Սա իմ նամակն է ապագա երեխայիս, որը գրել էի շրջափակման 8-րդ ամսում և որն ուզում եմ վիճակագրությունից առաջ կարդաք։
«Բարև, փոքրիկս։ Կներես, որ ուշ պիտի ծնվես։ Գիտե՞ս, քո մասին առաջին անգամ մտածեցի 2020-ի պատերազմից հետո. զոհված քեռուդ աճյունի մոտ խոստացա, որ կունենամ բալիկ` իր անունով։ Բայց սուգս` միախառնված հետպատերազմյան քաոսին, ինձ հետ էր պահում։ Մշուշոտ ապագան վախեցնում էր. և որոշեցի մի՜ փոքր էլ սպասել։ Այնքան երկար ձգվեց այդ «մի փոքրը», որ սկսվեց այս հյուծիչ շրջափակումը…
Հիմա բոլոր այն մայրերը, որ ինձնից ավելի հանդուգն գտնվեցին և լույս աշխարհ բերեցին իրենց բալիկներին, կաթնախառնուրդ չեն գտնում, որ սովի ճիրաններից փրկեն իրենց ձագուկներին։ Ավագ եղբայրդ, որ անդադար երազում է քո լույս աշխարհ գալու մասին, սնվում է աղքատիկ սննդակարգով, և ես չգիտեմ` ինչ պիտի անեի, եթե դու ևս ծնված լինեիր…
Իմ ապագա փոքրիկ, ես քեզ շատ եմ սպասում և իմ սպասման մեջ մենակ չեմ։ Հազարավոր քեզ պես չծնված բալիկների ծնողներ հույսով սպասում են այս ցեղասպանության կանխմանը, որ արարեն ձեզ։
Կներես, փոքրի՜կս, որ այսքան տխուր նամակ եմ գրում քեզ։ Սա ավելի շատ արդարանալու ճիգ է քո և ինքս իմ առաջ` ուշանալուդ համար, ուշացնելուս համար… Իմացի՛ր, քեզ անպայման կունենամ հենց այս դժոխքն ավարտվի»։
Քանի որ դժոխքն ավարտվելու միտում չուներ, հակառակը` եղավ ավելի սարսափելին` Արցախի ամբողջական էթնիկ զտումը, ես շարունակում եմ երազել երկրորդ երեխա ունենալու մասին։ Երազանքս անհամատեղելի է Երևանի ծայրամասերից մեկում ամսական 300 հազար դրամ տան վարձի հետ, ուստի շարունակում եմ երազելով բավարարվել…
Այնուամենայիվ նամակիս չծնված երեխան գուցե մի օր կծնվի` ի տարբերություն բլոկադայի ժամանակ 23-ամյա Անիի 6 ամսականում մահացած պտղի: Կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, բայց քանի որ վառելիք չկար, մինչեւ Ստեփանակերտից շտապօգնության մեքենան կհասներ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ, որտեղ ապրում էր Անին, արդեն ուշ էր եղել. կինը արյունահոսել էր, արդյունքում` կորցրել երեխային (Իմ գործընկեր Արմինե Պետրոսյանի ռեպորտաժը կնոջ մասին)։
Շրջափակման օրերին վիժումների թիվն օրեցօր ավելանում էր, ծննդաբերություններինը` նվազում։ Արցախի Առողջապահության նախարարության 2023թ. հուլիսի վերջին հրապարակած տվյալներով` վիժումների քանակը նախորդ տարվա համեմատ մինչև 12 շաբաթական հղիության պարագայում ավելացել էր 78%-ով, իսկ բժշկական ցուցումով ընդհատումների թիվը 12 շաբաթականից բարձր հղիության պարագայում` 73%-ով։
Կանայք հոգեբանական ճնշվածության, թերսնուցման, դեղորայքի բացակայության և բժշկական պատշաճ հետազոտությունների անհնարինության պատճառով կորցնում էին դեռ չծնված երեխաներին։ Իսկ ինձ պես հղիություն պլանավորող կանայք պարզապես հետաձգում էին պլանավորումը` նպաստելով ծնելիության նվազման տխուր վիճակագրությանը…
Շրջափակման ամենահյուծիչ փուլում` ամռանը, հղիները ստիպված էին ժամերով քայլել արևի տապին ծննդատուն հասնելու և հերթական ստուգումն իրականացնելու համար, որն ավելի շատ «հեքիմության» էր նման, քան պատշաճ բուժօգնության` բացակայող դեղորայքի, հետազոտական նյութերի ու պարագաների պատճառով:
Այդ ծանր շրջանում ծննդատան բժիշկները ավելի շատ «տատմեր» էին հիշեցնում, քանի որ ստիպված էին աշխատել ախտահանական նյութերի խիստ սղության պայմաններում, որը հարցականի տակ էր դնում նրանց և սպասարկվող հղիների ու հատկապես ծննդկանների առողջությունը` հնարավոր վարակների տարածման բարձր ռիսկի պատճառով (իմ գործընկեր Նինա Հայրապետյանի 2023թ. հուլիսի 20-ին արված հարցազրույցը Ստեփանակերտի ծննդատան տնօրենի հետ մանրամասն պատմում է այդ մասին):
Համացանցում լիքն են նաև այդ օրերի ուշաթափության տեսանյութերն Արցախից, որոնց մեծ մասի «հերոսները» հենց հղիներն էին։
Մինչ հղիները վիժում էին մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ` փակ միջանցքի մյուս կողմում ցանկացած դեղատան առկա դեղերի բացակայությունից, իսկ կաթնախառնուրդով սնվող նորածինների մայրերը ատամներն էին կռճտացնում սոված երեխայի լացի ձայնից, Արցախում մի քանի անգամ երկնային մանանայի պես ռուսական ուղղաթիռներից բլոկներով ծխախոտ թափվեց ու պետական մակարդակով տղամարդկանց ծխախոտ բաժանվեց, թեպետ կարելի էր թափել կաթնախառնուրդ և դեղորայք: Չծնված երեխաների հայրերը մեկական տուփ ծխախոտի մեջ երևի կորցրած երեխայի վիշտն էին ամոքում…
Արցախում չծնված երեխաների ծնողները բռնատեղահանումից հետո ևս դժվարանում են հղիություն պլանավորել` ֆինանսական սղության, կացարանի բացակայության և անորոշ ապագայի պատճառով։
Տաթևիկ Խաչատրյան
Շարքի նախորդ հոդվածները՝
Վատ լրագրողը` սոցիալական մեդիայի լավ համակարգող
Վատ լրագրողի պատերազմական օրագրից. «զոհվածների շենքը»
Վատ լրագրողի պատերազմական օրագրից․ չմիանալով մահվան կուլտին
Վատ լրագրողի պատերազմական օրագրից
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: