Դատավարությունը Բաքվի զինվորական դատարանում։ Լուսանկարը՝ Ազերթաջի

Այս տարվա հունվարի 17-ից Հայաստանում շատերը սկսեցին հետևել ադրբեջանական Azertag-ին։ Դա միակ լրատվամիջոցն է, որը «լուսաբանում է» հայերի դատը Բաքվի զինվորական դատարանում։ Նրանից ենք անցած տասը ամիսներին տեղեկացել, թե ինչ է կատարվում նիստերի ընթացքում՝ լավ իմանալով, որ «Ազերթաջը» ցույց է տալիս այն և այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։  

Հայկական լրատվամիջոցները «Ազերթաջի» հրապարակումները ներկայացնում են թարգմանաբար՝ նշելով, որ և՛ դատավարությունը, և՛ առաջադրված մեղադրանքները շինծու են։ Աննախադեպ իրավիճակ է՝ հրապարակել նյութեր՝ իմանալով, որ դրանց բովանդակությունը պայմանավորված է բացառապես գերեվարված մեր հայրենակիցներին դատող ադրբեջանական կողմի ցանկությամբ,  չի համապատասխանում իրականությանը, փաստերը խեղաթյուրված են։ Բայց որքան էլ իրավիճակը ծանր ու անսովոր է, այդ նյութերը գերիների գոյության փաստը հանրային հիշողության մեջ պահելու, չմոռանալու միակ հնարավորությունն են։  

Պատժաչափերը հայտնի են 

Գերեվարված  15 հայերի նկարները՝ հունվարի 17-ի առաջին նիստից և վերջին նկարները՝ նոյեմբերի 13–ի նիստից, հանրային հարթակներում նույն ցնցող ազդեցությունն ունեցան։ Առաջին նիստի լուսանկարներին տագնապով ու անհանգստությամբ էինք սպասում, բայց մի քանի նիստ հետո դրանք արդեն «սովորական» դարձան՝ արժանանալով ավելի պակաս ուշադրության։

Խաչմերուկ

Նոյեմբերի 13-ի տեղեկությունը՝ գերիների՝ առաջարկվող պատժաչափերի վերաբերյալ, նորից հիշեցրեց Բաքվի բանտում հայրենակից ունենալու  մասին։ Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները առաջարկել են ցմահ ազատազրկում Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ  Բաբայանի, վերջին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի համար։  

20 տարի ազատազրկում՝ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, և Արցախի քաղաքացի Մադաթ Բաբայանի դեպքում․ քանի որ նրանք 65 տարեկան են դարձել մինչև դատարանի վերջնական որոշման, այսինքն՝ դատավճռի հրապարակումը։  

Մելիքսեթ Փաշայանի համար առաջարկվել է ազատազրկում՝ 20, Դավիթ Ալավերդյանին՝ 18, Գարիկ Մարտիրոսյանին՝ 19, Լևոն Բալայանին՝ 17, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին և Գուրգեն Ստեփանյանին՝ 16 տարով։  

Դատական հաջորդ նիստը անցկացվելու է նոյեմբերի 27-ին։ 

Կա տունդարձի տարբերակ՝ առայժ տեսական 

Պատժաչափերն արդեն հրապարակված են, ինչը, սակայն, չի նշանակում, թե հայ գերիների համար փակված են տունդարձի բոլոր հնարավորությունները։  

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը 1in.am եթերում նշում է, որ դա հնարավոր է, բայց ոչ դատական գործընթացների միջոցով․ կարող է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում հայտարարել՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված բացառիկ իրավունքից։ «Գուցե դա արվի երկար ժամանակ անց՝ միջազգային ճնշման կամ բանակցային պայմանավորվածության արդյունքում, բայց մեխանիզմ միշտ կա, ինչպես, եղավ, օրինակ Ռամիլ Սաֆարովի պարագայում»,- ասում է մասնագետը։ Նա նաև նկատում է, որ դա Ադրբեջանը կանի հայկական կողմի զիջումների դիմաց։  

Բաքվում ընթացող դատավարության և դատվող հայ գերիների խնդիրը լրատվամիջոցներում քննարկվում է առավելապես իրավական տեսանկյունից։ Քաղաքական համատեքստում քննարկման առարկա է դառնում իշխանության/պետության քայլերը՝ առայժմ չերևացող, նրանց վերադարձին հասնելու ուղղությամբ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին պարբերաբար հիշեցնում է, որ խնդրի վրա աշխատում են, բայց ոչինչ ասել չի կարող՝ խիստ զգայուն թեմա է։  

Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում Փաշինյանը խոսելով գերիների խնդրի շուրջ՝ նրանց համար նոր կապակցություն գործածեց՝ «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձ» 

Բաքվում ընթացող դատավարության 10 ամիսների ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակտիվացնում էին գերիների վերադարձի, նրանց վիճակի շուրջ խոսակցությունները։  

Օգոստոսի 8–ին նախաստորագրվեց Խաղաղության պայմանագիրը, բայց առանց գերիների վերադարձի հնարավորության։ Սեպտեմբերի 19-ին Բաքու մեկնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը, ու ըստ մամուլի՝ գերիների հարազատները հույս ունեին, թե նրա հետ նաև գերիներ կվերադառնան։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Բաքվում։