2020.04.12,

Քննադատ

Չխաբել ու չխաբվել վիճակագրությամբ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի քանակի հիման վրա կառուցված երկու գծապատկերները, որոնք Ֆեյսբուքում ապրիլի 5-ին հրապարակեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տվյալների օգնությամբ մանիպուլյացիայի մասին քննարկումների առիթ դարձան։

«Հետք»-ը հրապարակեց «Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը» հոդվածը։ Հոդվածը կասկածի տակ էր դնում նախարարի հրապարակած գրաֆիկներից մեկի մեթոդաբանությունը․ «Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում է» համաճարակի կորը»։

Մաթեմատիկոս Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում և մեր կայքում՝ media.am-ում, «Հետք»-ի հոդվածի մասին հոդված հրապարակեց՝ ներկայացնելով Արսեն Թորոսյանի գծապատկերի կառուցման մեթոդաբանությունը։

Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճի, աճի տեմպերի, դրանք հաշվարկելու բանաձևերի մասին «Հետք»-ը նոր հոդված հրապարակեց «Մի գրաֆիկի պատմություն կամ ինչպես հորինել նվազման միտումներ» վերնագրով, իսկ Թեյմուրազյանը լրացրեց իր հոդվածը։

Այս հեռակա բանավեճ-քննարկումը, որը զուգահեռ ընթանում էր նաև Ֆեյսբուքի տարբեր գրառումների մեկնաբանությունների տեսքով, նաև Հայաստանում լրագրողական հոդվածներում գծապատկերների, տվյալների օգտագործման ու լրագրողների՝ տվյալները գրագետ օգտագործելու մասին էր։

Ու այդ խոսակցությունը լրագրողական դաշտի համար կարևոր է։

Հատկապես այն դեպքում, երբ մարդիկ ամեն առավոտ սպասում են կորոնավիրուսի նոր դեպքերի, առողջացածների, մահերի ու մեկուսացվածների մասին նոր թվերին, դրանք համեմատում, փորձում հասկանալ, թե դեռ ինչքան ժամանակ աշխարհում կտիրի վիրուսը։

Վիճակագրության նկատմամբ նման ընդգծված հետաքրքրության օրերին տվյալներով խաբելն ու մանիպուլացնելը դառնում է ավելի հեշտ։ Պետք է հաշվի առնել, որ աշխարհում COVID-19-ի վերաբերյալ տվյալներ հավաքող ու ներկայացնող ռեսուրսները շատ են, հաշվարկի ու դրանք ներկայացման մեթոդները ոչ միասնական։

Նախկին դեպքը

Հայաստանում կորոնավիրուսի ժամանակաշրջանում առաջին անգամ չէր, որ COVID-19-ի դեպքերի վիճակագրության հիման վրա կառուցված գծապատկերները քննադատվում և քննարկվում էին։

Ապրիլի 3-ին երկու լրատվամիջոց՝ «Ազատություն ռադիոկայանն» ու «Հայկական Ժամանակը» հրապարակեցին շփոթեցնող գծապատկերներ։

«Հայկական Ժամանակ»-ի օգտագործած գծապատկերը

«Հայկական Ժամանակ»-ի գծապատկերում կարելի է տեսնել, որ Հայաստանում  COVID-19-ի դեպքերը ներկայացված են ըստ շաբաթների, հետո երկու օրվա կտրվածքով, հետո արդեն օրերով։

Օրերով խմբավորված գծապատկերը ստեղծում է սխալ տպավորություն, թե իբրև կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Հայաստանում աստիճանաբար նվազում են։ Այդ ժամանակահատվածում, սակայն,  իրականությունն այդպիսին չէր։

«Ազատություն ռադիոկայան»-ի օգտագործած գծապատկերը

Նույնանման գծապատկեր հրապարակած «Ազատություն ռադիոկայան»-ը հետագայում հեռացրեց այն՝ գրելով, որ չնայած տվյալների ճշգրիտ էին, սակայն մեթոդաբանությունը սխալ էր։

Այս գծապատկերների մասին առաջինը գրել էին Ֆեյսբուքի օգատատերերը՝ ապացուցելով, որ լսարանը խելացի է ու նկատում է վրիպակները։ Ու իհարկե, նման պատմությունը միշտ հաջող է ավարտվում, երբ խմբագրությունն ընդունում է, որ վրիպել է ու սխալների ուղղում է անում։

Ընդ որում՝ վրիպելը կարող է բնավ էլ չլինել միտումնավոր կամ վկայել նախատրամադրվածության մասին։ Պարզապես գրաֆիկներով աշխատելը ընկալվում է որպես ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի ցուցանիշ։

Տարօրինակ գծապատկերները աշխարհում շատ են։

Դրանց հետևել ցանկացողները կարող են այցելել, օրինակ Reddit-ի dataisugly  կամ data_irl «սենյակ»։ Կամ զվարճանալ՝ այցելելով հատուկ սխալ կառուցված ու անգամ ծիծաղելի գծապատկերներ ու ինֆոգրաֆիկաներ հավաքող բլոգ։

Գրագետ օգտագործել տվյալները

Եթե «Հետք»-ի քննադատած գծապատկերի դեպքում մենք գործ ունենք մասնագիտական բանավեճի հետ, ապա «Ազատություն ռադիոկայան»-ի ու «Հայկական Ժամանակ»-ի՝ ապրիլի 3-ին հրապարակված  գծապատկերների դեպքում կարող ենք խոսել Հայաստանում տվյալների հետ աշխատելու գրագիտության խնդիրների մասին։

Տվյալների լրագրության դասընթացներ անցած լրագրողները քիչ են, տվյալների լրագրության թիմ ունեցող խմբագրությունները՝ հազվադեպ։

Վիճակագրությամբ չխաբվելու լրագրողի հմտությունը մի բան է, որի մասին քիչ են խոսում Հայաստանի համալսարաններում։

Կառավարությունը սիրում է վիճակագրությամբ ներկայացնել մարդկանց արդյունավետ աշխատանքն ու տնտեսական աճը։

Այդպես էր 2018-ի ապրիլին, երբ Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ՀՀ երրորդ նախագահ ու ՀՀ վարչապետ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին տնտեսության զարգացման մասին գծապատկերն էին ցուցադրում։

Այդպես էր 2019-ին, երբ Հանրային հեռուստատեսությամբ կառավարության պատրաստած տեսանյութերն էին պտտվում՝ ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած տարին տնտեսական տեսակետից 2018-ի համեմատ արդյունավետ է եղել։

Խմբագրության գործի մաս է վիճակագրության վերաբերյալ բավարար ու անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մասնագետներ ունենալն ու վիճակագրությունը լսարանին ներկայացնելը առանց մանիպուլացնելու։

Կարելի է սկսել Դարել Հաֆի «Ինչպես խաբել վիճակագրությամբ» գիրքն ընթերցելով։ Մի քիչ ավելի բարդ է Չարլզ Ուիլանի «Մերկ վիճակագրություն» գիրքը։

Ու իհարկե, լրագրողն, օրինակ, ըստ տարիների կամ օրերի (ժամանակի մեջ) աճի տեմպը արագ հասկանալու համար Յություբում կարող է տարբեր լեզուներով բազմաթիվ տեսանյութ դիտել ու ինքնուրույն պատկերացում կազմել այդ մասին։

Իսկ ընդհանրապես արժե հիշել շվեդ մաթեմատիկոս Անդրեյս Դունկելսի ոսկե խոսքերը՝ «Վիճակագրությամբ խաբելը հեշտ է, բայց առանց դրա պատմություն պատմելը բարդ է»։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *