Անկախ Հայաստանում տեղեկատվական հոսքերը սահմանափակելու ձևերը պարբերաբար փոխվել են: Լրագրողներին որոշակի սահմաններում պահելու կամ լռեցնելու դեպքերը բազմաթիվ են: Սակայն ամենահայտնին ու քննարկվածը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր: Ապրիլի 2-ին կլրանա «Ա1+»-ի եթերազրկման 16-րդ տարին:
Ազատ, ոչ ազատ ու կիսով չափ ազատ մեդիայի մասին գրադարանում զրուցում ենք «Ա1+»-ի հիմնադիր ու նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ:
«Լրատվամիջոցներին լռեցնելու մեխանիզմները նախկինում կոպիտ էին, հիմա դա արվում է ավելի նուրբ: Օրինակ, մեդիային հնարավորություն չեն տալիս ինքնուրույն փող աշխատել»,- ասում է նա:
Եվ որպես դրա հետևանք՝ լրատվամիջոցը ընտելանում է «լեզուն կարճ պահել, փող ունեցողի ձեռքից կերակրվել ու հանգիստ ու խելոք աշխատել»:
«Ա1+»-ը, որը մնաց պատմության մեջ որպես խոսքի ազատության ճնշման ու արգելափակման օրինակ, հիմա այլ ալիքում կարճ եթերաժամանակ ունի: Մեսրոպ Մովսեսյանը դա համարում է քայլ, որն այս պահին օգնում է իր լրագրողական թիմին «տաք վիճակում մնալ»:
Գրադարանի դարակում
Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում շրջանառվում էր պատկեր, որը ներկայացվում էր որպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտե դպրոցական տարիներին արված համատեղ լուսանկար: Ցանցերի օգտատերերը լուսանկարն ուղեկցում էին դավադրության տեսության վարկածներով՝ աշխարհի առաջնորդները միասին սովորել են, միասին էլ կառավարում են:
Երեք ղեկավար կանանց դպրոցական տարիների համատեղ պատկերի կեղծ լինելու մասին շատ արագ հոդված հրապարակեց փաստերի ստուգման գործում մասնագիտացած Snopes.com կայքը: Լուսանկարում իրոք Անգելա Մերկելն է, սակայն մյուս երկուսը նրա այն ժամանակվա ընկերուհիներն են և ոչ թե Մեյն ու Գրիբաուսկայտեն:
Snopes.com-ը շատ հարմար է հատկապես դավադիր վարկածների, հայտնի մարդկանց հետ կապված լուսանկարների ու պնդումների վերաբերյալ արդեն ստուգված հոդվածներ կարդալու համար:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: