Երևանը շարժման մեջ է, քաղաքի տարբեր հատվածներում սկսվող ու բոլորովին այլ հատվածներում զարգացող երթերն ու անհնազանդության ակցիաները երևանցիներին պահում են միշտ զգաստ ու պատրաստ վիճակում:
Այս պայմաններում լրագրողները ֆիզիկապես պարզապես չեն հասցնում լինել այն բոլոր կետերում, որտեղ կարելի է ոչ միայն առնվազն որոշ ժամանակ ստատիկ դիրքով ապահովել ուղիղ հեռարձակումը, այլև պարզապես լինել որպես հպանցիկ եղանակով արձանագրողներ:
Ցրված ու արագ փոփոխվող դեպքի վայրերը լրջորեն վերափոխեցին մեդիա դաշտը, որտեղ լրագրողները այլևս չունեն ակտուալ ինֆորմացիա փոխանցելու մենաշնորհ:
Այն, ինչը ակտուալ է կոնկրետ վայրում ու կոնկրետ ժամանակահատվածում, մի քանի րոպե հետո տեղաշարժվում է դեպի քաղաքի մյուս փողոցը:
Կամ էլ՝ բռնկվում է ու տևում միաժամանակ և զուգահեռաբար մի քանի վայրերում:
Տեսածն արձանագրելու ու տեսածին արձագանքելու դերակատարումը արդեն ոչ միայն լրագրողներինն է, այլև յուրաքանչյուր մարդու, որը գտնվում է «հիմա և այստեղ» կոչված կետում ու դառնում է որևէ միջադեպի վկա:
Բնականաբար սմարթֆոն ունեն գրեթե բոլորը, բնականաբար շատերն ունեն նաև ինտերնետ կապ, բնականաբար բոլորն ունեն ցանկություն՝ օգտակար լինելու:
Եվ այդ եռամիասնության շնորհիվ բոլորը նկարահանում են ու արագ տարածում իրենց նյութերը:
Ընդ որում՝ այնքան ժամանակ, որքան կհերիքի սմարթֆոնի լիցքը:
Այս իրավիճակը կարելի է անվանել «զանգվածային հեռարձակում», և այն ոչ մի կապ չունի զանգվածային լրատվամիջոցների հետ:
Սա նոր հնարավորություն է լրատվամիջոցների համար, որոնք «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիաների ժամանակ արդեն իսկ աշխատում են գերլարված, շուրջօրյա ռեժիմով ու պիտի հաշվի առնեն ոչ միայն սեփական ռեսուրսները, այլև այն ամենը, ինչը կարող է առաջարկել հեռարձակող քաղաքը:
Սա է պահանջում կետային դեպքերի տրամաբանությունը: Երբ կարևոր կետ չկա, կարևոր են տարբեր կետերը:
Այդ կետերին արձագանքելը չի էլ կարելի համարել քաղաքացիական լրագրություն, քանի որ պարզապես լրագրություն չէ: Ավելի շուտ՝ քաղաքացիական պարտք ու նաև հաճույք է:
Միջադեպերի վկա լինելը և այդ մասին տեղեկացնելը իրոք հաճելի պարտականություն է, նույնիսկ եթե վկա ես բռնության ու անարդարության դրսևորումների, քանի որ գիտես, որ քո արածը պետք է:
Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի, Գագիկ Աղբալյանի, Անահիտ Դանիելյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: