2023.12.19,

Խաչմերուկ

Վատ լրագրողի պատերազմական օրագրից. «զոհվածների շենքը»

Արցախի մեր շենքը, որտեղ մեծացել էի, դեռ ոչ մի տաքսիստ հասցեով տեղը բերած չկար։ Բոլորն այն գիտեին` որպես «զոհվածների շենք»։ Երբ սկսեցինք բջջային հավելվածներով տաքսի պատվիրել, այդ ցավեցնող արտահայտությունը լսելու հավանականությունը մի 30 տոկոսով նվազեց։ 

Երեք տարեկան էի, երբ ընտանիքս Ասկերանի շրջանի Շոշ գյուղից տեղափոխվեց մայրաքաղաք Ստեփանակերտ, ու սկսեցինք ապրել այդ շենքում, որտեղ բնակարաններից ընդամենը մի երկուսում պապաներ կային, որոնցից մեկն էլ մերն էր։ Բայց դա էլ երկար չտևեց. հազիվ 4 տարի, ու մենք կորցրեցինք հայրիկիս: Յոթ տարեկան էի այդ ժամանակ… 

Չգիտեմ, գուցե, դժգույն բառը հենց մեր շենքի համար էր ստեղծված, թեև պատերը ներկված էին վարդագույնով։  

Հիշում եմ՝ զինվորական հայրիկիս կորցնելուց հետո շենքի երեխաները, որ մինչ այդ նեղացնում էին մեզ, և նրանց մամաները, որ առանձնապես չէին սիրում մեզ, փոխվեցին, ավելի լավ սկսեցին վերաբերվել։ Շատ ավելի լավ: Մենք այլևս հավասարը հավասարի էինք, մենք նույնպես իրենց պես որբ էինք, մեր մաման նույնպես իրենց մամաների պես այրիացավ։  

Շենքի երեխաներիս համար լավագույն միջավայրը մեր սեփական բակն էր, որտեղ բոլորս իրար նման էինք` անհայր, ու մեզ մենակ չէինք զգում և այնքան որբ չէինք զգում, ինչպես դպրոցում, որտեղ մյուսների պապաներին էինք տեսնում ու մեր պապայի կարոտից խեղճանում…  

Ինչպես Արցախյան հայտնի ասացվածքն է ասում՝ «Մենակ քարեն կուճիրը չի մըծանում» (Միայն քարի փոքրն է, որ չի մեծանում). զոհվածների երեխաները մեծացան: Շատերս ամուսնացանք, բալիկներ ունեցանք ու ժամանակի հետ «զոհվածների շենքում» նորից պապաներ եղան, որոնց կանանց համար սիրունանալու իմաստ կար: Նրանք շենքի ավելի տարիքով կանանցից` սպիտակած մազերով մեր մամաներից, շատ էին տարբերվում, միշտ սև չէին հագնում, շպարվում էին,  մազերն էին ներկում, մռայլ դեմք ու կյանք չունեին և, փառք Աստծո։ Բայց, դա մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ն էր…  

Մեր շենքի բախտն էլի չբերեց։ Շենքը չորս մուտք ուներ, չորսով էլ մտավ սուգ։ Ընդհանուր վեց զոհ ունեցանք շենքում, այդ թվում՝ հարազատ եղբայրս…  Շենքի տղաներից մեկն էլ՝ 18-ամյա Ալյոշկան, դարձավ «անհայտ կորած»։ Մեր շենքի միակ բնակարանը, որտեղ ամիսներ շարունակ դեռ հույսի նշույլներ էին առկայծում, նրանցն էր։ Ալյոշա ամուսնուն կորցրած Նաիրա տատը պատրաստ չէր կորցնել նաև Ալյոշա թոռանը, ում առանձնահատուկ գորովանքով էր մեծացրել, իր մեջ ունեցած սերը, որ չէր հասցրել տալ ամուսնուն, մյուս թոռներից ավելի շատ Ալյոշկային էր տվել, հետո ուղարկել բանակ և կորցրել հետքը պատերազմի թոհուբոհում…  

Ալյոշկան չեկավ, նրա մարմինը բերեցին ամիսներ անց, և «զոհվածների շենքում» մարեց հույսի վերջին շողը։ Մեր շենքն առաջվա պես սազական դարձավ իր «կոչմանը», անգամ վարդագույն ներկն էր դժգունել՝ բնակիչների պես։  

44-օրյա պատերազմին մեր շենքից զոհվեցին դեռ չծնված երեխաների հայրեր, իսկ բակում սկսեցին էլի վազվզել երեխաներ, որոնց պատերազմը դարձրել էր զոհվածների երեխաներ, ինչպես 90-ականներին՝ մեզ…  

Եվ որովհետև պատերազմն անողոք է, եղավ նաև 2023-ի սեպտեմբերի 19-ը… 

Հիմա «զոհվածների շենքում» և Արցախում, առհասարակ, ռուս ու ադրբեջանական զինվորականներ են միայն մեկումեջ «վազվզում», և մեկ էլ մենք` ամբողջ կյանքն այնտեղ տառապանքի ու պատերազմների մեջ ապրածներս` մտքերով, երազներում և ադրբեջանական տելեգրամյան ալիքների տխուր, չափազանց տխուր ու կեղեքող տեսանյութերով…  

Արցախում տեղ֊-տեղ կային «զոհվածների շենքեր», իսկ այսօր` զոհված գյուղեր ու քաղաքներ… 

Տաթևիկ Խաչատրյան 

Շարքի նախորդ հոդվածները՝  
Վատ լրագրողի պատերազմական օրագրից․ չմիանալով մահվան կուլտին
Վատ լրագրողի պատերազմական օրագրից 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *