2022.06.08,

Խաչմերուկ

«Նկարահանելով պատերազմը որպես քաոս, կրկնապատկում ենք քաոսը»

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Վարդան Հովհաննիսյանը վավերագրող ռեժիսոր է, պրոդյուսեր, օպերատոր։ Նա 1993-ին հիմնադրել է Հայաստում առաջին անկախ վավերագրական ֆիլմերի ստուդիան՝ Bars Media-ն։ Համագործակցելով CBS, BBC, ARTE և այլ միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ՝ Վարդան Հովհաննիսյանը ֆիլմեր ու ռեպորտաժներ է նկարահանել Խորհրդային Միության տարածքում տարբեր թեժ կետերում և Արցախյան երկու պատերազմներում։ Եզակի ու ծանր են նաև պատերազմների ժամանակ նրա գերության երկու փորձառությունները։

Այժմ, ինչպես ինքն է ասում՝ ուղեղի նորմալ աշխատանքն ապահովելու և պատերազմներից կտրվելու համար, տարվա կեսն ապրում է Աֆրիկայի փոքրիկ կղզիներից մեկում։ Եվ վավերագրական ֆիլմեր է նկարահանում Ռուսաստանում, Աֆղանստանում, Պոլինեզիայում և այլուր։

Վարդան Հովհաննիսյանն իր կարիերայի մանրամասները պատմեց EVN մեդիա փառատոնի «Անձնական զրույցներ»-ում, որը վարում էր EVN Report-ի խմբագրական խորհրդի անդամ Սառա Անջարգոլյանը։

Կամ մեզ հետ խրամատում կամ խրամատում` առանց մեզ

Հիմա ես նայում եմ նոր սերնդին ու փորձում իրենցից նոր մոտեցումներ սովորել. աշխարհի մասին նրանց ընկալումները շատ տարբեր ու լայն են: Բայց ես մի սերնդից եմ, որն առաջնորդվում է «կամ մեզ հետ խրամատում ես, կամ խրամատում` առանց մեզ» սկզբունքով: Այս մոտեցումը բավականին սև ու սպիտակ է, իսկ ես չեմ ուզում իմ երեխաներն այդ անգույն աշխարհում ապրեն, ինձ համար կարևոր է, որ իրենք բոլոր գույներն ունենան: 

Ես ապրում եմ մի հասարակությունում ու երկրում, որը շրջապատված է պոտենցյալ պատերազմներով ու ցեղասպանություններով: Գուցե շատ արմատական է հնչում, բայց դրանից խուսափելն անհնար է: Հավասարակշռությունը փորձում եմ ապահովել աշխարհով մեկ ճամփորդելով ու տարբեր երկրներում` Աֆրիկայում, Աֆղանստանում, Բոտսվանայում, Պոլինեզիայում և այլուր նախագծեր իրականացնելով: 

Ըստ իս` ռեժիսորը չպետք է սահմանափակված լինի նեղ մտածողությամբ, բայց ես նեղմիտ եմ:

Աֆրիկա տեղափոխվելը

Այժմ ես տարվա կեսն անցկացնում եմ Աֆրիկայում: Գնալս հիմնականում պայմանավորված է պատերազմական շատ գործողություններում իմ ներգրավվածությամբ, այն ժամանակ, երբ ասում եմ` էլ չեմ ուզում խրամատներ նկարել, չեմ ուզում սար տեսնել, որովհետև մտածում եմ սարերում, այստեղ-այնտեղ սնայպեր է նստած․ պատերազմից հետո ամեն ինչ սկսում ես այլ կերպ ընկալել։ 

Ուզում եմ մի այնպիսի տեղում լինել, որտեղ ինձ չեն ուզում սպանել, ծեծել, ջարդել, կրակել։ 

Այդպիսով ես մի փոքր կղզի գտա, որտեղ ապրում է ընդամենը քսան հազար մարդ, կա վեց հազար էշ ու միայն երկու մեքենա: Շատ էի զարմացել: Ի դեպ, ես իմ դասարանում ամենավատ սովորող աշակերտն էի, ու ուսուցիչներն ինձ էշի գլուխ էին ասում: Ասես իմ եղբայրության հետ միանայի: Աֆրիկայում վայրի բնության մեջ ապրելը փոխհատուցում է այն, ինչով զբաղվում եմ, թույլ տալով ուղեղիս նորմալ աշխատել: 

Արցախյան երկու պատերազմների միջև նմանություններն ու տարբերությունները

Անգամ մինչև երկրորդ պատերազմի սկսելը ես գիտեի, որ որևէ նմանություններ չեն լինելու, որովհետև ամեն ինչ չափազանց ուրիշ էր: Քսան տարիների ընթացքում շատ բան է փոխվել` տեխնիկան, սարքավորումները, պատերազմական մարտավարությունը, անգամ պատերազմի հանդեպ մարդկանց արձագանք է ուրիշ: Մենք ենք ուրիշ: Առաջ մենք խրամատներում էինք քնում, և սովետական մարդկանց համար դա նորմալ էր: Նոր սերունդն ուրիշ է: Անգամ ես, այս պատերազմի ընթացքում մտածում էի` ինչ եմ անում այստեղ, բա իմ հարմարավետ տունը, ջակուզին․․․

Իմ սուբյեկտիվ կարծիքով, երբ պատերազմի ես գնում, անկախ նրանից, թե ով ես` զինվոր, բժիշկ, բուժքույր, թե լրագրող, պետք է հասկանաս՝ ինչու ես գնում։ Ես ապուշ չեմ, որն ուզում է գնալ պատերազմ ու մեռնել, բայց այնտեղ գնալուց դու պետք է պատրաստ լինես դրան։ Կարծում եմ, որ այսօր այնքան շատ վիրտուալ պատերազմների ենք մասնակցում, թվային պրոպագանդայի ու «հայրենասիրության» զոհ դառնում, որ պատրաստ չենք մեռնել [իրական պատերազմներում]։ Ահա թե ինչու մենք խրամատներից փախչող այդքան շատ մարդ ունենք։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, EVN Report-ի ֆեյսբուքյան էջից

Պատերազմի վատ ընթացքի գիտակցումը

Ես նախապատերազմական սինդրոմ ունեմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է նախորդ հաղթանակը, իմ հաղթանակը կամաց-կամաց դարձել պրոպագանդա: 

Մենք շատ հուշարձաններ ենք սարքել, քայլերթեր կազմակերպել, «Արդյոք ովքեր են»-ի պես երգեր գրել և այլն: 2008-ից նկատեցի, որ սխալ ճանապարհով ենք գնում, ու ես ինձ մեղավոր եմ զգում, որ հանրային կերպով ավելի բարձր չեմ ասել` ժողովուրդ, մենք ներքին օգտագործման շատ պրոպագանդա ենք անում, բայց փոխարենը պիտի պատրաստվենք կա´մ պատերազմի, կա´մ խաղաղության: 

Պետք է անկեղծ խոսեին հասարակության հետ, որը հիմա էլ տեղի չի ունենում: Որպես լրագրող և ռեժիսոր, մենք պետք է բարձրացնենք այս հարցերը: 

«Մարդկային պատմություն՝ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը համադրում է մարդկանց ապրումները պատերազմի ժամանակ և դրանից 12 տարի հետո:

Ինձ համար կարևոր է, որ պատերազմը միայն առաջնագծից չնկարեմ. շատ ավելի հետաքրքիր է իմանալ` ինչ է եղել ադ մարդկանց հետ պատերազմից տասներկու տարի անց: Օրինակ` վերջին պատերազմի ժամանակ նկարում էինք ֆոսֆորային հարձակումը: Մեզ հետ խրամատներում Լիտվայից մի հայ ռեժիսոր կար (Մարատ Սարգսյան) որին ասեցի` Մարատ ջան, առաջին օրը տակդ կանես, որովհետև կվախենաս, երկրորդ օրն ավելի սարսափելի կլինի, իսկ արդեն չորրորդ օրվանից կսկսի դուրդ գալ: 

Հինգերորդ օրն ասելու ես` Վարդան ջան, շատ ծիծաղելի է, գիտես, սիգարետը ֆոսֆորի բոմբից ենք կպցնում. ահա թե ինչպես է պատերազը փոխում մարդուն: 

Բայց նաև մենք նկարում ենք ֆոսֆորից այրվող խեղճ զինվորներին, իրենց [զինված] գործողություններն ու պլանավորում ենք նկարել իրենց կյանքը հիմա. թե ինչպես է մարմնի մեծ մասն այրված երիտասարդն ուժ գտնում` պատերազմից հետո դառնալ համակրելի տղամարդ, դառնալ կիթառահար կամ ծրագրավորող: 

Ինձ համար շատ ավելի մեծ հերոսություն է գոյատևել խաղաղության պայմաններում:

Օգնե՞լ, թե՞ նկարել

Ես պատկերացնում են, թե ինչերի միջով են անցնում մեր ռազմագերիները։ Դա բավական ծանր ու տհաճ փորձառություն է, բայց ես այն փորձում եմ շատ չդրամատիզացնել ինձ ու հասարակության համար։ Ինչպե՞ս կարող եմ նրանց օգնել։ Ցավոք, չգիտեմ։ 

Առաջին պատերազմի ժամանակ ես ներգրավված էի գերիների փոխանակման աշխատանքներում և մտածում էի՝ ինչու՞ եմ նրանց նկարում, մարդիկ զոհվում են, իսկ ես ուղղակի հետևու՞մ։ Գուցե կարող էի ինչ-որ ավելի կարևոր բան անել, օրինակ, սնունդ բերել կամ օգնել վիրավորներին բուժել։

Շատ հաճախ, առաջնագծում տեսախցիկով կագնած ես չեմ նկարել, փոխարենը փորձել եմ  ինչ-որ կառուցողական բան անել, որովհետև նկարահանելով պատերազմը որպես քաոս, կրկնապատկում ենք քաոսը։

Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ այդ [գերի] տղաներին հետ բերենք։ Դա մեծ ողբերգություն է։ Բայց պետք է պատրաստ լինես, որ նման բաներ կարող են լինել, պետք է դա բացատրես քո զորամասին։ Ռազմագերիների փոխանակման աշխատանքներից մեկի ժամանակ խարդախություն տեղի ունեցավ, ոնց որ ասեին՝ օքեյ, հիմա էլ դու ես գերի։ Այդպես էլ հայտնվեցի գերության մեջ։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *