2021.03.27,

Պատկեր

Հսկան ու շինարարը

1932-ին «СССР на стройке» նկարազարդ հանդեսում լույս տեսավ «Հսկան ու շինարարը» ֆոտոշարքը։ Այն պատմում էր Խորհրդային Միության ամենախոշոր մետաղագործարանի` Մագնիտոգորսկի կառուցման, մասնավորապես՝ երիտասարդ շինարար Վիկտոր Կալմիկովի մասին:

Ֆոտոշարքը մեծ հաջողություն ունեցավ Խորհրդային Միությունում և դրանից դուրս, իսկ Կալմիկովը կարճ ժամանակում դարձավ երկրի ամենահայտնի շինարարը, որի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող օրինակ էին հազարավոր երիտասարդների համար:

«Հսկան ու շինարարը» ֆոտոշարքը թերևս ամենահաջող խորհրդային լուսանկարչական բեմադրությունն էր: Շարքի հեղինակները` Մաքս Ալպերտն ու Ալեքսանդր Սմոլյանը երկու շաբաթում մանրամասնորեն բեմադրել ու լուսանկարել էին հերոսի կյանքի վերջին տարիները. ժամանումը Մագնիտոգորսկի կայարան, աշխատանքը շինարարությունում, ուսումը, ամուսնության գրանցումը «ЗАГС»-ում, ճաշը նոր բնակարանում և այլն:

«Հսկան և շինարարը» շարքի էջերից, «СССР на стройке», 1932, հունվար

Հեղինակները նպատակ ունեին ներկայացնել առանձին աշխատավորի կայացումը Մագնիտոգորսկի շինարարության ֆոնին, նրա ճանապարհը հասարակ գյուղացուց մինչև դասակարգային գիտակցություն ունեցող, Աշխատանքային կարմի դրոշի շքանշանակիր կուսակցական գործիչ, որն ընտանիք է կազմել և ունի իր առանձին բնակարանը. իսկական, Խորհրդային «հաջողության պատմություն»:

«Հսկան և շինարարը» շարքի էջերից, «СССР на стройке», 1932, հունվար

Մինչդեռ իրականում ֆոտոշարքի հերոսի` Վիկտոր Կալմիկովի կյանքը ողբերգական ընթացք ունեցավ։ Նկարահանումից անմիջապես հետո նրա կարիերան վերելք ապրեց, սակայն մի քանի տարի անց նրան մեղադրեցին հակահեղափոխական, քայքայիչ գործունեության մեջ ու դատապարտեցին առավելագույն պատժի`գնդակահարության ունեցվածքի առգրավումով:

«Հսկան և շինարարը» շարքի էջերից, «СССР на стройке», 1932, հունվար

«СССР на стройке» ամսագիրը, որտեղ տպվել էր շարքը, նպատակ ուներ արտերկրում ներկայացնել Խորհրդային Միության կարևոր ձեռքբերումներն ու դրական «իմիջ» ձևավորել: Հանդեսը լույս էր տեսնում ոչ միայն ռուսերենով, այլև անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, հետագայում նաև իսպաներենով, իսկ դրա բաժանորդներից էին անվանի գրողներ Բերնարդ Շոուն, Հերբերտ Ուելսը և Ռոմեն Ռոլանը:

«СССР на стройке» հանդեսի շապիկներից

Այն զուտ քարոզչական հանդես էր`արված բարձր ստեղծագործական մակարդակով:

Հանդեսի առաջին խմբագիրը Մաքսիմ Գորկին էր, դրա ստեղծմանը մասնակցում էին ժամանակի ամենաառաջադեմ լուսանկարիչներն ու գրողները` Ալեքսանդր Ռոդչենկոն ու նրա կինը՝ Վարվարա Ստեպանովան, Էլ Լիսիցկին, Արկադի Շայխետը, Բորիս Իգնատովիչը և այլոք:

«СССР на стройке» հանդեսի շապիկներից

Հանդեսը ձևավորվում էր կոնստրուկտիվիստական ոճով. հաճախ կիրառվում էին ֆոտոկոլաժ, բացվող էջեր ու ներդիրներ, իսկ որոշ համարներ ունեին կոնցեպտուալ լուծումներ, օրինակ` ԱՆՏ-20 ինքնաթիռին նվիրված համարն ուներ փայլաթիթեղից տուփ, խորհրդային պարաշյուտիստներին նվիրված համարում կարելի էր թղթե, բացվող պարաշյուտ գտնել, իսկ 1934-ի համարներից մեկում իսկական ձայնասկավառակ կար:

«СССР на стройке» հանդեսի շապիկներից

«СССР на стройке» ամսագիրը դարձավ ամերիկյան նշանավոր «Life» հանդեսի և շատ այլ նկարազարդ հանդեսների նախատիպը:

«СССР на стройке» հանդեսի շապիկներից

Հանդեսի որոշ թվանշայնացված համարներ հասանելի են այս հղումով։ 1941-ի առաջին համարը նվիրված էր Խորհրդային Հայաստանի 20-ամյակին և հասանելի է այստեղ։ 

 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

A post shared by japaneseavantgardebooks (@japaneseavantgardebooks)

«Հսկան ու շինարարը» ֆոտոշարքի թողարկումը մեծ արձագանք ունեցավ, ինչին հետևեցին լայն քննարկումներ լուսանկարչական շրջանակներում։ Հեղինակներն ամենևին չէին թաքցնում ֆոտոշարքի բեմադրված լինելը և հետաքրքիր մանրամասներ էին ներկայացնում նկարահանման վերաբերյալ։ Հեղինակ Մաքս Ալպերտը քննարկումներից մեկի ժամանակ պատմում է․

«Հինգ թեկնածուներից առանձնացվեցին երկուսը՝ ընկերներ Կալմիկովը և Շայխուտդինովը։ Շայխուտդինովը շատ շահեկան ֆիգուր է ցուցադրության համար. նա աշխատանքի տեղում շատ առաջ քաշված нацмен է (ազգային փոքրամասնության ներկայացուցիչ) ․․․ Ի հակակշիռ նրան՝ Կալմիկովը եկել է շինհրապարակ լիովին հում: Եվ մենք կանգ առանք Կալմիկովի թեկնածության վրա»:

Այսինքն՝ հեղինակներն իսկական «քասթինգ» են արել՝ ընտրելով գլխավոր հերոսին համապատասխան պատրաստի սցենարի, որտեղ հերոսի պատմությունը հայտնի է բոլոր մանրամասնություններով։ Սակայն Ալպերտն այստեղ խնդիր չի տեսնում․ 

«Ենթադրենք, եթե արտասահմանում խոսեն այն մասին, թե դերասանի են զգեստափոխել և այլն, դա, իհարկե, սուտ կլինի, և յուրաքանչյուրը, ով կուզենա համոզվել, որ դա իսկապես Կալմիկովն է, կարող է հեշտությամբ դա անել. Կալմիկովը Մագնիտոգորսկի կենդանի շինարար է, նրա հասցեն հայտնի է»:

Ալպերտը պնդում է, որ թեև շարքը բեմադրված է, այն կեղծիք չի պարունակում։ Ընդհակառակը, ըստ իրեն, հենց բեմադրումն է թույլ տալիս ներկայացնել հերոսի կյանքի վերջին տարիների իրադարձությունները՝ փաստագրական ճշգրտությամբ։ Այսինքն՝ բեմադրումը ոչ թե կեղծարարություն է, այլ անհրաժեշտ միջոց, որն արդարացված է նպատակով․

«․․․ Ես համարում եմ պահպանողական այն համոզմունքը, որ կարելի է ցույց տալ միայն այն, ինչ տեսնում ես և դրանից հեռու գնալ ոչ մի դեպքում չի կարելի: Դա ճիշտ չէ: Կարծում եմ, որ մեր հսկայական սոցիալիստական շինարարության դեպքում, միայն իմ կիրառած՝ փաստի վերականգնման մեթոդը կարող է ցույց տալ մեր բոլոր նվաճումները»:

Հեղինակները ստանում են քննարկման մասնակիցների մեծամասնության աջակցությունը։ Իսկ Լեոնիդ Մեժերիչերը՝ «Пролетарское фото» հանդեսի գլխավոր խմբագիրը բերում է եզրափակող փաստարկ․

«Եթե ինչ-որ մեկին շփոթեցնում է, որ Կալմիկովին բերել են կայարան և խնդրել են հագնել տրեխներ ․․․ նստեցրել են վագոնի դարակին ․․․ ապա ես խոստանում եմ ձեզ՝ մարդիկ, որոնք կարդացել են և կկարդան «СССР на стройке»-ի այդ համարը, իրենց քաղաքական աճում կշահեն, այլ ոչ թե կկորցնեն»:

Սակայն մի պարզ իրողություն մատնում է ֆոտոշարքի բեմադրված լինելը, ինչը, կարծես, վրիպել է հեղինակների աչքից․ Կալմիկովի կյանքի տարբեր դրվագները ներկայացնող նկարներում նրա մատը վիրակապված է, ինչը վկայում է, որ նկարահանումն արվել է ոչ թե տարիների, այլ օրերի ընթացքում։

Վիկտոր Կալմիկովի վիրակապված մատը ֆոտոշարքի երեք տարբեր նկարում

Քննարկման մասնակիցները վշտանում են՝ տեսնելով ֆոտոշարքի տարիների ժամանակամիջոցով բաժանված նկարներում վիրակապված մատը, որը, թերևս, ֆոտոշարքի միակ իրական դետալն է։

«Հսկան ու շինարարը» ֆոտոշարքի շուրջ քննարկումների արձանագրությունները հասանելի են այս հղումով, իսկ Ալպերտի հոդվածի թարգմանությունը կարող եք կարդալ այստեղ։

Իհարկե, այս քննարկումները հիմա կարող են տարօրինակ, նույնիսկ անհեթեթ թվալ, սակայն ժամանակի համար դրանք վճռորոշ նշանակություն ունեին։ Ֆոտոշարքի թողարկման նույն տարում՝ 1932-ի ապրիլի 23-ին, արգելվեցին բոլոր ստեղծագործական խմբակները և հիմնադրվեցին խորհրդային ստեղծագործական միությունները (գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և այլն), որոնք մինչ օրս շարունակում են գործել։ Հենց այդ ստեղծագործական միությունները պետք է իրականացնեին ստալինյան քաղաքականությունը արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտներում։

Հետագայում հենց Ալպերտի և նրա աջակիցների մոտեցումները դարձան պետական քարոզչության հիմք, որի համար փաստն ու մեծ հաշվով իրականությունն առհասարակ, առաջնային չէին։ 

Ավելին, հաճախ հենց փաստերն էին «խանգարում» Խորհրդային Միության ձեռքերումները կամ դրա առաջնորդներին դրականորեն ներկայացնելուն։ Արդյունքում՝ ամբողջական մարդիկ էին անհետանում նկարներից և ջնջվում խորհրդային պատմության էջերից՝ հայտնվելով ստալինյան տխրահռչակ ցանկերում, ինչպես նույն Վիկտոր Կալմիկովը։

1957-ին՝ դատավճռից քսան տարի անց, Կալմիկովն արդարացվեց և հետմահու վերականգնվեց կուսակցության շարքերում։ Ավելի ուշ նրա անունով անվանակոչվեց Մագնիտոգորսկի փողոցներից մեկը։

Վիկտոր Կալմիկովը, «Пролетарское фото», 1932, օգոստոս-սեպտեմբեր

Այսօր փաստագրական և լրատվական լուսանկարչությունը սկզբունքորեն չի ընդունում որևէ բեմադրում, անգամ ամենափոքր միջամտությունը մեծագույն լուսանկարչական «մեղք» է համարվում։ Միջազգային մրցույթները և գործակալությունները բավական խիստ քաղաքականություն ունեն այս հարցի վերաբերյալ և կարող են մերժել նույնիսկ չափազանց մշակված լուսանկարը։

Չնայած դրան, բեմադրությունը կարևոր տեղ է զբաղեցնում արվեստային լուսանկարչության մեջ։ Այնպիսի նշանավոր լուսանկարիչներ, ինչպիսիք են Ջեֆ Ուոլը, Թոմաս Դեմանդը, Գրեգըրի Քրյուդսընը և այլոք, աշխատում են կինոռեժիսորների նման՝ մանրակրկիտ կերպով նախագծելով ու բեմադրելով ամեն առանձին տեսարանը՝ ճիշտ ինչպես բեմադրվել է «Հսկան ու շինարարը» ֆոտոշարքը։

Այստեղ կարող եք ընթերցել «Հսկան ու շինարարը» շարքի մասին Անդրեյ Ֆոմենկոյի հոդվածի թարգմանությունը «Монтаж, фактография, эпос» (2007) գրքից։

Վահե Բուդումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *