառ և կառուցողական:

Խնդրեք ձեր աշակերտներին կիսվել իրավիճակի մասին իրենց սովորածով, թե որտեղ են գտել այդ նորությունները (շատ հաճախ սոցիալական ցանցերից), և օգնեք նրանց քննադատաբար մոտենալ հրատապ լուրերին և տեղեկատվության աղբյուրներին։ Խրախուսե՛ք աշակերտներին դուրս գալ իրենց «փուչիկներից» (filter bubbles) և որոնել որակյալ, փաստարկված տեղեկատվություն՝ նախքան որևէ եզրակացություն անելը»,- ասում է Common Sense-ի ուղեցույցը։

Ընթացիկ լուրերը կարելի է նաև տարբեր առարկաների թեմաների հետ կապել, դարձնել դասի մաս, ինչպես առաջարկվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած ուղեցույցներում․ մաթեմատիկայի դասերին քննարկեք, թե մեդիան ինչպես է օգտագործում և մանիպուլացնում թվերն ու վիճակագրությունը, լեզվի դասերին դիտարկեք սենսացիոն վենագրերը, օգտագործվող լեզուն ու համոզելու հնարքները, ժամանակակից իրադարձությունները դրեք պատմական ու աշխարհագրական համատեքստում՝ օգտագործելով զանազան աղբյուրներ (թվային, պատմական, քարտեզներ, հանրագիտարաններ․․․․), քննելով ու ստուգելով նաև այդ աղբյուրները, օգնեք աշակերտներին ուսումնասիրել գիտական նորությունները ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության դասերին։

Թե ինչ են մտածում երեխաները մեդիայի ու լուրերի մասին, փորձել ենք պարզել դեռ 2019-ին՝ զրուցելով Արեգնազան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 6-10 տարեկան աշակերտների հետ։ 

Լուսինե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *