Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
gradaranum_program_63

Eurasianet-ի լրագրող Անի Մեջլումյանը երկար տարիներ լուսաբանել է հայկական սպորտը։

Մայիսի 29-ին Բաքվում տեղի ունեցած Չելսի-Արսենալ ֆուտբոլային հանդիպումն ու Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը մեծ աղմուկ բարձրացրեցին՝ դառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու նաև Արցախի մասին միջազգային լրահոսի թեմաներից մեկը:

«Սա ՈՒԵՖԱ-ում տեղի ունեցած ամենաաղմկահարույց սկանդալներից է՝ ռասիզմի, դիսկրիմինացիայի տեսակետից: Բնականաբար, դա վատ PR էր Ադրբեջանի ու ՈՒԵՖԱ-ի համար, իսկ Հայաստանի համար՝ լավ: Բայց Հայաստանը բավականին պասիվ էր»,- ասում է Անին:

Եթե երկրպագուների շարքում էթնիկ հայեր էին, ապա նրանց վիզա չէր տրամադրվում: Եվ Անի Մեջլումյանի կարծիքով՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը կարող էր ավելի լավ օգտագործել իրավիճակը՝ շեշտադրելով մարդու իրավունքների ու ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումները:

Ֆուտբոլը դարձավ քաղաքականություն:

«Մարզադաշտը կիսադատարկ էր: Կարծում եմ՝ սա լավ դաս կլինի ՈՒԵՖԱ-ի համար, որը չաշխատեց այն գումարը, որի հույսը ուներ:»,- ասում է Անին:

Շատ լրատվամիջոցներ ու բլոգերներ հարց բարձրացրեցին, թե ինչու՞ է խաղը տեղի ունենում Բաքվում, և ի՞նչ կլինի, երբ ադրբեջանական Սոկար նավթային ընկերությունը շարունակի ֆինանսավորել խաղերը, իսկ հայկական թիմեր ու երկրպագուները հնարավորություն չունենան մասնակցելու:

Դարակում

Կանաչ փողոցի խուլիգանները Green Street Hooligans ֆիլմը դաժան պատմություն է ֆուտբոլի երկրպագուների մասին:

Այս անգլիական դրամայի կենտրոնում լրագրողն է, որը պատահականորեն հայտնվում ու ընկերանում է ֆուտբոլի ֆաների հետ, մասնակցում ծեծկռտուքների՝ հանուն հարազատ թիմի, դառնում ավելի ազատ ու քաջ ու հետո հասկանում… որ կորցնում է ավելի թանկ բան:

Ֆիլմում չեք գտնի խաղի ռոմանտիկ տեսարաններ, ֆուտբոլի շուրջ ծագող արյունալի կռիվները առօրյա են:

Գեղամ Վարդանյան