Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է երեք համակարգչային խաղ, որոնք կարող են օգտագործվել մեդիագրագիտության ուսուցման համար՝ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրներում։
«Հաղթի՛ր Մեդիամարտում և դարձի՛ր Մեդիամարդ»։
Այս խաղը նախատեսված է դպրոցական միջին և ավագ դասարանների աշակերտների համար և օգնում է սովորել մեդիագրագիտության հիմնական սկզբունքները, ծանոթացնում է մեդիայի պատմությանը, ներկայացնում մեդիայի տարբեր տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, լուրի կառուցվածքն ու լրատվության մեջ կիրառվող մանիպուլյացիաները, իսկ վերջում առաջարկում է գիտելիքը ստուգող հարցաշար։
«Մեդիամարտ» խաղը ՄՆԿ-ի մեդիագրագիտության դպրոցական ծրագրի մի մասն է, այն ստեղծվել է «Մեդիագրագիտություն» ուսուցչի ձեռնարկի թեմաների և նյութերի հիման վրա։
«Լիտերատուսի արկածները» մեդիագրագիտության ուսումնական խաղ է նախատեսված պատանիների համար, որ օգնում է զարգացնել տեղեկություններ գտնելու, դրանք վերլուծելու և ստուգելու, կեղծ ու հավաստի լուրերը տարբերելու հմտությունները, սովորեցնում է ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական միջավայրում: Խաղը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և մի քանի այլ լեզուներով։
«Ցանցառ»-ը ինտերակտիվ կրթական խաղ է, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները: Այն նախատեսված է մեծահասակների համար, բայց կարող է կիրառվել նաև ավագ դասարաններում, բուհերում։
??